Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ

Դեկտեմբեր 01,2014 20:43

Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարված կրթության որակի ապահովման շաբաթը:  Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր ՀՊՏՀ-ում  «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին երկրում որակի ապահովման մշակույթի կայացմանը մասնակցության  համար, նշեց, որ «Արարատ» ծրագիրը կարևոր գաղափար է հետապնդում: Թոփչյանն  ասաց, որ  բուհ-գործատու կապի ստեղծմամբ  հնարավոր կլինի հստակեցնել, թե ինչ հմտություններով մասնագետի կարիք ունի աշխատաշուկան, և բուհն ու դասախոսն ինչ  գիտելիքներ  պետք է փոխանցեն  ուսանողին, որպեսզի ունենանք պահանջված մասնագետ:

Ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՊՏՀ պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը,  Հայաստանում «Էրազմուս +» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ կարևորելով  Հայաստանում հերթական անգամ  կրթության որակի ապահովման շաբաթ իրականացնելու ՈԱԱԿ նախաձեռնությունը:

ՈԱԱԿ ներկայացուցիչ Մկրտիչ Այվազյանը ներկայացրեց   «Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը»-ի ստեղծման աշխատանքները:  Նա նշեց, հիմնական խնդիրն այն է, որ թույլ է կապը բուհի և աշխատաշուկայի միջև.  «Կան բուհեր, որոնք ուսումնասիրում են կարծիքներն իրենց շրջանավարտների վերաբերյալ, բայց այդ ուսումնասիրությունները չի կարելի համարել ամբողջական»:  Այվազյանի խոսքով`խնդիր է նաև այն, որ չկան հանրության կողմից ճանաչված մասնագիտական ասոցիացիաներ, որոնք իրենց  վրա աշխատաշուկայի պահանջները բուհերին ներկայացնելու պարտավորություն են վերցրել.  Գործատուների միությունը միավորում է որոշ քանակի գործատուների, բայց միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատաշուկայի բոլոր ոլորտների պահանջները»:

Նա տեղեկացրեց, որ «Արարատ»-ի շրջանակներում կստեղծվեն  ոլորտային հանձնաժողովներ, որոնք  կմշակեն  որակավորումների ոլորտային շրջանակներ: Այդպիսով կապահովվի կրթական ծրագրերի համապատասխանությունը հավատարմագրման չափանիշներին, աշխատաշուկայի և հանրության պահանջներին, ինչպես նաև ոլորտի զարգացումներին:

Քննարկումների ժամանակ հարց հնչեց, թե ինչ լուծում կա իրավիճակին, երբ գործատուն նեղ մասնագիտական հմտություններ է պահանջում, իսկ բուհն ուսանողին  տալիս է ընդհանուր գիտելիք: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ դեմ է գործատուի պահանջով մասնագիտացում ստեղծելուն, քանի որ  նման պարագայում, եթե գործատուն շրջանավարտների համար 100 տոկոսով զբաղվածություն չապահովի, ապա հետագայում նրանք  խնդիր կունենան աշխատանք գտնելիս: Նրա խոսքով`քանի որ շրջանավարտի կարիերայի ողջ ցիկլը կանխատեսել հնարավոր չէ, հարկավոր է առաջնորդվել ընդհանրական որակավորումներով:

«Համալսարանն այդքան նեղ չպետք է նայի շուկայի կողմը, բայց շուկան պետք է կողմնորոշի, թե ուսանողն ինչ ընդհանրական ու մասնագիտական կարողություններ պետք է ունենա»,- ասաց Թոփչյանը:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, թե մասնագիտական հմտությունների հարցում պետք է հաշվի առնել ոչ միայն խոշոր գործատուների , այլ անգամ փոքր ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կարծիքները: Նա ասաց, որ արդեն իսկ գործատուները հարցաշարեր են լրացրել`ներկայացնելով իրենց կարծիքը: Ըստ այդմ` գործատուների հիմնական պահանջն է հստակ տարանջատել բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերը:

Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի  2-ին տեղի կունենա  ALIGN, ARMENQA, TNE_QA ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների քննարկումը: Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները կանդրադառնան Որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանի գործընկերները կներկայացնեն ՀՀ-ում տրանսազգային կրթության ճանաչման խնդիրները: Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:

«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը,  Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը,  «Տեմպուս»-ի ARARAT,  ALIGN,  և TNE-QA ծրագրերը:

«Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են Հանրային ռադիոն, «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:

 

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

Հայկուհի Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031