Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հարցին, թե ինչու տապալվեց Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու իր նախաձեռնությունը եւ ինչու ընդամենը 3 ստորագրություն եղավ՝ պատասխանեց. «Ես չեմ, որ պետք է դրա վերաբերյալ բացատրություն տամ: Անկեղծ ասած, նախագիծը ներկայացնելիս ինձ համար կարեւոր է եղել ոչ թե ուրիշների, այլ Քաղաքացիական պայմանագիր միավորման դիրքորոշումները արձանագրելը: Մենք այդ դիրքորոշումները արձանագրել ենք, կշարունակենք, իսկ մյուսները իրենք պետք է մտածեն իրենց դիրքորոշումների մասին»:
Հարցին՝ Դուք ընդդիմադիրներին լյուստրացիայի ենթարկելու խնդիր հետապնդե՞լ եք, օրինակ, Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ Ձեր նպատակը դա էր՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Լյուստրացիայի սովորաբար ենթարկում են խորհրդային պետական անվտանգության գործակալներին եւ նրանց հետ համագործակցած անձանց: Չգիտեմ ինչ նկատի ունեն, երբ լյուստրացիա են ասում: Ինչպես գիտեք, աշնանային պրոցեսների կոնտեքստում շատ է խոսվում, որ ահա, Ազատության հրապարակում տեղի են ունենում քաղաքական պրոցեսներ, որոնք հենց աշնանը պետք է հանգեցնեին շուտափույթ իշխանափոխության եւ ասում էին, որ Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսը հանգեցնելու է համակարգային իշխանափոխության:
Գուցե այդ հարցի կոնտեքստում ես ինձ համար նաեւ ստացա պատասխան, թե ինչքանով էին այդ պնդումները համապատասխանում իրականությանը: Քաղաքացիական պայմանագիր միավորումն ասել է, որ եթե եռյակը Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի, մենք կպաշտպանենք դա: Տվյալ դեպքում դե յուրե ձեւակերպված էին Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը: Դա չի բացառում այլ պատկերացումներ, բայց սրանով մենք առաջին հերթին մեր ասելիքն ենք ասել»:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հեգնեց. «Մենք վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ իշխանական բուրգը ճաքեր է տալիս, որ իշխանությունները երբեմն նաեւ խուճապի մեջ են: Այդ 88 ձայն, որ ասում են, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլում նախատեսվում է փակ գաղտնի քվեարկություն: Եվ եթե մենք պնդում ենք, որ հիմա քաղաքական պրոցեսներ են գնում՝ իշխանափոխության համար եւ այն պետք է իրականացվի սահմանադրական ճանապարհով, ուրեմն սահմանադրական ճանապարհը ԱԺ-ում հենց այդ հարցը բարձրացնելն է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ Զարուհի Փոստանջյանը Ձեզ մեղադրեց կողմնակալության մեջ՝ ասելով, որ 3 կետ չեք ներառել, այստեղ էլ ավելի ընդդիմադիր երեւալու մրցապայքա՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Զարուհի Փոստանջյանի հետ մենք խոսել ենք, նախագիծը բաց է առաջարկների համար, մենք կքննարկենք: Եթե Զարուհի Փոստանջյանը ինքը կոնկրետ առաջարկներ կներկայացնի այդ կետերի վերաբերյալ, մենք կքննարկենք նաեւ այդ հարցը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եռյակին հեգնելու փոխարեն Փաշինյանը ավելի լավ է մտածի թե ինչ է անում. մտածի այն մասին, որ իր այդ քայլով առաջին հերթին հենց ինքը լյուստրացիայի ենթարկվեց, քանի որ բոլորը հասկացան, որ Փաշինյնաը քայլեր է անում ուղղակի անելու համար. ինքնանպատակ քայլեր
Լրիվ սխալ կարծիք/եզրահանգում: Երկրի նախագահի ինփիչմենտ անելը երբե՛ք «ինքնանպատակ» չի կարող լինել: Ն.Փաշինյանի այս քայլը ուղղակի ցույց տվեց «Եռյակի» իրական դեմքը: