«Մենք ականատես ենք լինում, որ առանձնապես ակտիվ կեցվածք ունեցող անձանց նկատմամբ կիրառվում է ճնշման մեխանիզմ, մասնավորապես` ֆիզիկական բռնություն անհայտ անձանց կողմից գիշերային հարձակումների միջոցով»,- այսօր` դեկտեմբերի 1-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբան Տիգրան Եգորյանը:
Նա համարում է, որ այդ հարձակումները կազմակերպված գործողություններ են ճնշելու համար ե’ւ քաղաքական, ե’ւ քաղաքացիական ինքնուրույն դիրքորոշումները ունեցող մարդկանց. «Հայաստանում մի գործընթաց է մեկնարկել` ոչնչացնելու ինքնուրույն, ազատ մտածելու ունակ զանգվածին, ոչնչացնելու քաղաքացիական հասարակությունը, պահանջատեր քաղաքացիներին, բոլոր նրանց, որոնք կարող են պահանջել պետությունից սահմանադրական գործառույթների իրականացում: Պատճառն այն է, որ մենք այսօր ունենք ժողովրդի իշխանությունը յուրացրած, օրվա իշխանություն իրականացնող մի խումբ, որն իր ժողովրդի իշխանությունն իրացնում է բացառապես իր շահերը սպասարկելու նպատակով»:
Փաստաբանը նշեց, որ պետությունը հրաժարվում է իրականացնել իր նվազագույն պարտականությունները, որոնք ստանձնել է թե’ Սահմանադրությամբ, թե’ եվրոպական կոնվենցիայով: Ըստ նրա` ստեղծված իրավիճակում բոլոր հասարակական կազմակերպությունները, անկախ կողմնորոշում ունեցող քաղաքացիները եւ քաղաքական ուժերը պետք է միաբանվեին եւ պահանջեին Սահմանադրության շրջանակներում վերականգնել խախտված իրավունքները, քաղաքացիների անվտանգության նվազագույն ռեժիմը. «Կամ բոլոր պաշտոնյաները, որոնք չեն կարողանում իրենց վրա դրված պարտականությունը իրականացնել, պետք է անհապաղ հրաժարական տան: Խոսքը հիմնական երեք պաշտոնների մասին է` ոստիկանապետի, նորաստեղծ քննչական կոմիտեի նախագահի եւ գլխավոր դատախազի: Եթե այս ստուգատեսը նրանք չեն անցնում, ապա միանշանակ է, որ այս անձինք չեն կարողանում իրականացնել իրենց պարտականությունները»:
Տիգրան Եգորյանը հավելեց, որ լուրջ խնդիրներ կան նաեւ դատական իշխանությունում եւ դատավորները, որոնք հրաժարվում են իրականացնել արդարադատություն, պետք է քաղաքացիական լյուստրացիայի ենթարկվեն. «Այստեղ լրջագույն խնդիր ունի անելու նաեւ Արդարադատության խորհուրդը, կամ այդ խորհուրդը արդեն պիտի ցրվի` իր նպատակներին չծառայելու պատճառով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ