Ինչպես են ֆինները երկիր կառուցել՝ չհակադրվելով Ռուսաստանին
Կա մի հրաշալի երկիր` Ֆինլանդիա: Որ այդ երկիրը հրաշալի է` կարելի է համոզվել մի քանի փաստ նշելով: Միջին ամսական աշխատավարձն այդ երկրում 3 հազար 600 եվրո է: Իրավական պետությունների մեջ այդ երկիրը 4-րդ տեղում է, մամուլի ազատության առումով` առաջինն է, կոռուպցիայի բացակայության առումով առաջատարների շարքում է, դպրոցական համակարգը աշխարհում համարվում է ամենաարդյունավետը: Եվ այլն` կարելի է անվերջ թվարկել: Մինչդեռ ֆինները մեր նման կարող են իրենց մասին ասել, որ նրանք բազմաչարչար ժողովուրդ են:
Մոտ մեկ դար Ֆինլանդիան, ինչպես հայտնի է, Ռուսաստանյան կայսրության կազմում էր (դրանից առաջ` մոտ 5 դար Շվեդիայի կազմում): 1917 թվականին երկիրը ստացավ «դե յուրե» անկախություն, սակայն մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը հարաբերությունները Խորհրդային միության հետ չափազանց լարված էին, երբեմն վերածվում էին զինված հակամարտությունների: Ֆինլանդիայի այն ժամանակվա իշխանությունները հակադրվում էին հզոր հարեւանին, եւ դա ոչ մի լավ բանի չէր բերում: Սակայն, հետո իշխանության եկան պրագմատիկները` Ուխո Կուստի Պաասիկիվին, որը երկիրը ղեկավարում էր 1946-ից մինչեւ 1956-ը եւ Ուրխո Կեկկոնենը (նախագահ էր 1956-1981 թվականներին): Հենց նրանք են, առանց չափազանցությունների, կերտել ժամանակակից Ֆինլանդիան:
Երկրորդ աշխարհամարտից հետո Ֆինլանդիային, ի տարբերություն Բալթյան հանրապետությունների, հաջողվել էր պահպանել ինքնիշխանությունը, որի համար, սակայն, երկիրը բավականին թանկ է վճարել: Նախ` վերջնականապես հրաժարվել է Կարելիա թերակղզուց՝ հօգուտ ԽՍՀՄ-ի, վերջինիս զիջել էր նաեւ Պեչենեգայի շրջանը, փոխհատուցումներ է վճարել ֆիննական համակենտրոնացման ճամբարներում եղած խորհրդային քաղաքացիներին, հայտարարել է իր չեզոք կարգավիճակի (առայսօր էլ, ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ չէ), ինչպես նաեւ՝ ԽՍՀՄ հատուկ ռազմավարական շահերը հաշվի առնելու մասին: Հետպատերազմյան Ֆինլանդիայում արգելված էին ֆիլմերն ու գրքերը, որոնք կարող էին դիտվել որպես «հակասովետական»: Երբ խորհրդային քաղաքացիները փախչում էին Ֆինլանդիա, այս երկիրը վերադարձնում էր անօրինական փախստականներին իրենց իշխանություններին: Ֆինն քաղաքական գործիչները ջանում էին խորհրդային դեսպանատանն ունենալ օգտակար ծանոթություններ, որոնց միջոցով ապահովվում էր այդ գործիչների կարիերան: Արեւմտյան պատմաբանները նույնիսկ պնդում են, որ որոշ ժամանակաշրջանում Ֆինլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է նշանակվելուց առաջ Մոսկվայից «դոբրո» ստանային:
Կարդացեք նաև
Ազգային ինքնիշխանության այդ սահմանափակ շրջանը Ֆինլանդիան կարողացել է օգտագործել տնտեսության մեջ տպավորիչ հաջողությունների հասնելու համար: Մի քանի տասնամյակ այդ երկրի տնտեսությունը սերտորեն կապված էր ԽՍՀՄ տնտեսության հետ, ինչը հնարավորություն էր տալիս ֆիննական որակյալ ապրանքները վաճառել խորհրդային հսկայական շուկայում, Ֆինլանդիայի գործարարները ստանում էին խորհրդային չափազանց ձեռնտու պատվերներ: 80-ականներին Խորհրդային միության քայքայմանը զուգահեռ այդ կապերն իհարկե թուլացան, եւ, իհարկե, ինքնիշխանությունն էլ դարձավ ամբողջական: Բայց դրանից առաջ էլ Ֆինլանդիան որքան հնարավոր է, որքան խորհրդային ռեժիմը թույլ էր տալիս, զարգացնում էր քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը Արեւմուտքի, նախեւառաջ՝ սկանդինավյան երկրների հետ: Ահա այդպիսի իմաստուն, հավասարակշռված եւ հեռատես քաղաքականություն էին վարում նախագահներ Պաասիկիվին եւ Կեկկոնենը:
Ինչու եմ ես այդ ամենը պատմում: Եթե դուք ունեք հարեւան, որն ունի կայսերապաշտական նկրտումներ եւ ժամանակ առ ժամանակ դրսեւորում է ոչ ադեկվատ վարք, իսկ դուք ոչ մի հնարավորություն չունեք նրան հակադրվելու, զարգացրեք ձեր երկիրը ձեզ ընձեռած հնարավորությունների չափով եւ կտրուկ շարժումներ մի արեք: Կայսրական խելահեղությունը վաղ թե ուշ ավարտվում է: Պարզապես դա հասկանալու համար պետք է, հավանաբար, ունենալ ֆինների նման հանգիստ եւ համբերատար խառնվածք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարում` Աջից՝ Կեկկոնենը, Խրուշչեւի եւ Վորոշիլովի հետ:
«Առավոտ» օրաթերթ
29.11.2014
+