Այսօր խորհրդարանում քննարկվում էր ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկները: Այս նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ընդգծեց, որ ընտրակարգի փոփոխությունը բխում է նաև իշխանությունների շահերից և կոչ արեց՝ թողնել կարծրացած դիրքորոշումը և հանուն երկրի ու սեփական շահի ՝ նստել քննարկման ընտրակարգի փոփոխման շուրջ:
Համաձա՞յն է արդյոք այս հայտարարության հետ և առհասարակ տեսնո՞ւմ է ընտրական օրենսգրքի փոփոխման հրատապություն, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի դիրքորոշումը.
-Ես չեմ կարծում, որ մեզ համար այդքան անհանգստանալու կարիք կա, թեև շնորհակալ ենք սրտացավ վերաբերվողներին: Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխմանը, ապա ես կարծում եմ՝ սա այն խնդիրը չէ, որը հայտարարություններով պետք է քննարկվի, այդ հայտարարություններն այս ծամծմված, երկար ճանապարհներով անցած, տարիներ շարունակ ծեծված թեմային ոչինչ չեն ավելացնելու: Ուզում եմ հիշեցնել, որ մեծամասնական-համամասնական համամասնությունը տարիների ընթացքում նվազել է և այդ ամբողջ գործընթացը աստիճանաբար իրականացվել է քննարկումների ճանապարհով, և սա հենց իշխանությունների մոտեցումն է եղել: Բայց եթե որևէ մեկը մտածում է, որ ընտրակարգի համամասնությունը փոխելով էականորեն փոփոխություններ կկատարվեն, ապա դա այդպես չէ: Համամասնության փոփոխությունը չէ բոլոր խնդիրների լուծումը: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք համարում ենք, որ սահմանադրական բարեփոխումներով և ֆունդամենտալ ռեֆորմներով պետք է գնալ իրավիճակի փոփոխության, այլ ոչ թե հայտարարություններով, կամ կոսմետիկ փոփոխություններով, որոնք իրականության մեջ ոչինչ չեն փոխում:
Ինչ վերաբերում է այն մտքին , թե հանրապետականը մեծամասնական ընտրակարգը պահելով իր համար բոնուս է ապահովում, պետք է ասեմ, որ մեր բոնուսը մեծամասնական ընտրակարգը չէ, մեր բոնուսը մեր կուսակցության կայացած տարածքային կազմակերպություններն են , մեր բազմաթիվ աշխատող գրասենյակներն են, մեր կուսակիցներն են, ՏԻՄ-երում մեր ակտիվ մասնակցությունն է, այսինքն՝ երբ խոսում են քաղաքական կուսակցությունների կայացման և կայանալու համար պայմաններ ստեղծելու մասին, ապա պետք է իմանան, որ մեր բոնուսը հենց այդ կայացած կուսակցությունն է իր ծրագրերով և իր աշխատանքով: