Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն քննարկում է ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Դեկտեմբեր 01,2014 18:30

ՀՀ ԱԺ-ն հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի աշխատանքների ընթացքում քննարկում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացման հարցը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց պայմանագրի հիմնադրույթները, այնուհետև թվարկեց այն առավելությունները, որ ընձեռում է պայմանագիրը. օրինակ՝ տնտեսվարողների համար մուտք գործել նոր շուկաներ, տեղական արտադրողների՝ ԵՏՄ երկրներում կազմակերպված պետական գնումների գործընթացի մասնակցություն՝ հավասար իրավունքներով:

ԱԺ պատգամավորների հարցադրումները՝ հակառակ փոխնախարարի լավատեսության, հիմնականում պարունակում էին մտահոգություններ:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց, թե ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը ոչ ԵՏՄ անդամ երկրների և ՀՀ-ի միջև կնքված պայմանագրերից քանիսի՞ն է հակասում և դրա վավերականացումից հետո քանի՞ գործող միջազգային պայմանագիր է դադարեցվելու: Պարոն Կարայանը պատասխանեց. «Կա ընդամենը մեկ համաձայնագիր, դա ՀՀ-ի՝ ԱՀԿ-ին միանալու համաձայնագրով ՀՀ-ի կողմից ստանձնած որոշակի պարտավորություններին է վերաբերում, մասնավորապես այն, որ միանալով ԵՏՄ-ին, ՀՀ-ն պարտավորվում է ընդունել Եվրասիական տնտեսական միության միացյալ մաքսատուրքերի դրույքաչափերին, ինչը նշանակում է, որ որոշ դեպքերում ՀՀ ներկրվող ապրանքատեսակների համար կլինի ավելի բարձր մաքսատուրք, քան ԱՀԿ համաձայնագրով պարտավորվածություն ունեինք: ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի մասին պայմանագրին միանալով՝ ոչ մի պայմանագիր ՀՀ-ի կողմից չի կասեցվելու»:

Պատգամավորի մյուս հարցին՝ ինչպիսի՞ ցնցումների կենթարկվի ՀՀ-ի՝ 2015 թվականի բյուջեն, պարոն Կարայանը պատասխանեց. «Բյուջեն ոչ մի ցնցումների չի ենթարկվելու»:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հետաքրքրվեց՝ ՀՀ կառավարությունն ի՞նչ ծրագրեր ունի աջակցություն ցուցաբերելու մանր և միջին ձեռնարկություններին,  որպեսզի հեշտացվի արտաքին շուկա նրանց արտադրանքի արտահանումը: Սուրեն Կարայանը տեղեկացրեց, թե մոնիտորինգ է իրականացվում բոլոր պետությունների համապատասխան ստորաբաժանումների կողմից և ԵՏՄ-ին միանալուց անմիջապես հետո ակտիվ կմասնակցենք բոլոր այդ միջոցառումներին և մեր կողմից ևս կմշակվի նմանատիպ ծրագիր, որ օժանդակենք փոքր ու միջին ձեռնարկություններին՝ ավելի հեշտ թափանցել այդ շուկաներ: Մյուս հարցին՝ ՀՀ տնտեսվարողները հնարավորություն ունենալու՞ են օգտվել ԵՏՄ բանկային համակարգի մատուցած ծառայություններից, պարոն Կարայանը կրկին լավատեսական պատասխան տվեց:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վերաբերյալ քննարկումները ՀՀ ԱԺ-ում կշարունակվեն վաղը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031