Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Սարգսյան. «ԵՏՄ-ն տանում է դեպի Խորհրդային Միության վերականգնում»

Նոյեմբեր 29,2014 21:38

Տաճատ Սարգսյանի խոսքերով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կնպաստի նրան, որ օր առաջ վերականգնվի Սովետական Միությունը

«Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում միակ արմատական ընդդիմությունն է, որն ունի իր ծրագիրը եւ առաջնորդվում է իր ծրագրով եւ կանոնադրությամբ»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարի ընթացքում լրագրողներին հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Նա նշեց, որ ՀԿԿ-ն Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ունի գրասենյակներ, կուսակցության անդամ կոմունիստների թիվը կազմում է մոտ 20 հազար:  Տաճատ Սարգսյանը նշեց, որ կուսակցության նպատակն է վերադարձնել իշխանությունը. «Իշխանությունը վերադարձնելու համար կա երկու ուղղի՝ քաղաքակիրթ եղանակով կամ հեղափոխությամբ: Այսօր մենք հեղափոխության կոչ չենք անում մեր ժողովրդին, եւ դրա կարիքը չկա: Եթե մենք ցանկանանք էլ չենք կարող այսօր հեղափոխություն անել, ուրեմն՝ պետք է քաղաքակիրթ եղանակով գանք իշխանության: Քաղաքակիրթ ճանապարհով իշխանության գալու համար էլ հանրապետությունում չկա պարարտ նյութ, տեսե՛ք, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում մեր Ազգային ժողովի, նախագահական, ՏԻՄ ընտրությունների ընթացքում: Ընտրությունները կեղծում են, եւ մեզ ձայն տվողներին արգելում են ձայն տալ, որպեսզի մենք անցնենք Ազգային ժողով»:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Տաճատ Սարգսյանն ասաց, որ Կոմունիստական կուսակցությունը երազում է, որ մեկ օր շուտ այն կայանա. «Մենք եղել ենք, կանք, կլինենք հավերժ Ռուսաստանի հետ: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կնպաստի նրան, որ օր առաջ վերականգնվի Սովետական Միությունը, որը ժողովրդին անվճար բուժում, անվճար կրթություն, աշխատանք»:

Հարցին, թե Տաճատ Սարգսյանի կարծիքով Եվրասիական տնտեսական միությունը կլինի՞ ԽՍՀՄ-ի ժառանգորդը, նա պատասխանեց, որ իրենք ցանկանում են ստեղծել մի հասարակությունը, որտեղ ժողովուրդը անվճար ուսում եւ կրթություն կստանա, կունենա աշխատանք. «Սովետական Միությունը, իր թերություններով հանդերձ, համեմատած այս ժամանակների հետ, սրբավայր էր. Ոչ մի ծնող չէր մտածում, թե ինչպե՞ս է մեծացնելու իր երեխային, պետությունը այդ երեխային ծննդատնից տեր էր կանգնում: Եվրասիական տնտեսական միությունը տանում է դեպի Խորհրդային Միության վերականգնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930