Կազբեկ Տայսաեւի խոսքերով՝ ԵՏՄ-ն կվերածվի եղբայր երկրների միության
Այսօր՝ նոյեմբերի 29-ին՝ Խորհրդային Հայաստանի հռչակման օրը, տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը: Համագումարին մասնակցում էին ոչ միայն Կոմունիստական կուսակցության անդամները, այլ նաեւ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կազբեկ Տայսաեւը եւ Վրաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Տիմուր Պիմպին:
Կազբեկ Տայսաեւը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ ապրելը եւ զարգանալը առանց ընդհանուր միության հնարավոր չէ: Նրա խոսքերով՝ ԽՍՀՄ-ի փլուզումից ոչ մի երկիր չի շահել. «Ամենուր խնդիրներ են, ես հավատացնում եմ, որ միավորելով Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի տնտեսությունները, կստանանք աշխարհում ամենահզոր տնտեսությունը, եւ բոլոր սոցիալական խնդիրները, որոնք ծառացած են մեր մարդկանց առջեւ կլուծվեն: Սրանք դատարկ խոսքեր չեն, սա մեր ծրագիրն է»:
Հարցին, թե այդտեղ Կոմունիստական կուսակցության դերը ո՞րն է լինելու, նա պատասխանեց, որ մինչեւ այս օրը տեղի ունեցած հաղթանակների կազմակերպիչը Խորհրդային միության Կոմունիստական կուսակցությունն է. «Կոմունիստական կուսակցությունը խրախուսում է Եվրասիական տնտեսական միությունը, սա մեր ծրագիրն է, մենք ենք մեր պետությունների ղեկավարներին դրդում, որպեսզի ավելի շատ ինտեգրվեն, ստեղծեն Եվրասիական տնտեսական միությունը, ստեղծեն Մաքսային միությունը»:
Կարդացեք նաև
Նա համոզված է, որ Եվրասիական տնտեսական միությունը կվերածվի եղբայր երկրների միության. «Կոմունիստական կուսակցությունները այլ կուսակցություններից տարբերվում են նրանով, որ մեր ծրագրերում ամեն ինչ ի շահ սովորական մարդկանց է: Նա, ով աշխատում է, իր հայրենի հողում պետք է արժանավայել ապրի: Մենք հավատացած ենք, որ ձեր հետ միացնելով մեր ջանքերը այդպիսի հանրություն կստեղծենք, որտեղ հասարակ մարդը ըստ արժանվույն կապրի իր ընտանիքի հետ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ