Մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով այս տարի արդեն իսկ կառուցվել է շուրջ 920 թեքահարթակ: Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախատեսված աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, որից հետո կզեկուցվեն կատարած աշխատանքի ամբողջական ցուցանիշները:
Քաղաքապետը հանձնարարել է Երևանի քաղաքապետին կից գործող սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխան խորհրդի հետ միասին, որոնցում ընդգրկված են նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող շահագրգիռ կազմակերպությունները, վարչական շրջանների պատասխանատուների ներգրավմամբ, գույքագրել մայրաքաղաքի բոլոր այն փողոցները, որտեղ դեռևս կա թեքահարթակների անհրաժեշտություն՝ գալիք տարիների ծրագրում դրանք ևս ներառելու և խնդիրը հիմնովին լուծելու նպատակով:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը պետք է հարմարավետ լինի բոլորի, այդ թվում նաև հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար: Եվ այս համատեքստում, անշուշտ, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը մայրաքաղաքում թեքահարթակների խիստ սակավությունն էր, եթե, իհարկե չասենք բացակայությունը, որի մասին բազմիցս է բարձրաձայնվել: Ըստ այդմ, 2015թ. ևս ծրագիրը լինելու է շարունակական և փորձելու ենք առաջիկա երկու տարիների ընթացքում մայրաքաղաքում ամբողջովին լուծում տալ այս խնդրին»,- ընդգծել է քաղաքապետը:
Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համատեղ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացնել սոցիալական նշանակության բազմաբնույթ ծրագրեր:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն