«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի դեմ ԱԺ Էթիկայի մշտական հանձնաժողով դիմում է ներկայացրել:
Զարուհի Փոստանջյանը դիմումում պահանջում է, որ հանձնաժողովը քննարկի Արտակ Զաքարյանի գործողությունների իրավաչափության հարցը:
Բանն այն է, որ նոյեմբերի 2-ին, երբ ԼՂՀ-ում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, ըստ Զարուհի Փոստանջյանի, հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը եւ նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել է հարցի քննարկմանը: Իսկ այդ օրը նիստում քննարկվել է հենց տիկին Փոստանջյանի հեղինակած Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը։
Aravot.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ Արտակ Զաքարյանը փակ քվեարկություն եւ փակ նիստ է անցկացրել. «Նախ, օրակարգը մինչեւ հաստատելը նա որոշում է կայացրել նիստը փակ անցկացնելու, հետո այդ որոշումն արդեն տարածվել է իմ կողմից ներկայացված օրինագծի քննարկման վրա»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ դա Արտակ Զաքարյանի միանձնյա՞ որոշումն է եղել նիստը փակ անցկացնելու՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Ոչ, որոշումը միանձնյա չի եղել, բայց քանի որ խախտումը հենց իր կողմից է եղել, ինքն է պատասխանատուն՝ նիստը վարողը»:
Մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք էթիկայի հանձնաժողովից, այն պատժամիջոցներ չի նախատեսում, եթե նույնիսկ որոշվի, որ խախտում է եղել՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Գործիք է, որը պետք է օգտագործվի: Պատժամիջոցներ չկան, բայց հրապարակային հայտարարվում է, որ նա խախտել է, դա բավարար չի՞:՚ Երբ մարդը օրենքը խախտել է, այդ մասին հայտարարվի, դա պատժամիջոց չի՞: Պետք է անպայման կախաղա՞ն հանենք, որ սանկցիա լինի»:
ԼՂՀ ճանաչման հարցի քննարկմանը մասնակցելու համար Զարուհի Փոստանջյանը նախապես հյուրեր է հրավիրած եղել, բայց քանի որ նիստը դռնփակ է անցել, անհարմար իրավիճակ է ստեղծվել, նրանք չեն մասնակցել: Բացի այդ, ըստ Զարուհի Փոստանջյանի. «Քվեարկության արդյունքները գոնե մատչելի կլինեին, կտեսնեինք, թե ով ինչպես է քվեարկում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ