Լրահոս
Օրվա լրահոսը

Մտքի հիգիենայի պակասը

Դեկտեմբեր 02,2014 10:14

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի եւ ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել եւ կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որեւէ ֆիլմ կամ որեւէ հաղորդում՝ նույնիսկ եթե դրանք գլուխգործոցներ չեն: Եթե մարդը (մեկն էլ՝ ես) հեռուստաէկրանից ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ է խոսում, ապա դուք տեսնում եք նրա դեմքը, միմիկան, հույզերը, եւ դա ավելի ջերմ, ավելի անմիջական շփում է, քան ֆեյսբուքյան «ստատուսները», «լայքերը» եւ մեկնաբանությունները:

Արեւմուտքում հոգեբանները դեռեւս 15-20 տարի առաջ էին խորհուրդ տալիս ընդհանրապես չհետեւել նորություններին: Միեւնույն է, ասում էին նրանք, եթե որեւէ լուրջ բան պատահի, դուք աշխատավայրում կամ վարսավիրանոցում կիմանաք բոլոր անհրաժեշտ մանրամասները: Իսկ լրագրողները, ըստ այդ մասնագետների, փող են աշխատում հիմնականում վատ, բացասական, մարդկանց վարկաբեկող լուրեր հաղորդելով, ինչը ձեր կյանքում որեւէ գործնական նշանակություն չունի, բայց անընդհատ ձեզ պահում է բացասական դաշտում: Դա ամբողջ աշխարհում է այդպես՝ վթարները, աղետները եւ զանազան հանցագործությունները որպես տեղեկատվական նյութ ավելի լավ են վաճառվում, քան, ասենք, այն փաստը, որ խուլ ու համր երեխան հանկարծ սկսել է խոսել:

Այդ հոգեբանները դեռ չգիտեին, որ գալու է համացանցի դարը, եւ մարդիկ ոչ միայն կլանելու են բացասական լրատվությունը, այլեւ ավելացնելու են իրենց անձնական դժգոհությունը, անբավարարվածությունը, մաղձը՝ վերածելով սեփական կյանքը կատարյալ դժոխքի, ավելի ու ավելի շատ խրվելով այդ վիրտուալ կյանքից կատարյալ կախվածության մեջ: Ընդ որում, մասնավորապես, Ֆեյսբուքի մեխանիզմն այնպիսին է, որ «լայք» տալով «մաղձոտ» հրապարակմանը՝ դուք ավելի շատ եք ստանում այդպիսի հրապարակումներ, հավանելով «շիզոֆրենիկ» գրառումը՝ դուք ավելացնում եք ձեր ժապավենում նման գրառումների թիվը:

Համացանցը, որը զուտ տեսականորեն գիտելիքների եւ ազատ խոսքի անսպառ շտեմարան է, կարող է կատարել ճիշտ հակառակ գործառույթը՝ դուք փնտրում եք այն, ինչ ցանկանում եք կարդալ, եւ վանում եք այն, ինչ չեք ցանկանում: Այդպիսով ձեր մոտ բթանում է քննադատաբար մտածելու ունակությունը, ընդհանրապես՝ մտածելու ձիրքը, որովհետեւ եթե դու քո մտածածը չես քննում, ապա դառնում ես ինչ-որ տող սովորած «ճշմարտությունները» կրկնող թութակ:

Նման ձեւով օգտագործվող սոցիալական ցանցերը ընտրության հնարավորությունն ընդլայնելու փոխարեն՝ սահմանափակում են այն: Որովհետեւ դարակից վերցնելով տվյալ գիրքը կամ նույնիսկ հեռուստաալիքներից ընտրելով տվյալ «կոճակը»՝ մենք ընտրություն ենք կատարում, իսկ Ֆեյսբուքի լրահոսը 3-4 վայրկյանը մեկ մեզ վրա «կրակում է» նոր տեղեկատվությամբ:

Ելքը ես տեսնում եմ, ինչպես եւ շատ այլ դեպքերում, կանոնակարգված լուսավորչական աշխատանքի մեջ: Դպրոցում սովորեցնում են, չէ՞, երեխաներին, որ ուտելուց առաջ պետք է լվացվել կամ՝ որ ծառերը չի կարելի փչացնել: Ճիշտ նույն ձեւով կարելի է մշակել նոր առարկա, որը ես խիստ պայմանականորեն կանվանեի «մտքի հիգիենա»: Այդ առարկան պետք է սովորեցնի՝ ինչպես խուսափել համացանցային կախվածությունից եւ օգուտ քաղել այնտեղ զետեղված տեղեկատվությունից: Թե չէ՝ մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. david says:

    Այն հզոր է բոլոր հերբիցիդներից և դեֆոլիանտներից և միակ անփոխարինելին է:Սպիտակ պատերազմի արքան է:Երկրները թող հզոր ռազմատեխնիկա որդեգրեն սև պատերազմներ սևագրեն, բայց վերջնական հաղթանակը սպիտակ արքայինն է:
    F11-ից ուժեղ ազդեցություն ունի գոյացողունի վրա և դարձյալ միակն է:Գրքերը այսօր ավելի շատ անցյալ են տեղափոխում, հաղորդումները միանպատակ են և վատ կազմակերպված, այսինքն քիչ բան են տալիս ծախսած ժամանակի համեմատ:Սպիտակ արքան միակն է, որ սանրում է մոլորակը:Պարզապես նրա հիմնական կոչումն է էականը:Լուրեր կարդալը խաչբառով զբաղվելու պես բան է:Պարզապես կարևորի կարևորելն է կարևոր:

  2. մարդ says:

    Համացանց մտնելը , նույն բանը չէ ինչպես մեքենա վարելը.
    Եթե նստում եք մեքենան, պտտում եք բանալին եվ միացնում շարժիչը առանց մեքենա վարել իմանալու , ապա հետեվանքները կարող են զարհուրելի լինել.
    Պրոբլեմն այն է որ «ինտերնետի» «բանալին» շատ ավելի հասանելի է քան մեքենայինը եվ չկան ճանապարհաին նշաններ « չկա նայեվ մլիցա».
    Ուր են տանում ճանապարները , մեքենաի դեպքում պարզ է , նայիր քարտեզին եվ կիմանաս. Իսկ «ինտերնետում » , դա եվս պարզ է «եթե կարաս կռահիր».
    Պետք է ոչ թե միայն հոյսը դնել երեխաներին սովորեցնելու վրա , այլ միաժամանակ պետք է վերահսկել որ սովորեցրածի կիրառումը երեխայի կողմից պետք է առաջնային լինի.

  3. Արսեն says:

    Անհրաժեշտություն եք զգում կտրվել՝ կտրվեք… ինչն է խանգարում?
    Օգնեմ, որ կտրվեք? ..))).. Եթե հոգնել եք՝ մրցավազքից դուրս եկեք, ինչու եք կառչել և բողոքում?… Որպես առաջին քայլ՝ դուրս եկեք ՁԵՐ վիրտուալ կյանքից։
    Լրագրողները մեզ տեղեկացնում են ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՂՒ ՈՆԵՑԱԾ վթարների և աղետների մասին, իսկ ԿՐՈՆԱԿԱՆ «գործիչները» միշտ գերադասում են խոսել ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ «բարի լուրերով» լցված աշխարհի մասին (կլինի երկնքում թե իրենց հնարած երկրում)։
    Գրվածից ուժեղ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՆՈՍՏԱԼԳԻԱՅՒ հոտ զգացվեց՝ միայն հաճելի լուրերով, երջանիկ և գոհ՝ իրենց կյանքը և աշխատանքը փառաբանող սովետական մարդկանց դեմքերով լցված, որոնք վստահ քայլում են դեպի «երջանիկ ապագա» ..)))..
    Բարի ճանապարհ!..)))..

  4. վահան says:

    Կարծում եմ մարդու հիմնական զբաղմունքը պետք է լինի ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ ու ամենօրյա ուտելիքն ապահովելու բնական խնդիրը, ինչպես բոլոր տեսակի կենդանիների համար է: Տեխնոլոգիաների ստեղծումն ու զարգացումը, մեծ մասշտաբով, տարել է հակաբնական շեղումների, այլասերման ու կենսական միջավայրի անդառնալի ոչնչացման: Ավտոմեքենա, TV, ատոմի ֆիզիկա, բիոքիմիա եւ այլն – սրանք իրականում բարիք թե չարիք են մարդու համար՝ որպես տեսակի, հազարամյակների կտրվածքով դիտարկված? Հիմա Ի-նետ, Այ-ֆոն ու գրավիչ, անխուսափելի այլ զբաղմունքներ, որոնք ի վիճակի են բազմապատկել ինքնաոչնչացման պրոցեսի արագությունը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031