Աժ-ում այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների նկատմամբ ժողովրդի պահանջների մասին խոսելիս ասաց, որ Ստյոպա Սաֆարյանից Ավանի բնակիչները պահանջում էին, որ տրանսպորտի երթուղին անցկացնի իրենց տան մոտով:
Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը հաստատեց, որ իսկապես մեծամասնական ընտրակարգով մասնակցողները սովորեցրել են բնակիչներին այդպես. «Իրենք համատիրությունների ղեկավարների եւ այլնի միջոցով փորձում են այդպիսի լավություններ անել բնակչին՝ դրա դիմաց համոզելով իրենց ձայն տալ: Դա վերածվել է սովորույթի, երբ առանց ընտրակաշառքի բնակիչը ոչինչ չի անում: Եթե մի քիչ ավելի որակյալ քաղաքացիներ են, որոնք իրենց երեխաների ապագան չեն վաճառում, ապա նրան գոնե առաջարկում են թաղային ինչ-որ մի խնդրի լուծում տալ՝ կամ բակի, կամ ջրի, որ հնարավորություն տա իրենց որեւէ շոշափելի բան ստանալ: Ես չեմ մեղադրում իրենց, այդպես դրվել է դրվածքը: Բայց եթե գա մի օր, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն գաղափարական կռիվների, այդ դեպքում, ես վստահ եմ, որ ընտրակաշառքի ընկալումը, այդ մանր-մունր խնդիրներին որեւէ մեկն ուշադրություն չի դարձնի: Բայց քանի որ փողն ու գաղափարն այնքան են տարալուծվել, որեւէ մեկն այսօր առանց փողի չի պատկերացնում ընտրություններ, այդ իսկ պատճառով նման առաջարկները դարձել են սովորական բան»:
ԱԺ նիստի ընթացքում հնչեց կարծիք, որ համամասնական ընտրակարգը, միեւնույն է, չի կարող լուծում տալ այն բոլոր խնդիրներին, որ շոշափվում է համամասնական ընտրակարգ պահանջողների կողմից: Հեղինե Բիշարյանը չհամաձայնեց. «Կարող է լուծում տալ: Վարչական ամբողջ ռեսուրսն օգտագործում են իրենց թեկնածուների օգտին, եւ այդ թեկնածուները մեծամասնություն են կազմում նույն քաղաքական ուժի մեջ եւ այդ ուժին դարձնում բացարձակ մեծամասնություն: Սա արդեն լուրջ խնդիր է: Երբ ի սկզբանե որոշված է, թե ով որտեղ պետք է անցնի, նշանակում է, որ այդ հնարավորությունը տրված չէ մյուսներին այդտեղ անցնելու: Որքան էլ դու ուզում ես պայքարել քո աշխատանքով, ինտելեկտովդ կամ քո անցած ճանապարհով փորձում ես ինչ-որ բան անել, միեւնույն է, դա չի գնահատվում, որովհետեւ արդյունքում արվում է այնպես, ինչպես արվում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ