Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանագոտում գործող «Բենտոնիտ» կոմբինատից գումարներ կբռնագանձվեն

Դեկտեմբեր 01,2014 22:46

Երեւանում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները եւ Հրազդանի «Արջերմեկ» ՍՊԸ-ն  գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2013թ. բենտոնիտ կոմբինատին ջերմամեկուսիչ նյութեր է մատակարարել եւ կատարել չորացնող թմբուկի մոնտաժային աշխատանքներ: «Արջերմեկը» իր մատուցած ծառայությունների համար «Բենտոնիտից» ստացել է 2 224 000 դրամ կանխավճար, իսկ հիմնական գումարը՝ ոչ: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջել է « Բենտոնիտից» բռնագանձել կատարած աշխատանքների դիմաց մնացած գումարը՝ 3 355 600 դրամ: Դատարանում գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը պնդել է, որ բենտոնիտ կոմբինատն արդեն պարտքը մարել է, եւ իրենք այլեւս պահանջ չունեն: Ըստ «Դատալեքս» կայքի՝ 2014թ. հոկտեմբերի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանը վերոհիշյալ պատճառով վճռել է «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի դեմ «Արջերմեկի» հայցը մերժել:

«Բելարթմի» ՍՊԸ-ն դատարան հայց ներկայացնելով՝ նշել է, որ 2012թ. մայիսի 15-ին այդ ընկերության եւ բենտոնիտ կոմբինատի միջեւ կնքվել է պայմանագիր, որով «Բելարթմի» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել մաքսային ձեւակերպումներ, ինչպես նաեւ բոլոր մաքսային պահեստներից եւ «Զվարթնոց Կարգո» բեռնային համալիրից ընդունել եւ առաքել պատվիրատուի բեռները՝ կատարելով ցանկացած տիպի վճարումներ: 2013թ. մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքը կազմել է 298 200 դրամ: 2014թ. նոյեմբերի 20-ին դատավոր Ա. Կուրեխյանը վճռել է «Բելարթմի» ՍՊԸ-ի հայցը բավարարել եւ հօգուտ այդ ընկերության « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ից բռնագանձել 298 200 դրամ՝ որպես պարտքի գումար եւ այդ գումարին 2014թ. հունվարի 1-ից մինչեւ այն վճարելու օրը հաշվարկված տոկոսները՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած դրույքաչափերի: Դատարանը վճռել է «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 5964 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար եւ 30 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

«Յումակս» ՍՊԸ-ն դատարան դիմելով, հայցի մեջ նշել է, որ ըստ կնքված պայմանագրի բենտոնիտ կոմբինատի համար 2013թ. կատարել է փոխադրման ծառայություններ եւ 2014թ. հունվարի 1-ի դրությամբ կոմբինատի պարտքը կազմել է 596 128 դրամ: Նոյեմբերի 20-ին դատավոր Ա. Կուրեխյանը վճռել է «Յումակս»  ՍՊԸ-ի հայցը բավարարել եւ հօգուտ այդ ընկերության « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ից բռնագանձել 596 128 դրամ՝ որպես պարտքի գումար եւ այդ գումարի 2014թ. ապրիլի 8-ից մինչեւ այն վճարելու օրը հաշվարկված տոկոսները՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած դրույքաչափերի: Դատարանը վճռել է « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 11 930 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար եւ 50 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Հայաստանի անկախանալուց հետո տրանսպորտային շրջափակման հետեւանքով Իջեւանի սահմանագոտում գործող կոմբինատը պարբերաբար անգործության է մատնվել , աշխատել  կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխությունները նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է: Մեր տվյալներով՝ կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031