Նոյեմբերի 27-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի նիստ, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը և ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստին քննարկված էական հարցերի շուրջ զրուցեցինք Հերմինե Նաղդալյանի հետ:
-Տիկին Նաղդալյան, ի՞նչ կարևորություն ունեին հանձնաժողովում քննարկված հարցերը Հայաստանի համար և արդյո՞ք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ինչ-ինչ խնդիրների լուծման ուղղությամբ:
– ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի հերթական նստաշրջանում տեղի ունեցան կարևոր հարցերի քննարկումներ : Առանձնապես կցանկանայի նշել, որ արդեն 2-րդ նիստն է, ինչ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովում քննարկվում է միջազգային հարաբերություններում տնտեսական, առևտրային, ֆինանսական և տրանսպորտային շրջափակումների դադարեցման կամ անընդունելիության մասին հարցը: Պետք է ասեմ, որ սա մի նախագիծ է, որն ի սկզբանե ներկայացվել է առանձին կոնկրետ դեպքերի վերաբերյալ՝ նկատի ունենալով Կուբայի հանրապետությունը, քննարկման ժամանակ մենք բարձրաձայնեցինք նաև՝ Հայաստանի հանրապետությանն առնչվող խնդիրը, իսկ հետագայում հանձնաժողովի քննարկման ընթացքում ձևավորվեց առաջարկ՝ միջազգային իրավունքի և սկզբունքների վերաբերյալ ավելի ընդհանրական մի հայտարարություն պատրաստելու վերաբերյալ: Այդ հայտարարության նախագծի վրա աշխատել ենք մենք՝ Հայաստանի ներկայացուցիչներս, և ԱՊՀ ՄԽՎ Բելառուսի պատվիրակության անդամները: Հայտարարության բուն էությունը կայանում է նրանում, որ սանկցիաները, շրջափակումները և այլ տնտեսական, առևտրային , ֆինանսական, տրանսպորտային սահմանափակումները , որպես պայքարի միջոց կամ որպես գերակայություն ստեղծելու հնարավորություն, բացարձակ անընդունելի են միջազգային հարաբերություններում, և, բնական է, որ Հայաստանը, որպես շուրջ 20 տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող երկիր, շահագրգիռ է այս օրինագիծը ընդունելու հարցում: Քանի որ ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովում և հանձնաժողովների նիստերում հարցերի ընդունման կանոնակարգային ձևը կոնսենսուսն է, այսինքն՝ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը համաձայն լինեն, այստեղ ևս մենք՝ ես և Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցինք Ադրբեջանի պատվիրակության կոշտ հակազդեցությանը , այդ բանավեճերը, որպես կանոն, անցնում են երկկողմ սրացումների պայմաններում: Ադրբեջանի պատվիրակությունը ընդհանրապես խնդիրը դնում էր այնպես, որ հարցն օրակարգից դուրս գա, բայց ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կողմ դիրքորոշմամբ էր հանդես գալիս, բոլոր պատվիրակների կողմից բարձրաձայնվում էր ինչպես սանկցիաների քաղաքականության կիրառման անընդունելիության, սա համարելով ոչ քաղաքակիրթ մեթոդ, այնպես էլ դրանց դատապարտման մասին: Այն հանգամանքը, որ հենց ԱՊՀ հանրության մեջ 20 տարուց ավել կիրառվում է նման վարքագիծ և նման քաղաքականություն , բացարձակ անընդունելի էր հանձնաժողովի անդամ երկրների մեծ մասի համար, որոնց թվում՝ Ռուսաստանը, Մոլդավիան, Կիրգիզիան, Բելառուսը և այլն: Այնուամենայնիվ, հանձնաժողովը մնաց այն կարծիքին, որ պետք է ուղիներ գտնել համապարփակ ձևակերպումներով այս հայտարարությունը ընդունելու համար և պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ խնդիրը հետաձգել մինչ հաջորդ նիստը, իսկ Բելառուսի պատվիրակությունը ստանձնեց այդ ձևակերպումների համապատասխանեցման և ներդաշնակեցման աշխատանքը: Հուսով եմ, որ հանձնաժողովի արդեն մյուս նիստում, որը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլ ամսին, այդ կարևոր քաղաքական հայտարարությունը կընդունվի:
Նշեմ նաև, որ այս նիստի ընթացքում մեր պատվիրակության կողմից խնդիրը այնպես դրվեց, որ այդ հայտարարությանը դեմ լինելը՝ կնշանակի փաստացիորեն արդարացնել շրջափակումների քաղաքականությունը , իսկ դրան ընդունակ է միայն Ադրբեջանը կամ Թուրքիան, այսինքն՝ այն պետությունները, որոնք ներկայումս դա կիրառում են: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ճնշման կամ հարկադրանքի անարդյունավետ միջոցառումները ոտնահարում են ազգերի և պետությունների օրինական շահերը, արգելափակում են երկկողմանի և բազմաձևաչափ համագործակցությունը և միայն անաչառ և հավասար երկխոսությունը կարող է նպաստել միջազգային տարաձայնությունների կարգավորմանը:
Կարդացեք նաև
- Տիկին Նաղդալյան, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում քննարկված հարցերի շրջանակներում ինչը կառանձնացնեիք.
-Լիագումար նիստի ընթացքում քննարկվել են բազմաթիվ մոդելային օրինագծեր, նախագծեր, շուրջ 20-ից ավելի, որոնք վերաբերում են հանրային կյանքի տարբեր ոլորտներին, ասենք՝ հանրային և մասնավոր գործընկերությանը, սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական կանխատեսմանը և ծրագրմանը, ԱՊՀ անդամ պետությունների տեղեկատվության անվտանգության ապահովման ռազմավարությանը, զբոսաշրջությանը և այլն: Զբոսաշրջության զարգացման առումով, անցյալ տարի ԱՊՀ-ի կողմից հայտարարված էր տուրիզմի զարգացման տարի և մի քանի օրինագծեր էին նախապատրաստվել, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում զբոսաշրջության զարգացման իրավական ապահովման մասին, որոնք ընդունվեցին վեհաժողովի կողմից և հուսով եմ, որ այդ օրինագծերը որպես հիմք կօգտագործվեն նաև անդամ պետությունների խորհրդարաններում՝ ներդաշնակ զբոսաշրջության քաղաքականություն վարելու և զարգացում ապահովելու համար:
Կարևոր ռազմավարական նշանակություն ունեին նաև ներկայացված ՝“Տարածաշրջանային քաղաքականության հիմքերի մասին” մոդելային օրենքը, ԱՊՀ անդամ պետությունների ազգային օրենսդրություններում քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման և կիրառման արգելման և դրա վերացման մասին 1993թ. Կոնվենցիայի իրականացման Երաշխավորագրերի մասին, և կրթական ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: