Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ`«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության հետ կապված

Դեկտեմբեր 01,2014 11:21

Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, որը կապված է Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղի հարակից տարածքում «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում բնությանը պատճառված վնասների հետ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 290 հոդվածով («Հողը փչացնելը») եւ 296 հոդվածի 2-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը,որը կատարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում»): Քրեական գործով նշանակված է փորձաքննություն:

2012 թվականի մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում ,«Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել: Դրա ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա, բազմաթիվ ծառեր են հատվել, հողի շերտի փոփոխություն է եղել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում դադարեցվեց Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունը:

2012թ. դեկտեմբերին Գետահովտի բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ առանց շինարարական թույլտվության ՓՀԷԿ-ի կառուցման ժամանակ բնությանը պատճառված վնասի համար քրեական գործ հարուցելու համար: Այդ դիմումը ուղարկվել էր Տավուշի մարզի դատախազություն, այնտեղից՝ ոստիկանության Իջեւանի բաժին:

Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, փոքր ՀԷԿ-ի շինարարությունը վերսկսվել է: 2013թ. հունիսի 3-ին ՓՀԷԿ-ի շինարարությունում աշխատող էքսկավատորի վրա ընկել էր ժայռ, որի հետեւանքով վարորդ, Եղվարդի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին ՀԷԿ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն: Գետահովտի բնակիչները բողոքել են «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ՀԷԿ-ի շինարարության դեմ, որ ՀԷԿ-ի գործունեությունը նվազեցնում է Պաղջուր գետի հոսքը, վնասում գետի ձկնային պաշարները:

Բողոքները մարեցին, երբ «Մեգաէներջի» ՍՊԸ-ն սկսեց որպես նվիրատվություն Գետահովտում աշխատանքներ կատարել: «Մեգաէներջին» Գետահովտում կառուցել է գիշերային լուսավորության ցանց, համայնքին նվիրաբերել է տրակտոր, գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը նորոգել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Պղծեցին կուսական բնությունը պիղծ հոգիները:Երբ այրվի շուրջն ամեն ինչ, ես կպաշտպանեմ գյուղն այդ իմ սրբատեղի, մենակ և կպաշտպանեմ ցանկացած գլոբալիզմից, երբ այլևս հայի ձեռք չհասնի ու չավերի հող, ծառ ու հոգի:Իմ սիրտն այնտեղ է:Այնտեղ էլ հայիզմի որձաբութերի ձեռքը հող ու ջուր իրար է խառնել:Հրեշները երբ հեռանան ու վերանան, ես իմ սրբատեղին կպաշտպանեմ ողջ աշխարհից:Դա ինձ համար ավելին է, քան այն հանուն ինչի ապրում եմ:

  2. Garegin says:

    Հարգարժան Ոսկան Դուք մի քանի անգամ անդրադարձել եք այս հարցին, սակայն չեք կարծում, որ «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության հետ մեկտեղ, պետք է պատասխանատվության ենթարկվեն նաև բնապահպանները, մարզային դատախազության այն ժամանակվա պատասխանատու աշխատակիցները, քանի որ Գետահովիտի բնակիչներն իրենց բողոքը հենց այդ կառույց են ուղարկել, Տավուշի նախկին մարզպետը, ով միանշանակ կապ ունի հողհատկացումների հետ, մի խոսքով բոլոր նրանք, ում թողտվությամբ ու անգործությամբ, կամ համապատասխան գումարի դիմաց այսկերպ գործելու պատճառով, այս ամենը կարելի դարձավ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031