Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր ապրանքների արտահանմամբ եւ ներկրմամբ զբաղվող մի քանի տասնյակ տնտեսվարողների ներկայացրեց Եվրասիական Տնտեսական Միության անդամակցությունից հետո տարածքում գործող մրցակցության միասնական կանոնները եւ սկզբունքները:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տնտեսվարողներին տեղեկացրեց, որ կանոնակարգերը եւ սկզբունքները վերաբերում են անդրսահմանային շուկաներում գործունեություն իրականացող տնտեսավարողներին: Արտակ Շաբոյանը ներկայացրեց մրցակցության հետեւյալ կանոնակարգերը. «Տնտեսվարողների միջեւ արգելվում է կնքել հակամրցակցային համաձայնություններ, արգելվում են գերիշխող դիրքի չարաշահումները, չեն թույլատրվում անբարեխիղճ մրցակցության երեւույթներ»: Ավելի պարզ բացատրելու համար, թե ինչ է գերիշխող դիրքի չարաշահումը, Արտակ Շաբոյանը օրինակ բերեց. «ԵՏՄ մրցակցության կանոնների համաձայն՝ սահմանվում են մոնոպոլ բարձր գին, մոնոպոլ ցածր գին հասկացությունները, իսկ այն տնտեսվարողները, որոնք կսահմանեն մոնոպոլ բարձր կամ ցածր գներ, ապա դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում»:
Այնուհետեւ նա ներկայացրեց, որ մրցակցության կանոնների խախտման դեպքում տնտեսվարողները ենթարկվելու են պատասխանատվության՝ կիրառվելու են տուգանքներ եւ կրկին օրինակ բերեց. «Ենթադրենք կաթնամթերք արտադրող ընկերությունը չարաշահում է թույլ տվել եւ, օրինակ, թթվասերի գինը առանց հիմնավորման բարձրացրել է: Համաձայն ԵՏՄ օրենսդրության՝ որոշակի տոկոս է կիրառվում ոչ թե տնտեսվարողի ողջ հասույթի նկատմամբ, այլ միայն թթվասերի հասույթի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Պատժամիջոցները առանձին են սահմանվելու իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ պաշտոնատար անձանց համար: Հանձնաժողովի նախագահը հատկապես առանձնացրեց այն փաստը, որ հակամրցակցային գործողություններ իրականացնելու համար պատասխանատվության միջոցներ են սահմանվում նաեւ պաշտոնատար անձանց համար: Օրինակ եթե պաշտոնատար անձը պետական գնումների ժամանակ ուղղորդել է տնտեսվարողներին, կամ համաձայնություն է տվել նրանց հետ ձեռք բերել, ապա տուգանք է նախատեսվում նաեւ պաշտոնատար անձանց համար, որը կազմում է 20 հազարից մինչեւ 50 հազար ռուբլի»: Գործերի քննություններն իրականացվելու են ԵՏՄ մրցակցության հարցերով հանձնաժողովի կողմից:
ԵՏՄ մրցակցության կանոններով առանձին բաժին է նաեւ ներկայացված պետական գնումների գործընթացի համար. «Ի ուրախություն մեր տնտեսվարողների, ԵՏՄ շրջանակներում մեր բոլոր տնտեսվարողները լիարժեք կարող են մասնակցել ԵՏՄ անդամ պետությունների կողմից կազմակերպվող պետական գնումներին, իսկ այդ երկրներն էլ կարող են մասնակցել մեր պետգնումներին»:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ կանոնակարգերին ծանոթանալուց հետո մի քանի հարցադրումներ ներկայացրեց եւ նշեց, որ տնտեսվարողները արհեստականորեն կարող են հայտնվել մրցակցային անհավասար պայմաններում, քանի որ մինչեւ 2015 թվականը այլ պայմաններով են ներմուծում, իսկ 2015 թվականից հետո՝ այլ:
Գագիկ Մակարյանի խոսքը՝ տեսանյութում
Կանոնակարգին ծանոթանալուց հետո, տնտեսվարողները սկսեցին բարձրացնել իրենց հուզող հարցերը:
«Լիկվոր» դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի արտահանող ընկերությունները ԵՏՄ շրջանակներում երեք գործոնների կարող են բախվել: Կարող են առաջանալ գնագոյացման հետ կապված խնդիրներ. «Մենք գործ ունենք դեղամիջոցների հետ, որը համարվում է հատուկ ապրանք, եւ որոնց ավելի խիստ են վերաբերվում: Երկրորդ խնդիրը ապրանքային նշանների գրանցման հարցն է: Այն ապրանքանշանները, որոնք առանձին գրանցված են այս երկրներից մեկում, ինչ ազդեցություն է դրանց վրա ունենալու: Իսկ երրորդը՝ այն արգելքներն են, որոնք կարող են առանձին այս կամ այն երկրի կողմից դրվել կոնկրետ ընկերության վրա»:
Մանրամասն՝ տեսանյութում
ՏՄՊՊՀ նախագահի տեղակալ Պավել Խալթախչյանը գնագոյացման վերաբերյալ պատասխանեց, որ «մենք ստիպված ենք լինելու կարգավորման շրջանակներում գործել եւ եթե Ռուսաստանում կարգավորվում է գնագոյացման սահման, ապա մենք պարտավոր ենք այդ սահմաններում գործել»:
Գրանդ Քենդի ընկերության տնօրեն Արամ Ղազարյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսին է լինելու իրավիճակը, երբ նույն ապրանքանիշից կա ե՛ւ Հայաստանում եւ ԵՏՄ անդամ երկրներում: Ինչին Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է եւ մեխանիզմները դեռեւս հստակեցված չեն, սակայն միասնական դիրքորոշում կա, որ այն ընկերությունները, որոնք այդ անվանումները գրանցել են իրենց ազգային օրենսդրությունների ներքո, չեն ունենա խնդիրներ արտահանման եւ ներմուծման պարագայում:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ