Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀՀԿ-ն նահանջել

Դեկտեմբեր 01,2014 16:30

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության իրավական հիմքը չի տեսնում:

– ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր. «Մենք նույնիսկ համաձայնել ենք տասներորդ կետից սկսել քննարկումը, մենք կառուցողական ենք եւ ընդդիմության հետ ուզում ենք աշխատել»: Մինչդեռ, ընդդիմության 12 պահանջներից 10-րդ կետով՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններով բանակցությունները սկսելու ընդդիմության առաջարկին, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականներ զգուշացնում էին, որ ՀՀԿ-ի հետ նախապայմաններով չի կարելի խոսել: Ի՞նչն է փոխվել, որ իշխող ՀՀԿ-ն նահանջեց՝ ընդունելով եռյակի նախապայմանը:

– Իշխանությունը չի նահանջել: Մենք այսօր էլ ենք ասում՝ նախապայմանների լեզվով չխոսենք, այլ քննարկենք ցանկացած հարց: Ընդդիմությունը պատճառաբանում է, որ 12 հարցերը առանձին-առանձին քննարկելով ժամանակային առումով խնդիր կառաջանա:

Միգուցե դա է նկատի ունեցել Հովիկ Աբրահամյանը, որ նշել է՝ պատրաստ ենք քննարկել տասերորդ կետը:

Ես, որպես ՀՀԿ խորհրդի անդամ, ասեմ, որ խորհրդում նման հարց չի քննարկվել: Միգուցե գործադիր մարմնում քննարկվե՞լ է, ես տեղյակ չեմ: Բայց ինքս, մնում եմ այն տեսակետին, որ ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց պնդել՝ 100 տոկոս համամասնականը, բերել քաղաքական շանտաժի կամ նախապայմանների լեզվին, ես դեմ եմ:

– Այսինքն, քննարկել ասելով դեռ նկատի չունե՞ք ընդառաջ գնալ ընդդիմության պահանջներին:

– Քննարկելը պարտադրո՞ւմ է որեւիցե մի ելք: Կարելի է կողմ լինել, դեմ, մասամբ կողմ կամ դեմ լինել, բայց քննարկելը չի ենթադրում հենց սկզբից կանխորոշել արդյունքը: Քննարկումը երկու տեսակետների ներկայացումն է. եթե կկարողանաս դիմացինիդ համոզել քո տեսակետի ճշմարտացիության մեջ կամ հակառակը, կամ, գուցե, նույնիսկ օպտիմալ տարբերակը գտնել, ապա քննարկումը կունենա ինչ-որ մի ելք:

– Կարծում եք ընդդիմությունը կգնա՞ նման քննարկումների:

– Տեղյակ չեմ, ինքս չեմ քննարկել այդ հարցերը, ես ընդամենը ներկայացնում եմ տարիներ շարունակ ձեւավորված մոտեցումը՝ մենք կողմ ենք, որ ժամանակի ընթացքում մեծամասնական համակարգը նվազի՝ հօգուտ համամասնականի: Մենք կողմ ենք աստիճանական փոխակերպման, ոչ թե կտրուկ: Իբրեւ իրավաբան, պատգամավոր եւ քաղաքականությունը մի փոքր պատկերացնող մարդ, կարող եմ պնդել, որ այսօր հնարավոր չէ միայն Ընտրական օրենսգրքում վերցնել ու փոխել 100 տոկոս համամասնական ընտրակարգն՝ առանց օժանդակ փոփոխությունների: Խոսքը ոչ միայն օրենքներում փոփոխությունների մասին է, այլ նաեւ քաղաքական ու կուսակցական համակարգերի կայացվածության:

Կարելի է Ընտրական օրենսգրքում գրել՝ 100 տոկոս համամասնական կարգ: Լավ: Բայց ի՞նչ ընտրակարգով՝ ռեյտինգայի՞ն, միամանդատ, ողջ հանրապետությո՞ւնն ես բաժանում, կուսակցական ցուցակներո՞վ ես ընդգրկում, թե՞ այլ մեթոդ ես կիրառում: Հետեւաբար, անգամ ԸՕ-ում փոփոխությունները մեկ օրվա եւ մեկ քննարկման խնդիր չեն, եթե հարցերին լուրջ ենք մոտենում: Ավելի արմատական լուծումների կարիք կա:

– Ընդդիմադիր մեկ այլ բեւեռը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտը նախաձեռնելու գործընթացն ի՞նչ նպատակ է հետապնդում, ըստ Ձեզ:

– Նիկոլին հարցրեք: Նիկոլի մտքի թռիչքը կամ պատկերացումը ես չեմ կարող արտացոլել:

– Երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Սերժ Սարգսյանին իմպիչմենտ անելու հիմքերը: Դրանք են՝ մարտիմեկյան դեպքերը եւ դրան ածանցվող իրադարձությունները, որոնց արդյունքում նա պետական դավաճանության մեջ է մեղադրում Սերժ Սարգսյանին, ցյուրիխյան հայ-թուրքական արձանագրությունները, «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքը եւ այլն: Ի՞նչ մեկնաբանություններ կանեք, դրանք նախագահի պաշտոնանկության բավարար հիմքե՞ր են:

– Դրանք ընդամենը քաղաքական շեշտադրումներ են, որոնք չեն կարող նախագահի իմպիչմենտի համար հիմք հանդիսանալ իրավական հարթության մեջ: Այն, ինչը Նիկոլը ներկայացնում է, զուտ քաղաքական ենթադրություններ են, այլ ոչ թե իրավական քննություն անցած ու հաստատված փաստեր: Սա ընդամենը քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձ է, որը փորձում են իրացնել մեր որոշ ընդդիմադիրներ եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը:

Զրույցը՝
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031