Լրահոս
Օրվա լրահոսը

305 ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 01,2014 15:01

Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի Հայաստանում ՄԻԱՎ վարակի ամենաշատ դեպքերն են գրանցվել. Այս տարվա 11 ամիսների ընթացքում 305 մարդու մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ: Այս մասին այսօր` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով առողջապահության նախարարությունում ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը: Ըստ նրա, դեպքերի ավելացումը պայմանավորված է հայտնաբերելիության բարձրացմամբ:

Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ, մեր երկրում ՄԻԱՎ-ը հիմնականում տարածվում է սեռական ճանապարհով: 1988թ-ից ի վեր՝ 2014թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք:

ՄԻԱՎ վարակով հիվանդների մեծ մասը արական սեռի ներկայացուցիչներ են՝ 1329 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 595 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 38 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ։

Aravot.am-ի այն դիտարկմանը` եթե ամենաշատը մարդիկ վարակվում են սեռական ճանապարհով, գուցե քարոզչությունը բավարար չափով չի տարվում, պարոն Գրիգորյանն ասաց, որ շատ հաճախ մարդիկ վտանգների մասին տեղեկացված լինելով էլ ռիսկային վարքագիծ են վարում:

Կենտրոնի տնօրենի մեկնաբանությունները` տեսանյութում

 

Նշենք, որ 2013թ-ի դրությամբ, աշխարհում 35 միլիոն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով:

Նրանց գերակշիռ մասը՝ 24,7 միլիոն՝ Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաեւ Հայաստանը ու նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,1 միլիոն–ի։

Մեր երկրում վարակվածների 53%-ն ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում։ Պարոն Գրիգորյանն ասաց, որ նվազել է թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը, որն այսօր կազմում է ՄԻԱՎ վարակակիրների 28%-ը: Վարակի փոխանցման հիմնական ուղիներից է մնում նաեւ հետերոսեքսուալ ճանապարհը: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 983-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում, 149-ի մոտ` 2014-ի 11 ամիսների ընթացքում:

Կենտրոնի տնօրենի տվյալներով, վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանի բնակիչների շրջանում 659 դեպք, ինչը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 34,3 տոկոսը:

Երկրորդ տեղում Շիրակի մարզն է` 11,3 տոկոս, ապա` Լոռու եւ Սյունիքի մարզերը: Մեր երկրում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3700:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031