ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հրապարակած վիճակագրական տվյալները հուսադրող չեն: 1988թ մինչև 2014թ դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) վարակի 1924 դեպք, որոնցից 305-ը՝ 2014թ. 11 ամիսների ընթացքում, ինչն արդեն իսկ գերազանցում է նախորդ բոլոր տարիների տարեկան դեպքերի թիվը:
Կոտայքի մարզում վարակի տարածվածության և հասարակության իրազեկվածության վերաբերյալ զրուցեցինք «Հրազդան» բժշկական կենտրոնի ընտանեկան բժիշկ, ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության և խորհրդատվության բաժնի խորհրդատու Արուս Բախշյանի հետ: Նրա հաղորդմամբ՝ 100 հետազոտվածներից 5-ն ունեցել են ՄԻԱՎ վարակ: Վարակի փոխանցման հիմնական ուղին ոչ բնական սեռական կապերն են:
Առավել խոցելի խմբերից են 1980թ-1985թ ծնված, նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձինք: Ինչ վերաբերում է խնդրին հասարակության ընդգրկվածությանը, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին տարիներին շատացել է այցելությունների քանակը: Դրանում մեծ դեր են խաղում ընտանիքի անդամների աջակցությունն ու ըմբռնումը: «Եղել է դեպք, երբ հիվանդը խուսափել է մարդկանց հետ շփումից և բժշկի է դիմել մոր հորդորով հիվանդության ուշ փուլում: Կարևոր է հասկանալ, որ նույնիսկ ՄԻԱՎ-ով կարելի է ապրել, բարելավել կյանքը»,- ասաց բժշկուհին:
Այդուհանդերձ հասարակության արմատացած վերաբերմունքը ՄԻԱՎ վարակակիրների հանդեպ չի փոխվել: Նման «պատնեշ» նկատվում է նույնիսկ ոլորտի մասնագետների շրջանում: «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ուսումնասիրությամբ և կանխարգելմամբ զբաղվող մասնագետները երբեմն խուսափում են ՄԻԱՎ վարակակիր անձի հետ շփումից` այն դեպքում, երբ հեպատիտ վիրուսն ավելի վտանգավոր է և կայուն, քան ՄԻԱՎ-ը», – ասաց Արուս Բախշյանը: Նրա կարծիքով՝ պատճառը վախն է, ինչը չիմացության արդյունք է:
Կարդացեք նաև
Խոսելով վարակի «պատուհանային» փուլի և դրա ճակատագրական հետևանքների մասին՝ բանախոսը կարևորեց բուժաշխատողի մասնագիտական զգոնությունը՝ ցանկացած հիվանդության դեպքում, լինի դա հեպատիտ, տուբերկուլյոզ թե թոքաբորբ, անհապաղ կատարել ՄԻԱՎ վարակի հետազոտություն: «Շատ դժվար է հայտնաբերել վարակը «պատուհանի» ժամանակահատվածում, որը տևում է 3- 6 ամիս: Դրա համար գոյություն ունեն արագացված թեսթեր, որոնք, սակայն, մեծ ծախսեր են պահանջում»:
Հանդիպման վերջում խորհրդատուն առաջարկեց ներմուծել հղիության 30-րդ շաբաթում կանխարգելիչ հետազոտության ծրագիրը: «Միգուցե դրա հիման վրա ապահով ծննդաբերության ելք գտնվի և հնարավոր լինի երեխային զերծ պահել վարակից»:
Հայտնենք, որ ՀՀ տարածքում ապրում է 17 ՄԻԱՎ վարակակիր երեխա:
Ամփոփելով իրազեկվածության թեման՝ նշենք, որ Հրազդանի տարածաշրջանում 15-25 տարիքային խմբի 10 հարցվածներից միայն 4-ը պատկերացում ունի ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների, զարգացման փուլերի և կանխարգելման միջոցների մասին: Իսկ տեղական դեղատներում վաճառվող պահպանակներից օգտվում են հիմնականում 25 տարեկանից բարձր անձինք:
Անի ԱՆՏՈՆՅԱՆ