Աշոտ Թավադյանը կանխատեսում է հնարավորինս ցածր գնաճ
«Տեղի ունեցավ անընդունելի բան, Կենտրոնական բանկը չպիտի թույլ տար դրամի կտրուկ արժեզրկում»,- այսօր՝ նոյեմբերի 29-ին, «Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նա դրամի արժեզրկումը վտանգավոր երեւույթ է համարում: Ըստ նրա, եթե դրամի ճշգրտման գործընթացը անընդհատ կատարվեր, տնտեսությանը վնասներ չէր հասցնի: Նրա կանխատեսմամբ՝ արդյունքում ռուսական ապրանքները էժանանալու են, իսկ եվրոպականները, ընդհակառակը՝ թանկանալու. «Այս գործընթացի համար մենք կարող էինք ավելի էժան վճարել եւ ստանալ ավելի մեծ օգուտներ: Եթե արտահանողի համար ստեղծում ես հարմար դաշտ, ինքը ոչ թե մտածում է, որ դաշտն ավելի հարմար է, այլ որ այս երկրում ֆինանսական ոլորտում ցնցումներ են սպասվում, իսկ դա վտանգավոր է: Իսկ եթե դա սահուն է արվում, ապա ինքը այսօր 0,1 տոկոս ավել է շահույթ ստանում, հաջորդ ամսում նույնպես: Սահունի եւ կտրուկի միջեւ մեծ տարբերություն կա, կտրուկի դեպքում՝ հիվանդը բուժվում է՝ դառնալով հաշմանդամ»:
Աշոտ Թավադյանը նշեց, որ կանխատեսում է հնարավորինս ցածր գնաճ: Նա խոստովանեց, որ վախեր ունի, որ ռուսական գնաճը փոխանցվի Հայաստան, եւ Հայաստանում դրամական զանգվածը կսկի խեղդվել. «Այսինքն՝ սկսել ավելի թանկ փողի քաղաքականություն վարել: Ավելի լավ է ունենաս 10 տոկոս գնաճ, վարկավորման տոկոսադրույքները լինեն 12 տոկոս, քան ունենաս 3 տոկոս գնաճ եւ վարկավորման տոկոսադրույքները հասնեն մինչեւ 20 տոկոս»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ