Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի ֆենոմենը-2

Դեկտեմբեր 01,2014 11:34

Անցած անգամ փորձեցինք հասկանալ Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի հաջողությունների գաղտնիքը, բայց չհասցրինք, ավելի ճիշտ՝ չկարողացանք, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի եւ իր ԲՀԿ–ի քաղաքական առաջընթացը ոչ միայն բացատրելն է դժվար, այլեւ՝ հասկանալը:

Որովհետեւ Գագիկ Ծառուկյանն անկախացած Հայաստանի քաղաքական կյանքում իր զուգահեռն ու նախադեպը չունի: Անցած անգամ փորձեցինք զուգահեռ անցկացնել իր ու Տիգրան Կարապետիչի միջեւ, բայց անմիջապես զգացինք, որ անհաջող ու ոչ ճիշտ համեմատություն է, չնայած, այնուամենայնիվ, համեմատության եզրեր կան, եւ այդ եզրերն առաջին հերթին կապվում են քաղաքականության մեջ բարեգործության նշանակության, կարեւորության եւ ընդհանրապես քաղաքական բարեգործության հետ:
Այս մի քանի տարում ԲՀԿ–ն ու անձամբ Ծառուկյանն այնքան առաջացան, որ հաստատ կդժգոհեն, եթե իմանան, որ ինչ-որ մեկը հանդգնել է իրենց համեմատել Տիգրան Կարապետիչի եւ երջանկահիշատակ ԺԿ-ի հետ:

Բայց, ինչքան էլ չհամաձայնվենք, փաստ է, որ Կարապետիչի սկսածը շարունակողներ կան. ընդ որում՝ առավել գիտակցված ու առավել մասշտաբային շարունակողներ: Բայց Ծառուկյանը, ի տարբերություն Կարապետիչի, սրա ու նրա դեմ ունքերը կկոցած չի չարանում, սրան ու նրան չի ծաղրում, չի հոխորտում: Ընդհակառակը. կոնկրետ որեւէ մեկի դեմ չի խոսում, եւ այդ իմաստով շատ նման է ու՞մ. եթե ասեմ, չզարմանաք. իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս նույնպես կոնկրետ անձանց դեմ չի խոսում. ավելին. շարունակ հայտարարում ու շեշտում է, որ իրենց պայքարը ոչ թե կոնկրետ անձանց դեմ է, այլ՝ հանուն գաղափարի եւ հայ ժողովրդի բարօրության: Փաստորեն, ինքն էլ է բարգավաճ Հայաստան խոստանում, բայց՝ սփյուռքյան առոգանությամբ ու շեշտադրությամբ, եւ քանի որ մանավանդ քաղաքական ու ազգային հարցերում սփյուռքյան առոգանությունն առավել ընկալելի է, մեր ընտրողները նախագահական վերջին ընտրության ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանին չափազանց մեծ քանակությամբ ձայներ շնորհեցին, եւ չնայած Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողվեց էդ ձայներին տիրություն անել, ձայները կային եւ փաստ էին, եւ էդ ձայների զգալի մասը, ըստ ամենայնի, Տեր–Պետրոսյանինն ու Ծառուկյանինն էին, որոնք իրենց թեկնածությունները չէին դրել վերջին նախագահականին, իսկ թե ինչու չէին դրել՝ միայն իրենց է հայտնի, եւ «իրենց» եմ ասում, որովհետեւ վերջին նախագահականից առաջ Տեր–Պետրոսյանն ու Ծառուկյանն արդեն քաղաքական համախոհներ ու դաշնակիցներ էին, իսկ թե ինչ եւ ինչպես եղավ, որ էս երկուսը հանկարծակի քաղաքական համախոհներ դարձան, միայն իրենց է հայտնի, եւ սովորական մահկանացուներիս համար առ էսօր անհասկանալի է երկուսի էդ անհասկանալի ու անմեկնելի դաշինքի բուն շարժառիթն ու նպատակը, բայց որ քաղաքագիտական վերլուծությունների էս վերջին տարիներին ՀԱԿ–ն ավելի շատ է ԲՀԿ–ի հանդեպ ռեւերանսներ արել (քան՝ հակառակը), դա միանգամայն ակնհայտ է, եւ եթե որոշ դիտորդներ էս հանգամանքը ֆինանսական հանգամանքների ու խնդիրների հետ են կապում, միանգամայն հասկանալի ու ընկալելի է, բայց ֆինանսականից բացի՝ այլ խնդիրներ էլ կան ու գոյություն ունեն, եւ դրանցից առաջինը Գագիկ Ծառուկյանի կերպարի բոլորեքյան ընդունելիությունն է, ինչպես նաեւ՝ այդ կերպարի հետ կապված ողջ ապահովությունն ու անվտանգությունը. Ծառուկյանը կրտսեր Դեմիրճյանի պես շարունակ շեշտում է, որ իրենք իրենց նպատակին սահմանադրական ճանապարհով են հասնելու, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի պես էլ ասում ու կրկնում է, որ իրենք որեւէ մեկի դեմ անձնական թշնամություն ու խնդիրներ չունեն, եւ չնայած ժողովուրդը ժամանակին եւ՚ կրտսեր Դեմիրճյանից է հիասթափվել, եւ՚ Րաֆֆի Հովհաննիսյանից, Ծառուկյանին կարծես թե հավատում է. առայժմ կարծես թե հավատում է. իսկ թե ինչու է հավատում, դժվար է հասկանալ ու մանավանդ բացատրել:

Բայց եւ՚ հասկանալն է ցանկալի, եւ՚ բացատրելը, մանավանդ որ՝ դեմներս նոր տարի է, եւ անցանկալի է էսպես չհասկացած սկսել նոր տարին:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Երվանդ says:

    Ծառուկյանը Հայաստանի ամենաբաձր վարկանիշ ուենցող քաղաքական գործիչներից մեկն է. իսկ դրան նա հասել է բոլորին հոսնելու, բոլորի խնդիրնրին ականջալուր լինելու և իր հանարավորության սահմաններում բոլորին օգնելու պատրաստակամության շնորհիվ.

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031