«Մոդայիկ» մասնագիտություններն այնքան պահանջված չեն, որքան մենք ենք կարծում,- վստահեցնում է Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը,- մենք բազմաթիվ իրավաբաններ ու տնտեսագետներ ունենք, բայց նրանք աշխատանք չունեն: Իրենց երեխաների համար «մոդայիկ» մասնագիտություն ընտրող ծնողներին աշխատաշուկան այսօր ազդակ է ուղարկում, թե՝ գնացեք դարձեք ինժեներ, ինֆորմատիկ, տեխնոլոգ և այլն: Շուկան այդ ազդակն արդեն ուղարկել է, պարզապես, մեր ծնողները դա այնքան էլ չեն հասկանում»:
Բացի այդ, ըստ պարոն Թոփչյանի, թույլ է նաև բուհ-աշխատաշուկա կապը: Սակայն, նրա խոսքով, այդ կապի ամրապնդմանն ուղղված որոշակի քայլեր արվում են: Դրանցից մեկը, օրինակ, «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագիրն է, որը ՈԱԱԿ կազմակերպած կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում այսօր ներկայացվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ):
Ինչպես ներկայացրեց ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, «Արարատը» եռամյա ծրագիր է, որը մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, սա էլ, իր հերթին, շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել:
«Այսօր մենք բուհերից պահանջում ենք որակ, իսկ որակը մեկնաբանվում է որպես համապատասխանություն շուկայի պահանջներին: Բայց երբ շուկայի պահանջները հստակ ձևավորված չեն, ու մենք բուհերից որակ ենք պահանջում, հաճախ անորոշ կաղապար է ստացվում, և կրթությունը դառնում է բավականին տեսական»,- ասում է Ռ. Թոփչյանը: Նրա դիտարկմամբ՝ որպեսզի կրթությունը տեսական չլինի, մենք պիտի անընդհատ տեղեկություն ստանանք այն մասին, թե ինչ է ուզում շուկան, ինչպիսի փոփոխություններ է իրականացնում, ինչպիսին են նրա պահանջները, ինչու մեր շրջանավարտները աշխատանք չեն գտնում և այլն: «Ահա «Արարատ» ծրագրի շրջանակներում կձևավորվի մի հարթակ, որտեղ ուսումնական հաստատությունները և այլ շահառուներ կներգրավեն գործատուներին և նրանց կուղղեն որոշակի նպատակային հարցաշարեր, որոնց արդյունքում վերլուծություններ կարվեն Որակի ապահովման ազգային կենտրոնում և ուսումնական հաստատություններին կտրվեն աշխատաշուկայի թարմ պահանջները, այսինքն՝ թե ինչ է ուզում շուկան այսօր»,- մանրամասնեց պարոն Թոփչյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սօվօրեք, դրսի համար ե պետք ,բաից լավ սօվօրեք