Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆիննախի դռներն ու հատակն ավելի կարեւոր են, քան հղիների փոխհատուցումը» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 01,2014 16:05

Մայրության նպաստի մասին օրենքի վերանայված նախագիծն, ըստ էության, կանանց նկատմամբ նույն անարդար ու խտրական նախագիծն է, ինչ նախորդը. այսպիսի կարծիք ունեն «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամները: Այսօր «Հենարան» ակումբում նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն ասաց, որ օրենքի վերանայված նախագծով միաձուլվել են մայրության նպաստ եւ փոխհատուցում` երկու տարբեր ինստիտուտներն ու գաղափարները, եւ աշխատող կանանց վճարվող փոխհատուցումները հավասարեցրել են մայրության նպաստին. «Այնինչ, պետական նպաստը դա օժանդակություն է, իսկ փոխհատուցումը աշխատող կնոջ գումարը չնվազեցնելու պարտավորությունն է պետության վրա դրված, եւ սրանք իրա խառնելով պետությունը փորձում է ցույց տալ մեկ նպատակ: Այո, մեկ նպատակի համար են, բայց նպատակները տարբերվում են: Մյուս խնդիրը բարձր վարձատրվող կանանց է վերաբերում. այսինքն կտրվում է նրանց փոխհատուցման չափը, եւ մեկ այլ դրույթով էլ ընկնում է մեկ այլ հարկման դաշտ` եկամտային հարկի 36 %-ի տակ են ընկնում: Այսինքն, 50-60%-է ստացվում բարձր վարձատրվող կանանց փոխհատուցումը, նախկինում 100%-էր փոխհատուցումը բոլորի»:

Նախաձեռնության անդամների` նախագծում առկա մեկ այլ անթույլատրելի դրույթ է անաշխատունակության` բյուլետենների վճարման ձեւը. վերանայված նախագծով փոխհատուցումը 80% է դարձել, գործատուի վճարմանն են թողել անաշխատունակության առաջին 5 օրի համար վճարումը: «Նախկինում սա եւս 100% էր փոխհատուցումը, այստեղ 80% դարձնելով, եւս որոշակի տնտեսումներ են անում, բայց գործատուների բեռն է ծանրանում»:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, նախաձեռնության անդամ Տաթեւիկ Դավթյանն էլ ասաց, որ օրենքի նախագիծն անարդար է, եւ եթե կառավարությունը պատճառաբանում է, որ բյուջեի ծախսարդյունավետության խնդիր են լուծում, եւ եթե հանրությունն ականատես է լինում բյուջեի անիմաստ ծախսերի, ինչ-որ վերանորոգումների, կամ նույնիսկ անհայտ է, թե ուր են գնում բյուջեի փողերը բայց հղի կանանցից կտրում են, որ ծախսարդյունավետությունն ապահովեն, սա անարդար է եւ անտրամաբանական:

«Օրենքի նախագիծը բռնություն եւ խտրականություն է կանանց նկատմամբ»,-ասաց ասուլիսին ներկա «Հասարակություն առանց բռնության» կազմակերպության անդամ Աննա Նիկողոսյանը: Թե ինչու է բռնություն` մանրամասն` տեսանյութում

Aravot am-ի հարցին` թե ինչ է նախատեսում անել նախաձեռնությունը, եթե նախագիծն այնուամենայնիվ ընդունվի, առավելեւս եթե պատճառաբանում են, որ պետբյուջեի գումարների տնտեսման խնդիր ունի կառավարությունը, Մանե Թանդիլյանն ասաց.«Ես հասկանում եմ, որ գումար չկա, բայց երբ հանկարծ  այդ ֆոնի վրա իմանում ենք, որ ֆինանսների նախարարության դռներն ու հատակը փոխելու համար միլիոններ են տրամադրվում, իհարկե, պետք է հրաժարվեմ ընդունել իրենց ասածը, որովհետեւ ինձ պետք է չհետաքրքրի, որ բյուջեում փող չկա: Անհիմն փաստարկները ընդունելի չեն, եթե իրենք այդ ամենն անում են պետական բյուջեի ծախսարդյունավետությունն ապահովելու եւ ֆիննախի դռներն ու հատակներն ավելի կարեւոր են, քան կանանց արժանվույն փոխհատուցումը, ուրեմն մեր կառավարությունը շարունակում  է անել այն, ինչ այն ժամանակ էր անում, սա նշանակում է կանանցից  գումարներ կորզել»:

Նախաձեռնությունը պատրաստվում է ակցիաներ կազմակերպել, ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը չընդունվի:

Մեր այն հարցին էլ` նախագծի ո՞ ր  տարբերակն է ավելի վատը` ներկայի՞նս, թե` նախորդը, Մանե Թանդիլյանն ասաց.«Իրավական առումով նույն վատ նախագծերն են, քանակային առումով` այս նոր նախագծով տուժելու է 400 հղի կին, այսինքն ավելի քիչ մարդ կտուժի, եւ գումարային առումով ավելի են տնտեսելու, քան նախորդ նախագծով»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031