Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխատունակության կորուստն աշխատանքային խեղման հետեւանք է

Դեկտեմբեր 01,2014 14:30

2007 թ. փետրվարից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի
աշխատակիցը չի կարողանում դատական ատյաններում ապացուցել,
որ անաշխատունակ է դարձել աշխատանքի վայրում:

Երկրորդ խմբի ցմահ հաշմանդամ, մասնագիտական աշխատանքի 70 տոկոս կորուստ ունեցող Պավել Ալեքսանյանը 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2013 թ. սեպտեմբերի 1-ը զրկված է եղել իրեն հասանելիք աշխատավարձից, քանի որ ինչպես ինքն է ասում՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանը՝ քննության առնելով իր գործը, զրկել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ից ստանալու իրեն հասանելիք դրամական միջոցները։

«Դատավորը ոչ միայն անզգուշությամբ դատական սխալ է թույլ տվել, այլեւ իր դիտավորյալ եւ կանխամտածված գործողություններով խոչընդոտում է իր իսկ կողմից տրված կատարողական թերթիկով նախատեսված գումարը ստանալու գործին եւ իր անհիմն ցուցումներով թյուրիմացության մեջ է գցել հարկադիր կատարողներին։ Նա մութ ուժերի ձեռքին դարձել է խաղալիք եւ եթե նա օրենքի կիրառման փոխարեն պատվեր է կատարում, ապա նա դատավոր աշխատել չի կարող», ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ՀՀ արդարադատության խորհրդի նախագահ Արման Մկրտումյանին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ուղղված բողոքում գրել էր երկրորդ խմբի ցմահ հաշմանդամը։

Պավել Ալեքսանյանը տեղեկացնում է, որ 2010 թվականի հունիսի 7-ին դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանն ի պաշտոնե քննել է իր հայցը՝ ընդդեմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի եւ վճռով հաստատված է համարել, որ 2007 թ. փետրվարի 7-ին Պ. Ալեքսանյանը մարզահամերգային համալիրում աշխատելու ժամանակ «աշխատանքի անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով ընկել է եւ ստացել ծանր մարմնական վնասվածք»։ Ի դեպ, այդ մասին կազմվել է ակտ, իսկ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության բժշկա-սոցիալական էքսպերտ հանձնաժողովը որոշել է, որ Պ. Ալեքսանյանը կորցրել է մասնագիտական սկզբում՝ 100 տոկոս, այնուհետեւ՝ 90 տոկոս աշխատունակությունը, որի հիման վրա էլ մարզահամերգային համալիրի դրամական միջոցներից պետք է բռնագանձվեր 1 մլն 944 հազար ՀՀ դրամ։ Քանի որ կամավոր վճարում չէր կատարվում, դատարանի մեկ այլ վճռով՝ դատավոր Իսկուհի Վարդանյանի նախագահությամբ, հաստատվել է Պ. Ալեքսանյանի խեղման փաստը եւ կրկին դատարանի վճռով նրան տրվել է համապատասխան փոխհատուցում։ «Կրկնում եմ՝ քանի որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ղեկավարությունը հրաժարվում է իմ մասնագիտական աշխատանքային կորստին համապատասխան աշխատավարձը կամովին վճարել, ստիպված դիմում էի դատարան, ստացման հարցը դատական կարգով լուծում տալու համար»,- ասում է Պ. Ալեքսանյանը։ Ըստ նրա՝ իր հերթական հայցադիմումի քննարկման ժամանակ Հրաչիկ Հովհաննիսյանը՝ ձեռքի տակ ունենալով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության բժշկա-սոցիալական էքսպերտ հանձնաժողովի 2012 եւ 2013 թթ. տեղեկանքները, «առանց խղճի խայթ զգալու՝ վերցրեց եւ վճռում արձանագրեց, որ գործով չի ապացուցված, թե այդ խեղումը Պ. Ալեքսանյանը, այսինքն՝ ես, ստացել եմ համալիրում աշխատելիս»։ Պ. Ալեքսանյանն ասում է, որ դատավորն աչք է փակել ՀՀ բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության կողմից կայացրած վարչական ակտերի քաղվածքում եղած ուղեգրող կազմակերպության անվան դիմաց նշված «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» գրառման առկայությանը եւ կամայական մոտեցմամբ իր վճռում նշել է. «Տվյալ դեպքում հայցվորի կողմից դատարան չի ներկայացվել որեւէ ապացույց, որում ուղղակիորեն կհիմնավորվեր այն, որ հայցվորի մասնագիտական աշխատունակության 70 տոկոս կորստի աստիճանը բացառապես կապված է մեկ գործոնից, այն է՝ 2007 թ. փետրվարի 7-ին տեղի ունեցած դժբախտ պատահարից»։ Պ. Ալեքսանյանն ասում է նաեւ, որ իր աշխատունակության կորուստը աշխատանքային խեղման հետեւանք է։ Ի դեպ, դատարանը մերժել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հակընդդեմ հայցը, արձանագրելով. «Ինչ վերաբերում է հակընդդեմ պահանջի մերժմանը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջեւ դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում»։ Այնուհետեւ հիշատակվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը՝ անդրադառնալով հիշյալ իրավանորմի մեկնաբանությանը, արձանագրել է օրինական ուժի մեջ մտած սկզբնական ակտի «նախադատելիությունը», պայմանավորվում է նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով հաստատված հանգամանքներին։ Նախկիում քննված գործերով կայացված վճիռներով հաստատված են, որ Պ. Ալեքսանյանի աշխատանքային խեղումը տեղի է ունեցել մարզահամերգային համալիրում 2007 թ. փետրվարի 7-ին, սակայն «նախադատելիությունը» կիրառվեց հայցվորի նկատմամբ։ Վերաքննիչ դատարանն այս երեւույթը համարեց կամայական մոտեցում, բեկանեց 1-ին ատյանի դատական ակտը եւ այդ հիմքով էլ Պ. Ալեքսանյանին տրվել է կատարողական թերթ, արգելանք է դրվել համալիրի դրամական միջոցների վրա. «Փոխարեն ես հրավիրվեի դատական ակտերի հարկադիր կատարողների ծառայություն՝ հասանելիք աշխատավարձս ստանալու համար, սակայն տեղեկացել եմ իմ ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալաբանյանի կողմից, որ համալիրի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումները վերացվել են դատավոր Հովհաննիսյանի ցուցումով։ Դատավորն իր ձեռքի տակ չէր ունեցել անգամ համալիրի ղեկավարության դիմումը, վճռի պահանջները չկատարելու խնդրանքը, սակայն կայացրել էր վճռի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու մասին որոշում, հավանաբար, միայն հեռախոսային զանգի տիրոջը հաճոյանալու համար»,- ասում է Պ. Ալեքսանյանը։

Նա 3 տարի է, ինչ չի ստացել աշխատանքային խեղման իր հասանելիք աշխատավարձը, նրա 2 անչափահաս երեխաները մնացել են առանց նյութական միջոցների, իսկ ինքը՝ առանց բուժման։

Ա. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031