Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում  ռուսական ռուբլուն. տնտեսագետների կանխատեսումները (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 01,2014 17:55

«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հ/կ-ի կողմից  Հայաստանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում    կազմակերպված   «Դրամի արժեզրկումը  հնարավորությու՞ն, թե՞ մարտահրավեր» թեմայով հանրային  քննարկման ժամանակ մասնակիցներից մեկը  տնտեսագետներից  հետաքրքրվեց, թե   ի՞նչ կանխատեսումներ կան  ռուսական ռուբլու փոխարժեքի վերաբերյալ:  Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի պրոռեկտոր Արման Առաքելյանը թեև նշեց, որ կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է, այդուհանդերձ փաստեց. «Ուկրաինական ճգնաժամը ոնց որ  նորից թափ է առնում, դա քաղաքական ու հոգեբանական առումով  նորից լուրջ ճնշում է ռուբլու վրա, մյուս կողմից Ռուսաստանի նկատմամբ նորից ուզում են նոր պատժամիջոցներ կիրառել, ավելի խիստ, սա ևս գործոն է : Ամեն դեպքում առաջին հայացքից  որ նայում ես, ռուբլու վիճակը մոտ ապագայում ոնց որ թե լավ չի լինելու »:

Նույն համալսարանի դասախոս, տնտեսագետ Կարեն Պետրոսյանն էլ նկատեց. «Ռուբլու արժեզրկումն այն բացառիկ երևույթներից է, որ մեր կառավարությունը ուղղակի կապ չունի դրա հետ, և  մեր տնտեսությունը ուղղակի կապ չունի, ավելի շատ կախված է դրանից, քան դրա վրա կարող է ազդել: Մենք  չենք կարող էդ հանգամանքի  վրա ազդել, որովհետև դա պայմանավորված է տարբեր գործոններով՝ համաշխարհային տնտեսությամբ, նավթի գներով, քաղաքական և այլն…Ավելի շատ ուզում եմ խոսել մեր վրա  դրա  ազդեցության մասին. շատ բացասական է երկու հիմնական առումով. 1-ին՝ ուղղակի կրճատում է մեր վճարունակ պահանջարկը, որովհետեւ  դժբախտաբար մենք շատ-շատ կախված ենք ռուսական տնտեսությունից ու ռուսական ռուբլուց,  և 2-րդ՝ էդ ամբողջ կարողության կրճատումը հանգեցնում է  մեր տնտեսության ընդհանուր թուլացմանը: Այսինքն էս երկու գործոնով պայմանավորված՝ մենք բավականին լուրջ խնդիր ունենք: Ես չեմ ուզում կանխատեսումներ անել, որովհետև դրա համար շատ բարդ հետազոտություններ են պետք, բացի այդ  կանխատեսումները, ինչպես ասվեց, անշնորհակալ գործ է: Կանխատեսումներ չեմ ուզում անել, որովհետև դրանք  հենց գործոն են դառնում, բնակչության սպասումներն ընդհանրապես էական գործոններից մեկն  են.  սպեկուլյատիվ գործոն, որն արտարժույթի վրա ազդող գործոններից մեկն է և էս առումով որևէ մեկը գնահատական կարող է տալ և’ խուճապ առաջացնել, և’ հանգստություն: Դրա համար էլ տնտեսագետները երբեմն զերծ են մնում նմանատիպ գնահատականներից, բայց որ ռուբլու արժեզրկումը բերելու է մեր կյանքի, մեր կենսապայմանների  վատացման, դա միանշանակ է:

Մասնակիցներից մեկը՝ տնտեսական աշխարհագրության մասնագետ  Արտաշես Բոյաջյանը նկատեց. «Այսինքն կանխատեսում եք, որ պետք է վատ լինի,  էլի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031