Այս օրերին, դիտելով ռուսական ՀՁՀ ալիքով «Եկատերինա» բազմասերիանոց ֆիլմը, ակամա մտածեցի ահա թե ինչի մասին:
Խոսում ենք երեքհազարամյա հայ մշակույթի եւ փառահեղ պատմության մասին, բայց արի ու տես, որ անկախ Հայաստանում ոչ մի արվեստագետի, պետական գործչի կամ բուն մշակույթի նախարարության մտքով անգամ չի անցնում մարմնավորել որեւէ գեղարվեստական ֆիլմով մեր պատմության ամենափայլուն ու վեհ էջը՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը, երբ հայերը իրոք ունեին «ծովից ծով» Հայոց կայսրություն: Դա կարող էր լինել մի ֆիլմ, որը ցուցադրելով աշխարհով մեկ, կապացուցեինք օտարներին, որ մենք էլ ենք տիրել, այլ ոչ թե միայն տրվել, մենք էլ ենք հրամայել, այլ ոչ թե միայն ենթարկվել ուրիշների կամքին ու հրամաններին… Թե չէ այս անխիղճ աշխարհը կարծես թե վերջնականապես գալիս է այն համոզմունքին, որ ժամանակակից հայերն ու Հայաստանը կիսասոված, թշվառ ու դեռ «զարգացող» մի ազգ ու երկիր են, որոնք մուրում են երկրագնդով մեկ իրենց ապրուստը, դեգրադացիայի ճանապարհը բռնած… Միայն թե տեսնեք, ինչ ահավոր վիրավորական կարծիքներ ու մտքեր են արտահայտում մեր ազգի ու երկրի մասին «լայն մասսաները», օրինակ, ռուսաստանյան սոցիալական ցանցերում… Առանց զայրույթի դրանք հնարավոր չէ կարդալ… Պետք է կտրուկ փոխել այդ կարծրատիպը գոնե մշակույթի, կինոյի ու TV արվեստի միջոցով:
Երբ մենք դիտում ենք ֆրանսիական, անգլիական, ռուսական կամ ամերիկյան պատմական սյուժեներով նկարահանված լայնամասշտաբ կինոնկարներ, մենք ակամա լցվում ենք հարգանքով ու պատկառանքով այդ ազգերի ու երկրների հանդեպ, եւ դա է, փաստորեն, այդպիսի ֆիլմերի արտադրման գաղափարական սյունը, իմաստը. տեսեք ով ենք մենք, հիացեք, ենթարկվեք ու ընդօրինակեք այսպիսի մեծ ու փառահեղ ազգին… Կարճ ասած՝ «մեր դեմ խաղ չկա»… Մենք պաշտում ենք Հին Հռոմը, Հին Հունաստանը, Ֆրանսիան կամ Անգլիան ոչ միայն գրականության, այլ նաեւ կինոարվեստի փայլուն նմուշների շնորհիվ…
Վերադառնալով մեր «հայոց մշակութային դարդերին», ասեմ, որ, ինչքան հիշում եմ, կան նաեւ հաջողված գեղարվեստական ստեղծագործություններ՝ Տիգրան Մեծի եւ իր ժամանակաշրջանի մասին: Կարելի է պարզապես անդրադառնալ դրանցից որեւէ մեկի էկրանավորմանը… Գիտեմ, որ կհնչեն ռեպլիկներ, կարծիքներ՝ ՓՈՂ ՉԿԱ… Հավատում եմ, որ մեր բավականին համեստ (բոլոր տեսակետներից) պետությունը իրոք գումարներ չունի որպես «հոգեւոր սնունդ» հրամցնելու մեր «փայլուն պատմությունը» աշխարհին ու իր քաղաքացիներին, բայց չէ որ կան մեր մեծահարուստները եւ բարերարները: Որ օրվա համար են:
ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների
եւ գրողների միության անդամ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
29.11.2014