Լրահոս
Օրվա լրահոսը

Հայը եւ հոգեւորը. Նոր եկեղեցիներ

Դեկտեմբեր 01,2014 12:17

 Եկեղեցու կանոնավոր հաճախումը նույնքան անընդունակ է մարդուն քրիստոնյա դարձնելու, որքան գարաժի կանոնավոր հաճախումն է անընդունակ մարդուն դարձնել վարորդ:

Ալբերտ Շվայցեր

 Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այդ անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ… Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ…

Րաֆֆի, «Ջալալեդդին»:

Ինչպիսի՞ն են հայկական եկեղեցիները: Իմ բարեկամ, դաղստանցի հնագետ և պատմաբան Մուրտազալի Հաջիևը ասում էր, որ եղել է աշխարհի շատ երկրների սրբավայրերում և մտել տարբեր կրոնների տաճարներ, որոնցից, իր կարծիքով, ամենաազդեցիկը հայկական եկեղեցիներն են: «Եվ գիտե՞ք որն է նրանց տարբերակիչ լավագույն հատկանիշը՝ ասկետիզմը»:

Ճաշակին ընկեր չկա, իհարկե, բայց մեր շատ եկեղեցիներ, իրոք, շատ լավն են: Մեր եկեղեցիները չեն կարող մրցել շատ ուրիշների հետ ճոխությամբ, հարստությամբ, մեծությամբ: Եվ ճոխ ու հարուստ եկեղեցիներն էլ բնորոշ են մեծ ու հզոր կայսրություններին՝ Բյուզանդիա, Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան: Դրանք հաճախ շատ տպավորիչ են, գեղեցիկ, ազդեցիկ… Բայց, տեսեք, մի գիտնականի, շատ խելոք ու զարգացած մարդու, որ նույնիսկ քրիստոնյա ժողովրդի ներկայացուցիչ էլ չէ, առավել ազդեցիկը հայկական եկեղեցիներն են թվացել: Եվ ինչո՞վ են նրանք ազդում, ի՞նչն է նրանց առավել սրբություն հաղորդում՝ ասկետիզմը: Այսինքն, կատարելության հասցված, ծայրահեղ չափավորությունն ու զսպվածությունը:

Ասկետիզմը մի բան է, որը մեզանում այժմ «դուրս է խաղի կանոններից»: Ասկետը «ճգնավոր» է նշանակում: Եթե ներկա Հայաստանում մենակյաց ճգնավորներ լինեին, նրանց սննդակարգն էլ դժվար պիտի լիներ պատկերացնել առանց քյաբաբ-չալաղաջի, իր թաշախուստով… Դատելով մեր հոգևորականներին նվիրաբերվող ճոխ ավտոմեքենաներից և համանման այլ իրողություններից, նրանք պիտի ճգնեին, իրենց ժուժկալությունը, ծոմն ու պասը պահպանեին օրիորդների հետ ֆիննական բաղնիք այցելությունների և «ախպերության» սեղաններն օրհնելու միջև եղած կարճատև ընդմիջումների ժամանակ միայն: Մեր նոր եկեղեցիները հետևում են հին մոդելներին ձևականորեն, բայց ոչ բովանդակությամբ: «Տիրապետող կրոնը երբեք չի լինում ասկետիկ», ըստ Թոմաս Մաքոլեյի: Եվ մեր նոր եկեղեցիները, որպես, բազմադարյա ընդմիջումից հետո, ի վերջո, տիրապետող դարձած կրոնի կառույցներ, ձգտում են դուրս գալ քրիստոնեական ասկետիզմի շրջանակներից: Ինչպես և մեր քրիստոնյա ժողովրդի ու նրա հոգևորականների ժամանակակից կենսակերպը բովանդակությամբ չի հետևում քրիստոնեական ժուժկալության ու բարոյականության պատգամներին:

Պե՞տք է նորանոր մեծ եկեղեցիներ կառուցել: Դրանք չեն, որ պիտի խորացնեն մեր հավատը և մեզ տանեն հաղթանակների: Ավելի լավ է անխնամ մնացած հները նորոգել, չթողնել, որ կործանվեն: Իսկ եթե շատ է անհրաժեշտ, կառուցեք ասկետիկ շինություններ: Ասկետիզմը քրիստոնեական բարձրագույն արժեք է: Եվ հայկական տաճարի բարձրագույն հատկանիշը:

Ինչո՞ւ են ներկա հայ բարեգործները հսկայական միջոցներ ծախսում եկեղեցիներ կառուցելու համար: Նախ, որպեսզի հեղինակություն ձեռք բերեն վերևներում և ազդեցություն ունենան ներքևներում: Իսկ եթե իրոք հավատում են՝ ապա որպես կաշառք աստծուն: Որպես ինդուլգենցիա: Տերը, ուրեմն, տեսնելով, որ քո ունեցածի մի մասը հատկացրել ես եկեղեցի կառուցելուն, կների քո մեղքերը: Երևի կան նաև ոչ այդքան շահախնդիր մարդիկ. թող հայրենի բնակավայրի մարդիկ հեռու չգնան, իրենց մոտ էլ եկեղեցի ունենան:

Բայց եթե շատ փող ունեք և շատ եք ուզում մի լավ ու օգտակար բան անել, եկեք հիշենք Րաֆֆու խոսքերը: Պատկերացրեք, որ պակաս հեղինակություն չեք նվաճի: Եթե բանակին օգնեք, մեր իշխանությունները գուցե և ձեզ ավելի հարգեն: Րաֆֆու հերոսն ասում է՝ ամրոցներ կառուցեիք, զենք ձեռք բերեիք… Իսկ հիմա ի՞նչ անել: Դա կարելի է համաձայնեցնել պետության և բանակի ղեկավարության հետ: Կարելի է օգնել և այլ ձևերով՝ սպաներին լավագույն կրթություն ապահովել, բանակին մարզական գույք գնել, մշակութային միջոցառումներ անցկացնել, կամ ուղղակի փակել որոշ զորամասերի՝ ասենք՝ վաշտի, գումարտակի կամ գնդի որոշ ծախսեր:

Եվ Րաֆֆու խոսքը, թեկուզ և մեկ ու կես դար անց, կհասնի նպատակին:

 

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Հարգելի Արմեն Պետրոսյան

    Հետաքրքրությամբ եմ կարդում ձեր հոդվածները: Իսկապես հատկանշական է, որ օտարը նկատել է այն, ինչ ինքներս չենք նկատում:

    «Այս վանքերից ծագեց մեր կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը. նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ… »

    Րաֆֆին 19րդ դարի ծնունդ լինելով չէր կարող անմասն մնալ այն համատարած ռոմանտիկ ու ըմբոստ պաթոսին, որն ի վերջո հանգեցրեց քսաներորդ դարի վայրագություններին ու անմարդկային դաժանություններին: Բանակին օգնելը պարտադիր չէ, որ լինի ի վնաս հավատքի կամ որևէ մշակութային կոթողի:

  2. henri says:

    ՆարԳոլիսէի մէջեկացին,Հերացին,Մխիթար Գոշը,Խորենացին ,Շարականները,Ձեռակիրները արդեօք որ ամրոցներուն եւ բերդերուն մէջ գրուած են։ Նափոլէոնի,Հռոմի,Շամիրամի թէ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031