Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. « ՀՀԿ-ի դարդով քիչ շռայլություններ թույլ տվեք»

Դեկտեմբեր 01,2014 18:00

«Մենք լավ ու վատ պատգամավորներ չունենք, մենք ունենք պատգամավորներ»,-այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով պատգամավորների կողմից հնչեցված այն մտահոգություններին, թե մեծամասնական ընտրակարգի արատավոր երևույթներից է այն, որ «խուլ ու համր» պատգամավորները մուտք են գործում խորհրդարան:

Պարոն Սահակյանը նկատեց, թե սա քաղաքական մկրտության արդյունք չէ, այլ բնավորություն և շատ լավ է, որ այդ նման բնավորություններ կան ԱԺ-ում, հետո էլ համեմատեց. «Բայց շատ վատ բնավորություն է, երբ բնավորություն ես ձեռք բերում անընդհատ խոսել ու ասել, թե ես ակտիվ եմ, մյուսները՝ ոչ: Բևեռների մի բաժանեք պատգամավորներին, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են: Այստեղ պատգամավորներ ունենք, որ սրբերի լեզվով են խոսում: Ախր ես գիտեմ, թե դու ինչպիսին ես, բայց դու ի՞նչ գիտես՝ ես ինչպիսին եմ»: Հետո անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին ուղղված հորդորներին, թե փոխվեք, քանի որ երկրի շահերից է դա բխում, Գալուստ Սահակյանն ասաց. «Հիմա մեզ խորհուրդ եք տալիս այնքան լավը լինենք, մեր մասին մտահոգված  հեզ ու հանգիստ, ո՞վ է ասել, որ մենք Ընտրական օրենսգրքի քննարկման խնդիր ունենք այս պահին: Թե՞ արդյունքը նա է, որ ասեք, թե տեսեք բոբո ՀՀԿ-ն չհամաձայնեց: Դա նույնն է, ինչ ասել, թե ժամադրվում ենք այս տեղում, այս ժամին, եթե չեկաք, երկխոսություն չի լինի: Բայց այստեղ երկխոսություն միշտ կա: ՀՀԿ-ի դարդով քիչ շռայլություններ թույլ տվեք»:

Գալուստ Սահակյանը նշեց, թե իրենք էլ են ցանկանում ազատ և արդար ընտրություններ ու անդրադառնալով ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը հրապարակելու առաջարկություններին՝ ասաց. «Դուք պատկերացնում եք՝ ցուցակները կախում ենք, յոթ հազար հոգի գրում են, թե սա իմ ստորագրությունը չէ, և մենք երրորդ հազարամյակից հետո կսկսենք կայացած համարել ընտրությունները»: Գալուստ Սահակյանը նշեց, թե առանց իմանալու, իրենք կողմ են, թե՝ ոչ, արդեն քարկոծում են ՀՀԿ-ին, մինչդեռ իրենք պատրաստ են քննարկման, սակայն դեռ ժամանակը չէ:

Նա համաձայնեց այն պնդումներին, թե այս հարցով որոշումներն իրականում ԱԺ-ում չեն կայացվում, այլ ուրիշ տեղ ու շեշտեց, թե այդ որոշումը կայացվում է  յուրաքանչյուր կուսակցության ներսում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031