Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խուլ ու համր պատգամավորները»` մեծամասնական համակարգի «խոտան»

Դեկտեմբեր 01,2014 17:07

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ ԱԺ լիագումար նիստի ընթացքում խորհրդարանը քննարկում է մեծամասնականից հարյուր տոկոս համամասնական ընտրական համակարգին անցման վերաբերյալ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկությունը: Առաջարկվում է, որ ՀՀ ԱԺ-ն հայտարարության տեքստում ընդգրկի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման հարցը: Այս առիթով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մեծամասնական համակարգում խոտանն ավելի շատ է, քան համամասնականում: Դա ամենևին չի նշանակում, թե այս մեկը քըխ է, մյուսը` լավը: Բայց փորձը ցույց է տալիս, որ համամասնականով եկած պատգամավորներն ավելի որակյալ են, քան մեծամասնականով»: Այնուհետև պարոն Մանուկյանը իր`պատգամավորի ընտրության փորձից մի դրվագ ներկայացրեց, երբ մեծամասնական համակարգով ընտրության ժամանակ իրեն «չորս լավ տղաներ են հաղթել, որոնք գալիս են խորհրդարան, ոչ օրենքի նախագիծ ներկայացնում, որոնց շատերը չեն էլ ճանաչում»: Արամ Մանուկյանը նաև բարձրացրեց ընտրացուցակների մաքրման հարցը ու շեշտեց, թե ՀՀ-ից դուրս 45 երկրում 750 հազար հայեր են ապրում ու շարունակեց. «Եթե չեք ցանկանում կատարել ընտրակարգի փոփոխություն, դա նշանակում է հիմնավորել այն, որ դուք պատրաստ եք կեղծել այս մարդկանց հաշվին, այդ դեպքում ի՞նչն է  խանգարում իշխանությանը գնալ ցուցակները մաքրելու ճանապարհով»:

Այնուհետև դիմելով ՀՀԿ-ին պարոն Մանուկյանն ասաց. «Աշոտ Նավասարդյանի ժամանակվա կուսակցությունից քիչ բան է մնացել: Դուք չեք ուզում փոխվել, դուք կարծրացել, մոնոլիտ եք դարձել, սա ոչ միայն մեզ, այլ երկրում հանդուրժողականության դաշտ ստեղծելուն է վնասում: Սա ձեզ hամար կարևոր մարտահրավեր է: Բայց հանկարծ սա բարոյախոսություն չհամարեք, սա իմ երկրի շահն  եմ համարում: Դուք սխալմամբ պարծենում եք, թե 15 համայնքներում հաղթել է ՀՀԿ-ն, դա աբսուրդ է, 16 տարի իշխող ուժի համար դա ոչ թե պարծենալիք է, այլ նշանակում է, որ ՀՀ-ում ընտրական համակարգ գոյություն չունի: Մենք չենք մասնակցում ՏԻՄ ընտրություններին, քանի որ գիտենք, որ գյուղում դպրոցի տնօրենին, տեսուչին շրջանցելով  ընտրություն կազմակերպել հնարավոր չէ: Դուք այս մեխանիզմով այլընտրանք չեք թողնում»:

Այս ելույթից հետո արձագանքեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ստիպված շնորհակալություն պիտի հայտնեմ բոլորին այդքան ջերմ ու խորությամբ ՀՀԿ-ի մասին մտածելու համար»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ նշեց, թե համաժողովրդական շարժման ձևավորած շտաբների աշխատանքներն էլ` տուն առ տուն ռեժիմով, ցույց են տալիս, որ ժողովուրդն ունի լուրջ դժգոհություններ: Նա եզրափակեց. «Իշխանությունը պիտի որոշի, թե որ ճանապարհով է շարժվելու ժողովրդի վստահության և համագործակցությա՞ն, թե՞ համաժողովրդական դժգոհության ալիքների և ցնցումների»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը պատահական չհամարեց այն, որ խորհրդարանը տարբեր հարցերի քվեարկության ժամանակ միասնական մոտեցում է ցուցաբերում, այնինչ ընտրակարգի հարցում պատկերն այլ է: Նա այս առիթով նկատեց, թե միգուցե պատճառն այն է, որ այդ հարցի լուծումն այստեղ չի որոշվում:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, խոսելով այն մասին, որ հաճախ անարժան մարդիկ են անցնում մեծամասնական համակարգով, մտահոգվեց. «Մենք հասկացանք, որ ժողովուրդն ավելի շատ սիրում է խուլ ու համր մարդկանց, քան աշխատողներին, քանի որ մեծամասնական համակարգով հիմնականում խուլ ու համր մարդկանց ենք պարտվում, որոնց անգամ չենք իմանում, թե ովքեր են»:

Հեղինե Բիշարյանը բարձրաձայնեց այնպիսի արատավոր երևույթների մասին, երբ պատգամավորության թեկնածուն ընտրությունների փուլում ստիպված է համագործակցել տեղի քրեական հեղինակությունների, տեղական կառավարիչների հետ, մեծ գումարներ ներդնել, որպեսզի ընտրվի` այդպիսով պատճառաբանելով հարյուր տոկոս համամասնական համակարգի անցման անհրաժեշտությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031