Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալան» բոյկոտել է Սերժ Սարգսյանին ուղղված նամակի ստորագրահավաքը

Նոյեմբեր 29,2014 19:41

Հայաստանի մարզերի անալոգային 15 հեռարձակողներ առաջիկա օրերին կդիմեն նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետին ու ԱԺ նախագահին՝ խնդրանք-պահանջով՝ չվտանգել իրենց լինել-չլինելու հարցը:

Հիշեցնենք, որ թվայնացման արտոնագիր չունեցող անալոգային հեռուստաընկերությունները եկող տարվա հուլիսից հետո կհայտնվեն շատ բարդ իրավիճակում՝ փակման վտանգի տակ:

Aravot.am-ի հետ զրույցում  «Լոռի» հեռուստաընկերության հիմնադիր, տնօրեն Նարինե Ավետիսյանն ասաց, որ մարզային հեռուստաընկերություններից միայն «Գալան» է հրաժարվել ստորագրել նամակի տակ՝ հիմնավորելով, որ Սերժ Սարգսյանին ուղղված որեւէ խնդրանք պարունակող նամակի տակ չեն ստորագրի:  «Այնպես չէ, որ թվայնացման արտոնագիր չունեցող հեռուստաընկերությունները թույլ են կամ պարտվել են: Թվայնացման թեման քաղաքական ենթատեքստ ունի: Մենք ընդհանրապես չենք մասնակցել մրցույթին, որովհետեւ արդեն իսկ հաղթողը որոշված էր, որ ավելի չօրինականացնեինք այդ մրցույթ կոչվածը, մենք պարզապես չմասնակցեցինք, բայց դա չի նշանակում, որ համաձայնեցինք այն մտքի հետ, որ անալոգային արտոնագրի ժամկետն ավարտվելուց հետո պետք է դադարեցնենք մեր գործունեությունը: Մտածում էինք, որ ճանապարհներ կգտնենք ու կշարունակենք հեռարձակումը»:

Հիշեցնենք, որ Լոռու մարզում թվային արտոնագրով հեռարձակվում է «Ֆորտունա» հեռուստաընկերությունը:

«Լոռի» հեռուստաընկերության հիմնադիր, տնօրեն Նարինե Ավետիսյան. Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

«Լոռի» հեռուստաընկերության հիմնադիր, տնօրեն Նարինե Ավետիսյան. Լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Նարինե Ավետիսյանը նաեւ ասաց, որ մարզային անալոգային հեռուստաընկերությունների ղեկավարները կներկայացնեն նաեւ համատեղ առաջարկ հեռարձակվելու վերաբերյալ.«Առաջարկում ենք ազատ ընթացակարգով լիցենզիայի տրամադրում»:

Մեր դիտարկմանը, թե  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության ղեկավար Գրիգոր Ամալյանի պնդմամբ, մարզային հեռուստաընկերությունների համար թվայնացման անցնելու խնդիրը 1000-1500 դոլարի սահմաններում հնարավոր է լուծել, Նարինե Ավետիսյանը նախ չհամաձայնեց, որ խոսքը այդքան քիչ գումարի մասին է գնում, հետո ասաց.«Չգիտեմ՝ ինչ հաշվարկներ են, այս պահին ես չեմ կարող ասել, թե ինչքան իրականում կարժենա: Բայց հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով բոլոր մասնավոր հեռուստաընկերություններն ունեն նույն կարգավիճակը, բայց ստացվում է այնպես, որ պետությունը անվճար հնարավորություն է տալիս թվով ինը մարզային հեռուստաընկերության պետության հաշվին հեռարձակվել, որովհետեւ, այսպես ասած, մրցույթում հաղթող են ճանաչվել, իսկ մյուսները ոչ միայն այդ հնարավորությունը չունեն, այլեւ սեփական միջոցներն էլ ներդնելու դեպքում, եթե ցանկություն ունենան շարունակել աշխատանքը, օրենքով նույնիսկ այդ հնարավորությունը չունեն: Այսպիսով, խախտվում է մեր՝ հեռարձակողներիս, իրավունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930