Երբ Լևոնն իմացավ իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, հրաժարվեց սիրած աղջկանից:
«Պատճառը մեկն էր՝ չէի ուզում ճշմարտությունն ասել, բայց նաև չէի ուզում ստել: Պարզապես հետ կանգնեցի նրանից, ասացի՝ առողջական խնդիրներ ունեմ ու չեմ կարող ամուսնանալ իր հետ: Մտքովս անգամ չէր անցնում, որ կարող է ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ, վստահ չէի: Բաժանվեցինք՝ մնալով ընկերներ, ու ես նորից վերադարձա Մոսկվա»,- պատմում է 35-ամյա Լևոնը:
Լևոնը բազմաթիվ հայ տղամարդկանց նման արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան: ՌԴ քաղաքացիություն ստանալու համար բժշկական հետազոտություն անցնելիս բացահայտվում է Լևոնի ՄԻԱՎ կարգավիճակը:
«Անկեղծ ասած՝ շատ չզարմացա, որովհետև հասկացա, որ կարող էր ինձ հետ նման բան լինել, անպաշտպան սեռական հարաբերություններ էի ունեցել: Այնտեղ կյանքը մի փոքր այլ է, ու երբ ընտանիքով էլ չես լինում, քեզ շատ բան ես թույլ տալիս: Լսել էի, գիտեի՝ ինչ էր, բայց ոչ այդքան խորությամբ: Կարծում եմ՝ բոլոր վարակվածների մոտ էլ այդ խնդիրը կա: Այդ ժամանակ 28 տարեկան էի: Երկու ամիս անց վերադարձա Հայաստան»,- պատմում է Լևոնը:
Կարդացեք նաև
Նրա ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանում են միայն ընկերները: Լևոնը չի ասում ծնողներին:
«Չեմ ասել, որ նրանց չվախեցնեմ, տարիքով են, հայրս վատառողջ է, ինչի՞ իմ պատճառով ցավ ապրեն: Հենց այդ ժամանակ էլ ընկերուհուս ասացի, որ չենք կարող շարունակել մեր կապը: Այդ ընթացքում անընդհատ գնում-գալիս էի Հայաստան, ամուսնանալու միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Ես հասկացել էի, որ ՄԻԱՎ-ն այն հիվանդությունը չէ, որի համար չարժե ամուսնանալ ու երեխա ունենալ»,- պատմում է Լևոնը, ով վերջնականապես Հայաստան է վերադառնում 2011ին:
Նա հասկանում է, որ հակառետրովիրուսային բուժումը կօգնի իրեն ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության խորհրդի անդամ, ծրագրերի խորհրդական Հովհաննես Մադոյանը ասում է, որ եթե ամուսնանում են նման մարդիկ, որոնցից մեկը ՄԻԱՎ վարակակիր է, իսկ մյուսը՝ ոչ, նման զույգերը կոչվում են դիսկորդանտ:
«Մի քանի հազար մարդկանց ներգրավելով լայնամասշտաբ հետազոտություններ են արվել՝ հակառետրովիրուսային բուժման արդյունավետությունը ՄԻԱՎ-ի կանխարգելման համար հավասար է պահպանակի արդյունավետության, հենց այս պատճառով մարդիկ կարող են առանց վախենալու պլանավորել իրենց ընտանիքը, երեխաներին: Ժամանակակից տեխնոլոգիաներ են, որոնք ժամանակակից բժշկությունը ապահովում է: Կարևորը՝ դրանք Հայաստանում կան ու մարդկանց հասանելի են»,-ասում է Մադոյանը:
Դիսկորդանտ զույգերը սովորաբար ունենում են պաշտպանված սեռական հարաբերություններ: Երբ պլանավորում են երեխաներ ունենալ, առողջ կինը կամ տղամարդը նույնպես ընդունում է բուժում՝ նախակոնտակտային կամ հետկոնտակտային: Այն օրերին, երբ մեծանում է հղիանալու հավանականությունը, վարակ չունեցող զուգընկերը խմում է հակառետրովիրուսային դեղերը:
«Այդ դեղերը բացի ՄԻԱՎ վարակի բուժման մեջ կիրառվելուց, նաև կիրառվում են որպես՝ կանխարգելում: Եթե նույնիսկ ինչ- որ քանակությամբ վիրուս է առողջ օրգանիզմ թափանցում, դեղերը թույլ չեն տալիս, որպեսզի վիրուսը զարգանա այդ օրգանիզմում և առաջացնի՝ ՄԻԱՎ վարակ հիվանդությունը: Ինչպես թափանցում է, այնպես էլ մահանում է»-ասում է Մադոյանը:
Տեղեկացված լինելով այս ամենից, արդեն Հայաստանում Լևոնը գրեթե չորս ամիս պատրաստվում է սիրած աղջկան խոստովանելու ճշմարտությունը և բացատրելու միասին ապրելու բոլոր հնարավոր պայմանները, որոնք թույլ կտային իրենց երջանիկ լինել:
«Ասելուց հետո ժամանակ տվեցի, որ գնա ու լավ մտածի: Մի քանի օր անց դրական պատասխան տվեց, ես չէի հավատում: Նրա այդ քայլը ես հերոսություն եմ համարում ու ոչ թե դրա համար եմ նրան շատ սիրում, այլ նրա համար, որ մենք կարողացանք իրար հասկանալ»,- խոստովանում է Լևոնը:
Մադոյանը նշում է, որ սովորաբար այն մարդը, ով ունի ՄԻԱՎ վարակ, հերոսություն է համարում ոչ միան զուգընկերոջ արարքը, այլև իր այն ընկերների, ովքեր իր կարգավիճակի մասին իմանալուց հետո շարունակում են մնալ կողքիդ:
«Այդպես է վերաբերվում, որովհետև շատ ուժեղ կոմպլեքսներ է առաջանում մարդու մոտ, երբ իմանում է, որ ՄԻԱՎ վարակ ունի, իրեն թվում է, որ իրենից բոլորը հեռանալու են: Մյուս կողմը, իհարկե, չի համարում, որ ինքը հերոսություն է արել, որովհետև եթե զույգերը սիրում են իրար և ընտանիք են կառուցում սիրո հիմքի վրա, այս դեպքում՝ հերոսության մասին խոսք լինել չի կարող: Մարդիկ իրար սիրում են, ուզում են համատեղ ապրել, ընտանիք կառուցել, սա որքան ՄԻԱՎ վարակ ունեցող մարդուն է անհրաժեշտ, այնքան էլ ՄԻԱՎ վարակ չունեցողին է պետք,-ասում է Մադոյանը,-Կարծում եմ այն մարդիկ, ում չի խանգարում ՄԻԱՎ վարակը, եթե նրանց հերոս չհամարենք, ապա մարդկային բանականության առումով՝ շատերից մի գուցե ավելի բարձր են, որովհետև թույլ չեն տալիս, որ ՄԻԱՎ վարակը խանգարի իրենց սիրուն: Ես առնվազն 10 նման զույգի եմ ճանաչում, ովքեր հիանալի ընտանիքներ են կազմել»:
Լևոնի կինը՝ Ռուզանը նույնպես դուրս է գալիս ՄԻԱՎ վարակի դեմ՝ թույլ չտալով, որ այն խանգարի իրենց միասնությանը: Մասնագետները նրան բացատրում են, որ իրեն ու ապագա երեխային վտանգ չի սպառնում, որ գոյություն ունեն պաշտպանության տարբեր ձևեր:
«Ռուզանը հասկացավ, որ վերջապես մենք կարող ենք երջանիկ լինել: Մեզ համար օրինակ էին ծառայում այն զույգերը, որոնք մեզ նման անցել էին նույն ճանապարհով»,- ասում է Լևոնը:
2012-ին ամուսնանում են, պլանավորելով երեխա ունենալ՝ Ռուզանը սկսում է հետկոնտակտային կանխարգելում ստանալ:
«Շատ դժվար էր դեղը տանում՝ պետք է ամեն անպաշտպան հարաբերությունից հետո մեկ ամիս խմեր: Մեկ շաբաթ էր խմել ու չէր կարողանում շարունակել՝ սրտխառնոց, գլխապտույտ: Անցավ մեկ տարի, երկու, շատ էին հարցնում, ինչի՞ երեխա չեք ունենում: Նորից փորձեցինք, ու հիմա, փառք Աստծո, կինս չորս ամսական հղի է,- ուրախությամբ ասում է Լևոնը: – Նա իմ սերն էր, ում ես սիրել էի և ում հետ էլ կյանքս կապեցի»:
ՄԻԱՎ-ը չի խանգարել Լևոնին գնալ ամենակարևորին՝ ընտանիք կազմել և երեխա ունենալ: Հիմա երջանկությունը նրա աչքերում է:
Իր կյանքի խնդիրների շարքում հիվանդությունը վերջին տեղում է:
«Եկեք՝ խնդիր էլ չասենք, ես հիմա ավելի շատ պրոբլեմներ ունեմ, քան դա, շատ մարդկանց խնդիրների նման, ովքեր չգիտեն, թե մենք ինչ կարգավիճակում ենք ապրում»,- ասում է նա:
Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm