Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի պատասխանը դատախազությանը՝ «Ա1+»-ի լրագրողի հետ կապված գործով

Նոյեմբեր 29,2014 20:15

ՀՔԾ-ի պաշտոնական կայքը ծանուցում է.  2014թ. նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունն /ԳԴ/ իր պաշտոնական կայքէջում հաղորդագրություն է տարածել ,,Ա1+,, հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը վերացնելու մասին:

Հաշվի առնելով հաղորդագրության նկատմամբ հասարակական լայն արձագանքը, ինչպես նաև այդ կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով բազմաթիվ լրատվամիջոցներից հարցումներ ստանալու հանգամանքը, ելնելով հանրությանն անաչառ տեղեկատվության տրամադրման նկատառումներից՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հաղորդագրության մեջ տեղ գտած մի շարք ձևակերպումներին:
Նախ, հաղորդագրության նախաձեռնողին պետք է քաջ հայտնի լիներ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության համաձայն քրեական գործերը քննվում են ոչ թե կազմակերպության այլ նրա կոնկրետ քննիչի վարույթում: Բացի այդ, քննիչի որոշումը վերացնում է, ոչ թե ՀՀ ԳԴ-ն, կամ նրա վարչություններից մեկը, այլ կոնկրետ դատախազը: Նման պարագայում արդեն օրինաչափություն դարձած այն տերմինաբանությունը, երբ հաղորդագրություններում նշվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումը վերացնելու մասին, հանրության մոտ կարող է ստեղծել թյուր կարծիք, թե՝ կոնկրետ հարցի վերաբերյալ առկա է ոչ թե քննիչի և կոնկրետ դատախազի օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դեպք, այլ հանրային նշանակություն ունեցող հարցի կապակցությամբ երկու գերատեսչությունների հակասություն, ինչն իրականում գոյություն չունի: Ընդ որում, դեռևս հարց է, թե այս պարագայում հասարակական հնչեղություն ունեցող դեպքերին օրենքով սահմանված կարգով տրված գնահատականներին առերևույթ չհամաձայնվելու, այդ մասին հանրահաճո արտահայտություններով բարձրաձայնելու ընթացքում ինչ նպատակներ են հետապնդվում:
Ինչևէ, կոնկրետ դեպքում քննարկվող քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման վերացման զուտ իրավական մասնագիտական խնդիրներով հանրությանը չծանրաբեռնելու համար, ընդամենը հարկ ենք համարում նշել, որ պետական մարմնի հավասարակշռված վարքին ոչ հարիր ենք համարում, երբ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե ,,ՀՔԾ-ն նախաքննությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, անձին՝ Մարինե Խաչատրյանին տուժող ճանաչելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում վերջինիս տուժող չի ճանաչել,,:
Տեղին է հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. ,, Տուժող ճանաչելու մասին որոշումն ընդունում է … դատախազը …,,:

Այսինքն, քրեական գործով նախաքննության ընթացքում բավարար հիմքերի առկայության դեպքում դատախազն իրավասու էր կայացնել անձին տուժող ճանաչելու մասին որոշում: Ինչը քննարկվող քրեական գործի նախաքննության շուրջ 1.5 ամսվա ընթացքում դատախազի կողմից չի կատարվել:

Բացի այդ, ավելորդ չենք համարում նշել, որ սույն քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է ՀՀ ԳԴ դատախազի կողմից, այն բանից հետո երբ վերացվել էր արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը և դատախազը գտել էր, որ առկա են հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ:

Եթե հրապարակման հեղինակի մտահոգությունը լրագրող Մարինե Խաչատրյանի՝ որպես տուժողի, իրավունքների պաշտպանությունն է, ապա չենք կարծում, որ դատախազությունը տեղյակ չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի այն դրույթին, համաձայն որի. ,,Եթե այդ պահին հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող…,,

Ակնհայտ է, որ լրագրող Մարինե Խաչատրյանի անձը հայտնի էր քրեական գործ հարուցելու պահին, իսկ սույն քրեական գործը հարուցող դատախազն ինքը կարող էր որոշում կայացնել տուժող ճանաչելու մասին, ինչը չի կատարել:
Զերծ մնալով անձին կոնկրետ դեպքում տուժող ճանաչելու իրավաչափության հարցի մասնագիտական քննարկումից, ընդամենը հարկ ենք համարում փաստել, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հայտնի հաղորդագրությամբ փորձ է արվել հանրային հնչեղություն ունեցող գործով առիթն օգտագործելով՝ հանրության առաջ արժևորել դատախազությունը, մեկ այլ պետական կառույցի աշխատանքները թերագնահատելու հաշվին, առանց անդրադառնալու նույն խնդրի կապակցությամբ դատախազի թույլ տված բացթողումներին:

Գտնում ենք, որ հարկ է, այսուհետ, հանդես բերել ՀՀ գլխավոր դատախազության նման ծանրակշիռ կառույցին բնորոշ զսպվածություն և հանրությանը տրամադրել իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն ընթերցողներին թյուրըմբռնումից զերծ պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Ինչպես երևում է,այս երկու գերատեսչությունների ,,մրցակցությունը,, սրանց շատ հեռու կտանի:Սա դեռ սկիզբն է :Ամեն դեպքում տհաճ է,երբ իրավաբանները իրենց վեճը հրապարակ են հանում`փնովելով միմյանց:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930