Հայկ Ալումյանը վստահեցնում է, որ երեխան կրկնել է հոր ասածը՝
մոռանալով իր տեսածը
Օրերս Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը դատապարտվում է 17 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում էր անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին սպանության փորձ կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութի վրա առնվազն 3 անգամ կրակել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչեւ վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում սպանվել էր քավոր Հարութին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը` Շեկոն:
Այս առնչությամբ «Առավոտը» Վահե Ղուկասյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Վահե Ղուկասյանն անմեղ է: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Առաջինը ով կրակել է, նա հարձակվել է, իսկ ով երկրորդն է կրակել, պատասխան կրակ է բացել՝ նա պաշտպանվել է: Ես ոչ թե հավատում եմ, ես համոզված եմ»:
Մեր դիտարկմանը, որ մեղադրող կողմը պնդում էր, որ առաջինը հենց Վահե Ղուկասյանն է կրակել՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Դե իհարկե, իրենք այդպես են ասում, դրա համար էլ վեճը հասել է դատարան»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու է Հայկ Ալումյանը վստահում Վահե Ղուկասյանին եւ համոզված ասում, որ նա անմեղ է՝ նա այսպես բացատրեց. «Դուք պատկերացրեք, Արտյոմ Խաչատրյանի մեքենան կանգնած է, նա դուրս է եկել, մեքենան շրջանցել ու եկել դեպի Վահեի ուղղությամբ: Սա մեղադրանքի կողմն էլ է ասում: Ու եթե Վահեն է առաջինը կրակել այդ մեքենայի վրա, Արտյոմն էլ պաշտպանվելով եթե իսկապես ուզեցել է Վահեին խփել, ինքը դուրս չէր գա մեքենայից ու կանգներ 10 մետրի վրա, որ Վահեի համար հոյակապ թիրախ դառնար, երբ Վահեի ձեռքին ինքնաձիգ էր, իսկ իր ձեռքում՝ ատրճանակ ընդամենը: Նորմալ մարդը, իսկ նա համենայնդեպս փոխհրաձգության գծով նորմալ էր, անտեղյակ մարդ չէր, պարզապես մեքենայից դուրս կգար, կդիրքավորվեր ու կսկսեր խփել, չէ՞: Իսկ ինքը ընկել էր ճանապարհի մեջտեղը, այսինքն, էլի Վահեի ցուցմունքն է հաստատվում, ինքը եկել սկսել է Վահեի վրա խփել՝ չտեսնելով, որ Վահեի ձեռքին ինքնաձիգ կա: Նա հետո է պաշտպանվել, երբ Արտյոմն արդեն չի ունեցել թաքնվելու տեղ: Այսպիսի բաներ կան, որ եթե ես համադրում եմ, ես այնտեղ չեմ եղել, բայց ավելի շատ հավատում եմ Վահեի վարկածին»:
Այս գործում հետաքրքիր է հատկապես քավոր Հարութի 10-ամյա դստեր՝ Քնարիկ Խաչատրյանի դերը: Հայկ Ալումյանի խոսքերով՝ «որպեսզի գործը որակեն ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, ի՞նչ են արել, Քնարիկ Խաչատրյանին ասել են ասա, որ հորդ կողքն ես եղել: Բայց այդ երեխեն հոր կողքը չի եղել: Քնարիկին երբ դեպքից 2 ժամ հետո տարել են ոստիկանություն, մոր ներկայությամբ ցուցմունք է տվել: Ասել է՝ ես պապային ասեցի մառոժնի եմ ուզում, գնում էի դեպի խանութը, մեկ էլ հետեւից լսեցի կրակոցներ: Հիմա բերել են նորից Քնարիկին հասցրել են հոր կողքը, որպեսզի ծանրացուցիչ հանգամանքներում լինի: Չի կարելի այդպես, էլի: Ես չեմ ասում երեխան խաբում է, նա հատուկ չի անում: Աղջիկ երեխա է՝ 10 տարեկան: Տանը հերիք է մի անգամ հերը նկարագրի, որ երեխեն էլ կողքն էր, կրակեցին, այդ երեխայի համար հոր ասածն է հիմք, իր տեսածը չի: Տանն այդ ամեն ինչը անընդհատ քննարկվել է, եւ դեպքից 2 ամիս հետո պարզ է, թե այդ երեխան ինչ է ասելու: Չեմ ասում, թե ոստիկանները հատուկ ասել են՝ աղջիկ ջան, կգնաս սենց կասես, չէ, բայց աղջիկ երեխա է: Իր հոր ասածն իր համար ամենակարեւորն է: Հերն անընդհատ ասել է, ինքն էլ կրկնում է»:
Ըստ Հայկ Ալումյանի, վկաների ցուցմունքներից ակնհայտ է, որ առաջինը կրակել է Արտյոմ Կարապետյանը, բայց դատարանը վկաների ցուցմունքները հաշվի չի առնում. «Դատարանը մի պիտակ է ուղղակի կպցրել՝ այդ վկաների ցուցմունքներն արժանահավատ չեն, նրանք պաշտպանության տակ են վերցնում Վահե Ղուկասյանին: Ինչի՞ պիտի պաշտպանության տակ վերցնեն, երբ գործով պարզվել է, որ այս վկաները ոչ Վահե Ղուկասյանին ճանաչել են, ոչ իրար հետ որեւէ հարաբերություններ ունեն: Այդպես չի կարելի պիտակավորել: Որ ապացույցը դուրները չեկավ, կարելի է պիտակավորել, ասել՝ չէ, այս վկաները պաշտպանում են»:
Մենք ճշտեցինք, այսինքն, դատարանի կողմից կողմնակա՞լ վերաբերմունք է եղել ի վնաս Վահե Ղուկասյանի՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Չէ, դա կողմնակալության չափանիշը չի, դա անհիմնի չափանիշ է: Չի կարելի որեւէ եզրակացության գալ՝ առանց հիմքի: Վկաների ցուցմունքները տարբեր կողմերից իրար լրացնում են: Խանութի տնօրենն ասում է, որ երբ վկաներից մեկը՝ Սարգիսը մտավ ներսը, գույնը գցած լփրտար գը: Հետո ես իմացա, որ դա իրենց բարբառով նշանակում է դողալ: Ասում է՝ հետո մի շաբաթ չեկավ աշխատանքի, շատ վատ էր: Սարգիսին հետո հարցաքննում են, նա բացատրում է, որ երբ ինքը դուրսն էր, ինչ է տեսել, իսկ մեղադրողն ասում է, որ Սարգիսը երբ առաջին անգամ ոստիկանությունում ցուցմունք է տվել, ասել է՝ ես դեպքը չեմ տեսել: Դե պատկերացրեք, ո՞րն է ավելի արժանահավատ: Երբ Սարգիսին հարցնում ենք, ասում ենք՝ ինչի՞ ոստիկանությունում ասել ես, թե չես տեսել դեպքը, ասում է՝ իսկ ո՞վ է ուզում ասի տեսել է, պետք է տանեն, բերեն, հարցաքննեն, պահեն գիշերը: Դուք գիտեք վկաները ոնց են անում, այդ պրոբլեմը գիտեք: Հիմա ինքը ասում է չեմ տեսել եւ վերջ՝ ոչ ոստիկանություն կտանեն, ոչ էլ: Հիմա երբ Սարգիսի նախաքննության ցուցմունքը, որտեղ նա ասում էր, թե ոչինչ չի տեսել, համեմատում են դատարանի ցուցմունքի հետ, որտեղ ամեն ինչ տեսել էր, մի հատ էլ խանութի այդ տնօրենի ցուցմունքն ենք վերցնում, որը նկարագրում է, թե ինչ վիճակում է եղել Սարգիսն այդ օրը, ո՞րն է ավելի արժանահավատ՝ որ չի՞ տեսել, թե՞ որ տեսել էր: Այսպես 7 հոգի նույնն են ասում: Դատարանը պատճառ է բերում մանրուք, թե ինչու վկան չասեց, որ կողմից է եղել Արտյոմը: Այդ կարգի մանրամասները մարդիկ կարող են մոռանալ»:
Ըստ Հայկ Ալումյանի, բոլոր մանրամասները հիշում են սովորացրած վկաները, իսկ Վահե Ղուկասյանի վկաները սովորացրած չէին:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2014
Ամոթ է Հայկ Ալումյան:Ամբողջ Գյումրին գիտե,թե Ղուկասյանները երբ և որտեղ են պլանավորել Հարութի սպանությունը:Եթե չուչել վահիկը անմեղ է,ուրեմն Սուրիկ Խաչատրյանի տղեն էլ է անմեղ:Երևի հասկացար ինչի մասին եմ խոսում: