Նոյեմբերի 27-28-ին Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի Արդյունաբերողների միության հետ համատեղ Վիլնյուսում կազմակերպել էին հայ-լիտվական գործարար համաժողով և հայկական արտադրանքի համտես: Համաժողովին մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող 15 ընկերությունների ներկայացուցիչներ Հայաստանից և 55 ընկերությունների ներկայացուցիչներ Լիտվայից: Ներկա էին նաև Լիտվայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Լիտվայի Արդյունաբերողների միության նախագահ Ռոբերտ Դարգիսը, Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Լիտվայի Սեյմասի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Դանգուտե Միկուտիենեն:
Իր խոսքում Ռոբերտ Դարգիսը նշեց, որ չնայած առևտրաշրջանառության փոքր ծավալներին` Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում և՛ տնտեսական, և՛ աշխարհագրական իմաստով` դիտարկելով Հայաստանը որպես նոր շուկա և հարթակ` Միջին Արևելքի երկրներ ներթափանցելու համար, ինչը հաստատում են տարբեր ընկերությունների միջև ստորագրված համագործակցության վերաբերյալ հուշագրերը: Լիտվայի արդյունաբերողների միության նախագահը, հաշվի առնելով ֆորումին ցուցաբերված երկկողմ հետաքրքրությունը, ցանկություն հայտնեց 2015թ. սկզբին այցելել Հայաստան:
Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը ցանկանում է ընդլայնել իր տնտեսական համագործակցության աշխարհագրությունը և դիտարկում է Լիտվան որպես դարպաս դեպի Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներ:
Դեսպան Այվազյանն, իր ելույթում անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, գոհունակությամբ նշեց, որ ինչպես վիճակագրական տվյալները, այնպես էլ համաժողովի մասնակիցների թիվը վկայում են Լիտվայի կողմից Հայաստանը որպես տնտեսական կարևոր հանգույց և գործոն ընկալելու մասին:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան երկկողմ հանդիպումներ գործարար շրջանակների միջև, եղան այցելություններ լիտվական գործարաններ, ընկերությունների միջև ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվեց 9 հուշագիր:
Հայ-լիտվական համաժողովը լայնորեն լուսաբանվեց լիտվական հեղինակավոր լրատվամիջոցներով, ինչպես նաև Լիտվայի հանրային հեռուստատեսությամբ:
ՀՀ ԱԳՆ