Երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանն այդ գործին է ձեռնամուխ եղել
Երգչուհի Հասմիկ Բաղդասարյան -Դոլուխանյանը ծնվել է Երեւանում: Միջնակարգ դպրոցի հետ համատեղ՝ հաճախել է Հայաստանի երգչախմբային ընկերություն, այնուհետեւ ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` դոցենտ Վիլենա Եսայբեկյանի վոկալի դասարան: Ի շնորհիվ ուսուցչուհու, արդեն կոնսերվատորիայի ավարտին, Հասմիկը հստակ կողմնորոշվել էր կատարվող երաժշտական ոճի ընտրությունում` դա կամերային երաժշտությունն էր:
Զգալով ուսանողուհու նախահակումը հոգեւոր երաժշտության նկատմամբ՝ Վիլենա Եսայբեկյանը օգնեց ապագա երգչուհուն, ընտրելով նրա համար կատարողական համապատասխան ծրագիրը, որից հետո ու այսուհետ Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի երգացանկում ընդգրկվեցին Կոմիտասի եւ ընդհանրապես հայ հոգեւոր երաժշտության մարգարիտները:
Կոնսերվատորիան ավարտելուց հետո հաջորդեցին տարբեր երկրներ հրավերները` համերգներն ու ներկայացումները, բազմաթիվ ֆիլմերի համար երաժշտության ձայնագրությունները:
Մի քանի տարի շարունակ Բուդապեշտի (Հունգարիա) Կամերային օպերայի բեմում ցուցադրվում էր «Հայկական լեգենդը» ներկայացումը, որը նվիրված էր Հայաստանում Քրիստոնեության 1700-ամյակին: Բեմադրության ռեժիսորն էր Դոմոկոշ Մոլդովանը, իսկ երաժշտության հեղինակը՝ հայտնի հունգարացի կոմպոզիտոր Լասլո Մելիշը։ Ներկայացումը պարային էր եւ կուլմինացիոն հատվածներում հնչում էին հայկական հոգեւոր օրհներգեր՝ շարականները Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի կատարմամբ։
Երգչուհին աշխատել է Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախմբում, ինչպես նաեւ երկար տարիներ Գեղարդի վանքի երգչախմբի մենակատարն է եղել։
Հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց է իր երկրորդ ազգանունը, ազգակցական կապ ունի՞ Զարուհի Դոլուխանյանի հետ։ «Դոլուխանյանը իմ իսկական ազգանունն է։ Սյունիքում, որտեղից է իմ հայրը, ավանդույթ կա՝ ընտանիքում կրտսեր երեխաներին պապերի անունով ազգանուններ տալը։ Ավագները ժառանգեցին Դոլուխանյան ազգանունը, իսկ հայրս իր քրոջ հետ դարձավ Բաղդասարյան՝ Բաղդասար պապու անունով։ Հայրս միշտ ցանկացել է վերադարձնել Դոլուխանյան ազգանունը։ Զառան էլ Ալեքսանի՝ հորս հորեղբոր կինն էր, որը ամուսնուց բաժանվելուց հետո պահպանեց մեր ազգանունը»,- հայտնեց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը: Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Լույս» կվինտետին։ «Արդեն տասը տարի գոյություն ունի մեր վոկալ հնգյակը: Այս համույթը բաղկացած է բացառապես կանանց ձայներից. սոպրանո՝ ես եմ եւ Մարիամ Մայիլյանը, ալտերը՝ Մարինա Նազարյանը, Շահանե Զալյանը եւ Սոֆյա Կոնջոյանը: Տասը տարի մենք միասին շրջագայությունների ենք մեկնում, ինչպես նաեւ մասնակցում բազմաթիվ միջազգային փառատոների՝ աշխարհով մեկ կատարելով հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտությունը»,- նշեց երգչուհին:
Նաեւ հավելեց՝ «Լույս» կվինտետը եղել է Կանադայում, Անգլիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Իտալիայում: Համույթը համագործակցում է ժամանակակից կոմպոզիտորների հետ։ «Այդպիսի համագործակցության փայլուն օրինակ է ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Օդիյանի հետ համատեղ ձայնագրված ստեղծագործությունները, որոնք գրված էին միջնադարյան վանականի՝ Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա»,-ասաց երգչուհին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Վահան Արծրունու հետ համատեղ լույս են ընծայել «Մաշտոց։ Սուրբ մարգարիտներ» ալբոմը, որտեղ ձայնագրվել է Մեսրոպ Մաշտոցի 11 շարական՝ Վահան Արծրունու երաժշտական ձեւավորմամբ ու իր կատարմամբ։ Դաշնակահար Ջուլիետ Վարդանյանի հետ ավարտել են CD-ի ձայնագրությունը, որտեղ զետեղված են հայ կոմպոզիտորների (Ալ. Հարությունյան, Հ. Ավետիսյան, Ռ. Մելիքյան) օրորոցայիններ:
ՎԻԿՏՈՐՅԱ ՓՈՇՈՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2014