Երևանի թիվ 5 մշակույթի կենտրոնի սան, 13-ամյա երգչուհի Ռիտա Հովհաննիսյանը, Սանկտ Պետերբուրգում ներկայացնելով Հայաստանը «Տաղանդների հրավառություն» միջազգային փառատոնում, 66 երկրների 131 մասնակիցների շարքում գրավել է առաջին տեղը:
«Բոլորն էլ որևէ մրցույթի մասնակցելիս, առաջին հերթին, հաղթանակի մասին են երազում: Ես էլ բացառություն չեմ, բայց եթե անգամ առաջին տեղը չգրավեի, համոզված եմ, որ այդ փառատոնին մասնակցելն արդեն իսկ հաղթանակ կլիներ ինձ համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ. Հովհաննիսյանը:
Նրա ուսուցչուհին՝ Կարինե Սարգսյանը, որը նաև «Կարին» արվեստի կենտրոնի նախագահն է, ասում է, որ այս փառատոնի մասին համացանցից է տեղեկացել. «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում «Տաղանդների հրավառություն» փառատոնին: Իսկ փառատոնն արդեն 14-ամյա պատմություն ունի: Ես համացանցից իմացա փառատոնի մասին, ուսումնասիրեցի և մտածեցի, որ մենք էլ մեր շնորհալի երեխաներին կարող ենք ասպարեզ հանել: Ես կցանկանայի, որ մեր հանրությունը մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձներ նոր սերնդին, այն երեխաներին, որոնք ուզում են ճանաչում ձեռք բերել»,- ասաց Կ. Սարգսյանը՝ հավելելով, որ թիվ 5 մշակույթի կենտրոնում Ռիտայի նման շնորհալի երեխաներ շատ կան, և Ռիտայի ընտրության հարցում հաշվի է առնվել ոչ միայն նրա շնորհալիությունը, այլև ընտանիքի ֆինանսական դրությունը. «Ռիտայի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը նրա ծնողներն են հոգացել, որովհետև մենք որևէ աջակից չունենք,- ասում է Կ. Սարգսյանը,- աջակցության համար տարբեր տեղեր ենք դիմել բազմիցս, պատասխանն այն է, որ այդպիսի երեխաներ շատ կան, իրենք բոլորին չեն կարող օգնել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ