Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Իշխանությունը կողմնորոշվելու խնդիր ունի»

Դեկտեմբեր 01,2014 15:55

«Ես այն կարծիքին եմ, որ խնդիրը տաբու չէ, ընտրակարգի փոփոխության հարցը կարող է լինել քննարկման առարկա, սակայն այն ինչ-որ առումով արհեստական հարցադրում է»,-այսօր ՀՀ ԱԺ նիստի ընթացքում, անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների` հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի անցման առաջարկությանը, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Այնուհետև արձանագրեց. «Ընտրական գործընթացի ճանապարհով իշխանության փոխանցումը  քաղաքական փոքրամասնությանը նոր էջ կբացի հայկական ժողովրդավարության պատմության մեջ, և դա կարող է դրական նախադեպ լինել մեր երկրի հետագա զարգացման համար»: Սամվել Ֆարմանյանը նշեց, որ որևէ կասկած չունի, թե խմբակցությունների ներկայացրած առաջարկություններն ազնիվ մղումներ ունեն, բայց նաև շեշտեց, թե գոյություն ունեցող խնդիրների միակ պատճառը ընտրակարգը չէ ու, դիմելով ոչ իշխանական խմբակցություններին, ասաց. «Ձեր ապացույցները դեռ բավարար չեն հիմնավորելու, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգը կկարողանա փոխել գոյություն ունեցող խնդիրները»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով այն դիտարկումներին, թե ընտրակարգի փոփոխության հարցը ժամանակավրեպ է, հակադարձեց. «Այդ փոփոխությունը ժամանակավրեպ չէ, այլ անհրաժեշտ: Այլընտրանք չկա, պիտի անցնենք այդ ընտրակարգին, որպեսզի կարևորենք կուսակցություններին, մեծացնենք  պատասխանատվությունը ու բարեփոխենք ներքին ժողովրդավարական համակարգերը: Ես չեմ ընդունում  ուլտիմատումի տարբերակը, բայց նաև չեմ ընդունում ջայլամի քաղաքականությունը: Չպետք է հայտարարել, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցման հարցը ժամանակավրեպ է»:

Արծվիկ Մինասյանը նաև մտահոգություն հայտնեց, թե այժմ «չունենք մի ձևակերպում, լիազորություն, որևէ ինստիտուտ, որը պատասխանատու է ազատ, արդար ընտրությունների կազմակերպման համար: ՀՀ-ում հետևողականորեն չի իրականացվում Սահմանադրության`ժողովուրդն իր ինքնիշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով դրույթը»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ՀՀԿ-ին  կոչ արեց. «Փորձեք, կայացած կուսակցություն եք, միգուցե հետո ավելի մեծ մեծամասնություն կվերցնեք»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտարարեց. «Մեր երկրում մեծամասնականն այն լուրջ արատավոր համակարգն է, երբ հարկայինով, տեղական իշխանավորներով  հանդերձ գործեր են անում այն թեկնածուի օգտին, ով ունի իշխանության դաբրոն: Եթե մենք մնում ենք այս համակարգում, ստացվում է, որ տվյալ պահին իշխանությունն ունենում է եթե ոչ 41 բոնուս, ապա գոնե դրա ճնշող մեծամասնությունը»: Ստեփան Մարգարյանը նկատեց, թե իշխանությունը  կողմնորոշվելու խնդիր ունի` մեկ ասում են եկեք խոսենք, բայց չենք անելու, մեկ բան չեն ասում: Այնուհետև պարոն Մարգարյանը շեշտեց. «Տասներկու կետերի կատարումը հիմա մեր խնդիրը չէ, դա հասարակությանն է: Բայց 12 կետերը դեռ մերը չեն դարձել, երկխոսությունը կարծում եմ հասարակության հետ պիտի լինի:Եթե ԱԺ-ում չի լինում երկխոսություն ԱԺ-ում, մենք ունենք զրուցակից` հասարակությունը, մենք խոսելու ենք նրանց հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031