Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան պատերազմի մասնակից կինովավերագրողը փակագծեր է բացում

Դեկտեմբեր 01,2014 13:30

Գագիկ Հարությունյանի «Հաղթանակի կոդը» ֆիլմաշարը շարունակություն կունենա

Երեկ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ արցախյան պատերազմի մասնակից, կինովավերագրող Գագիկ Հարությունյանի «Հաղթանակի կոդը» խորագրով ֆիլմաշարի երրորդ՝ «Գութաներգ» նկարի ցուցադրությունը։ Ֆիլմը հանդիսատեսին տանում է Լոռու շրջան՝ Վարդաբլուր գյուղ, որտեղ Կոմիտաս վարդապետը, տեսնելով գյուղացու տքնաջան աշխատանքը, լսելով նրա երգն ու զրնգուն ձայնը, տեղում գրի է առնում այն՝ հայտնի գութաներգը։

Կինովավերագրողի հետ զրույցում «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ռեժիսորը նախորդ՝ «Մուսալեռից Խնապատ», ֆիլմից հետո դիմել է հենց վարդապետի արվեստին։ Գագիկ Հարությունյանը նախ պատասխանեց Ռոքոուէլ Քենթի խոսքերով՝ «Հայերը մի ձեռքով պաշտպանվում են, մյուսով՝ ստեղծագործում», հետո էլ շարունակեց. «Ծանոթանալով Կոմիտասի «Լոռվա գութաներգ». Վարդաբլուր գյուղի ոճով» աշխատությանը, վերջնականապես հանգեցի այն եզրակացության, որ հենց «Գութաներգը» հանդիսանում է հայերիս գաղափարախոսության հենքը, այն ունի պատմամշակութային խորը արմատներ, քանի որ ի վերջո քաղաքակրթության հիմքն էլ հողագործությունն է»։

Անդրադարձանք կինովավերագրողի՝ շուրջ երկու տարի առաջ ստեղծած «Մուսալեռից Խնապատ» ֆիլմին, որը ոչ միայն ցուցադրվել է Հայաստանում, այլեւ Ֆրանսիայի, Ռուսաստանի քաղաքներում եւ այլն։ Հարցին, թե ի՞նչ ընդունելություն է գտել այս գործը ֆրանսահայերի, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների շրջանում, Գագիկ Հարությունյանն ասաց. «Ընդհանուր առմամբ, հանդիսատեսը ողջունեց նկարը, որտեղ զուգահեռ է անցկացվում Մուսա լեռան ճակատամարտի եւ արցախյան պատերազմի, մասնավորապես՝ Խնապատ գյուղի ճակատագրի միջեւ։ Եթե Մուսալեռում հաղթանակը մեծ հաշվով մարդկանց փրկությունն էր, որն ի վերջո եկավ ծովից, ապա արցախցու խոսքերով՝ Աղդամի ռեխին գտնվող Խնապատում մարդիկ ոչ միայն փրկվեցին, այլեւ համախմբված գործողությունների արդյունքում պահպանեցին գյուղը։ Ավելին՝ դրանով լուծեցին կարեւոր ստրատեգիական խնդիր՝ կրակի տակ էին պահում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը…»։ Հավելեց նաեւ, թե ի վերջո Հայաստանն էլ փոքր Մուսալեռ կամ Խնապատ է, եւ, Աստված մի արասցե, նման ճակատագրական պահին հայերիս գերխնդիրն առաջին հերթին պետք է լինի դարձյալ համախմբվելը։

Դիտարկմանը՝ ժամանակին «Մուսալեռից Խնապատ» ֆիլմի ցուցադրությունից հետո կուլիսային խոսակցություններ էին շրջանառվում, որոնց այդպես էլ պատասխան չտրվեց, մեր զրուցակիցը՝ առանց մանրամասնելու, ասաց հետեւյալը. «Ֆիլմի հերոսուհին՝ Սոնան, իր եղբոր զոհվելուց հետո ասում է. «Եթե եղբայրս՝ Սանասարը, զոհվեր թուրքի կրակից, ասելու բան շա՜տ կունենայի, բայց երբ նա ընկավ հայի կրակից՝ բան չեմ գտնում ասելու…»։
Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ «Հաղթանակի կոդը» ֆիլմաշարը կունենա շարունակություն։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Գագիկ Հարությունյանը՝ Մարսելում «Մուսալեռից Խնապատ»
ֆիլմի ցուցադրությունից առաջ։

«Առավոտ» օրաթերթ
29.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ժանետա says:

    Փառք քեզ ու քո հայրենանվեր գործին: Դու ռազմիկ ես եվ կռվի դաշտում եվ խաղաղ ժամանակ: Հաջողություն քեզ ,քո գործին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031