Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Գործարար պատգամավորները թողել են իրենց գործը եկել ձերն են անում, դեռ մի բան էլ մուննա՞թ եք գալիս»

Դեկտեմբեր 01,2014 19:11

«Կամ դուք կամովին կտաք ՀՀ ժողովրդին ազատ և արդար ընտրություններ, կամ ժողովուրդը ազատ և արդար ընտրությունները կնվաճի իր ուժով»,-այսօր ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատճառաբանելով մեծամասնական համակարգից հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման անհրաժեշտությունը: Ըստ նրա միայն ազատ ու արդար ընտրությունների պարագայում վերջ կտանք մենաշնորհային ապօրինություններին: Միևնույն ժամանակ շեշտեց, թե «հասկանում ենք, որ ընտրական օրենսգիրք փոխելով մեծ հաշվով մեծ բանի չենք հասնի, եթե չլինի իշխանության քաղաքական կամքը»:

Այնուհետև ՀՀԿ-ին հորդորեց. «Ինչպե՞ս  է հնարավոր, որ Եվրոպայում 2008-ից սկսած փոխվել են բոլոր իշխանությունները և միակ երկիրը, որտեղ հակառակ նրան, որ գրանցվել են ամենամեծ անկման դեպքերը, կոռուպցիան ամենամեծ տոկոսն ունի, արտագաղթ է, չգիտես ինչու՝ ՀՀԿ-ն գնալով ավելի ու ավելի բարձր ցուցանիշներ է ցուցադրում` հասնելով 60 տոկոսի ցուցանիշին: Մեծամասնականն այն մեկնարկային բոնուսն է, որ իշխող կուսակցությունն ունի իր  գրպանում»:

Վերջապես ՀՀԿ-ն թող այս պարադոքսերի, կես միլիոն մարդու անհամապատասխանության բացատրությունը տա: Մեր բացատրությունն է այն, որ ընտրություններում 500 հազար մարդու ձայն կեղծվում է, և դա նշանակում է, որ ցանկացած ընտրությունում իշխող կուսակցությունը հաղթելու է»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն  իր պատասխան նետեց. «Ազատ, արդար ընտրություններ պահանջելու փոխարեն ընտրություններին մասնակցեք»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, եթե միջազգային փորձագետներ նստած լինեին ՀՀ ԱԺ-ում, կմտածեին, թե սյուրռեալիստական քննարկման են մասնակցում, քանի որ նրանցից որևէ մեկին հասկանալի չէր լինի, թե ինչ կապ ունի մեծամասնական կամ համամասնական ընտրակարգը ազատ և արդար ընտրությունների հետ: Այնուհետև հավելեց. «Ցավոք, ՀՀ-ի իրավիճակն այնպիսին է, որ այո, ընտրակարգից նաև շատ բան է կախված»: Այնուհետև եզրափակեց. «Եթե երկրում չկա քաղաքական կամք, մենք կփորձենք կոմպենսացնել դրա բացակայությունը՝ օրենքի ուժի պարտադրանքով` վերացնելով մեծամասնական ընտրակարգի ֆեոդալիզացիան»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը ներկայացրեց, թե իշխանությունը տարիներ շարունակ գնում է զիջումների մեծամասնական տեղերի քանակը 90-ից դարձրել են 46, որպեսզի բարձրացնեն կուսակցությունների դերը: Այնուհետև հաթաթա տվեց, թե թող կուսակցությունները ակտիվ գործեն ու ժողովրդի խնդիրները լուծեն, գործարար պատգամավորներն էլ իրենց գործով կարողանան զբաղվել ու հայտարարեց. «Դուք պայքարեք, մենք հանգիստ կհեռանանք, եթե կուսակցություններն ուժեղանան, գործարար պատգամավորները կկարողանան իրենց գործով զբաղվել: Թե չէ գործարար պատգամավորները թողել են իրենց գործը եկել ձեր գործն են անում, դեռ մի բան էլ մուննա՞թ եք գալիս, սենց չի կարելի»: Հակոբ Հակոբյանը որպես հարցի լուծման տարբերակ առաջարկեց այն, թե կուսակցությունը թող իր ցուցակով մասնակցի ընտրությանը, որտեղ գրված լինի նաև սովորական քաղաքացու անունը ու թող ընտրողը մեկ ձայնի իրավունքով ընտրի կամ կուսակցությանը, կամ անձին: Սակայն նա կասկածում է, որ ընդդիմությունը կողմ կլինի այդ տարբերակին: Այնուհետև ընտրությունների՝ ազատ ու արդար չլինելուց դժգոհող ընդդիմադիրներին դիմելով՝ եզրափակեց. «Դուք մեզ հետ եք, մեզ հետ նույն հանձնաժողովում եք, ինչո՞ւ եք միայն մեզ մեղադրում»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը հորդորեց ՀՀԿ-ականներին դասեր չտալ ու պատասխանել այն հարցին, թե այդ ինչպե՞ս է, որ ինչքան պակասում է ՀՀ ժողովրդի թիվը, այնքան մեծանում է ընտրողների քանակը»: Այնուհետև՝ կարևորելով իրենց ներկայացրած առաջարկությունը՝ անցնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին, կոչ արեց «մարդկանց աչքներին թոզ չփչել», թե ժողովրդավար պետություն ենք, քանի որ «շախմատի խաղը սկսում ենք թագուհուն գողանալով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031