Վերջերս համացանցում հաճախ եմ հանդիպում խորհուրդների, որոնք, այսպես ասած «համարակալված» են՝ 7 խորհուրդ՝ նիհարելու համար, 12 խորհուրդ երջանիկ լինելու համար, 16 խորհուրդ, թե ինչպես կարելի է հարստանալ եւ այլն: Այդ «խորհրդաշարերում» լինում են նաեւ արժեքավոր մտքեր, բայց հասկանալի է, իհարկե, որ դրանք թվերով ներկայացնելը սովորական մարքեթինգային քայլ է՝ նյութն ավելի պարզ դարձնելու համար:
Նմանակելով այդ ոճին ես էլ, որպես մարդ, որը կարդալ շատ է սիրում, ուզում եմ խորհուրդ տալ ընթերցողներին՝ ոչ միայն «Առավոտի», այլեւ՝ ընդհանրապես:
1. Կարդալով որեւէ տեքստ, առաջնորդվեք «անմեղության կանխավարկածով»: Այսինքն՝ ենթադրենք, որ հեղինակն անկեղծորեն արտահայտում է իր կարծիքը, ոչ թե կրկնում է ուրիշինը կամ ուղղորդվում է ինչ-որ ուժերի կողմից: Այդ «կանխավարկածը» կարող է սխալ լինել, բայց կարդալու ընթացքում նման կասկածները շեղում են բուն բովանդակությունից: Դեբյուսին իր դաշնամուրային պրելյուդների վերնագրերը պիեսների տեքստերի վերջում էր դնում՝ ունկնդրի երեւակայությունը չկաշկանդելու համար:
2. Կարդալու պահին տրամադրվեք, որ տեքստում արտահայտած որեւէ դատողություն (գնահատական, ոչ թե տեղեկատվություն) չի կարող լինել 100 տոկոսանոց ճշմարտություն կամ 100 տոկոսանոց սուտ: Ոչ մեկին կուրորեն մի՛ հավատացեք եւ ոչ մեկին ի սկզբանե մի՛ վանեք:
Կարդացեք նաև
3. Եթե դուք պատրաստվում եք վիճել որեւէ տեսակետի հետ, անդրադարձեք միայն տեքստում տեղ գտած մտքերին, բայց որեւէ ձեւով մի՛ գնահատեք դրանց հեղինակին: Ես, օրինակ, բացարձակապես չեմ վիրավորվում, երբ մեր կայքում կամ որեւէ այլ տեղում կարծիքներ գրող մարդիկ մեղադրանքներ են հնչեցնում իմ համեստ անձի հասցեին, փորձում են ինձ խոցել, ցավ պատճառել եւ այլն: Ես ոչ մի ցավ չեմ զգում: Խնդիրն ընդամենը բանավեճի մակարդակը պահելու մեջ է:
4. Գնահատեք բուն տեքստը, ոչ թե այդ տեքստի վերաբերյալ ձեր մեկնաբանությունները:
5. Եթե դուք նախօրոք գիտեք, որ որեւէ հեղինակ ստախոս է, կեղծավոր կամ հիմար, մի՛ կարդացեք նրա տեքստերը, խնայե՛ք ձեր նյարդերն ու ժամանակը:
Ահա իմ խորհուրդները, որոնք կարելի է հաշվի առնել կամ չառնել: Կարեւորը՝ կարդացիք: Մնացածը դուք գիտեք:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հինգ խորհուրդ հոդված հրապարակողներին
1.Գրելով որեւէ տեքստ, որը սեփական մտքերի շարադրանք է, առաջնորդվեք հասարակությանը առավելագույնս օգտակար լինելու սկզբունքով և ընթերցողների անկողմնակալության կանխավարկածով, այսինքն հավատացեք, որ մեկնաբանություն գրողը անկեղծորեն արտահայտում է իր կարծիքն ու մտահոգությունը, ոչ թե կրկնում է ուրիշինը կամ ուղղորդվում է ինչ-որ ուժերի կողմից:
2. Մեկնաբանությունը կարդալու պահին տրամադրվեք, որ տեքստում արտահայտած որեւէ դատողություն կարող է և ճշմարտացի լինել, եթե առանց հիմնավոր քննադատության պիտակավորում չէ:
3.Եթե ընթերցողի քննադատությունից փակուղու մեջ եք հայտնվել, որեւէ ձեւով մի՛ թերագնահատեք դրանց հեղինակին, կամ դժվարամարս մեկնաբանությունները ՛՛անզգուշորեն՛՛ սպամ մի ուղարկեք, այլ համեստորեն օգտվեք չպատասխանելու Ձեր իրավունքից:
4.Գնահատեք մեկնաբանության բուն տեքստի հիմնավորվածությունը, այլ ոչ թե ընթերցողներին ներկայացրեք ձեր հերթապահ ՛՛խայթոցները՛՛: Հավատացեք, դրանցից մեկնաբանությունների հեղինակները չեն վիրավորվում, այլ լավագույն դեպքում հիասթափվում են:
5. Եթե դուք տվյալ պահին տեսնում եք, որ որեւէ հեղինակ ստում է, կեղծում կամ հիմարություններ է դուրս տալիս, մի՛զլացեք անմիջապես բացահայտել այդ, դրանով Դուք մեծ հաշվով, կխնայե՛ք ինչպես Ձեր, այնպես էլ ընթերցողների նյարդերն ու ժամանակը:
դիպուկ մեկնաբանություններն ինչքան լավն են….
Ինչքան ժամանակ ես կորցնում մեկնաբանությունների վրա, հարգելի Մարգար Մախսուդյան։
Ով վճարում է, նա էլ պատվիրում է: Կարծում եմ համաձայն եք : Արձագանքում ենք հաճախ ստիպված, հավատացեք: Ինչո՞ւ: Որովհետև մասսայական լրատվամիջոց եք, և ձեր պատվիրված, ուրիշի շահերն արտահայտող հոդվածները կարդում են նաև շատ միամիտ մարդիք: Դուք մեծ վնաս եք հասցնում Պետությանը, կարող է Ձեր ջահելները չեն հասկանում, պայց Դո՛ւք գոնե հասկանում եք: Պ Աբրահամյան, անպայման գալու է ժամանակ, երբ Դուք ափսոսանքով եք հիշելու այս տարիները: Դուք Ձեր թերթով հանդերձ, ամենաիսկական հինգերորդ շարասյուն եք իմ համար: Շատ ցավով եմ գրում, բայց առանց կասկածանքի: Դուք վերածվել եք ուրիշի խոսափողի, «շպանիկ-մոդեռատորով»,իսկ Ձեր աշխատակիցների «գավառական շուստրիությունն» արդեն անցել է չափ ու սահման: «ՉԻ»-ն էլ է օպոզիցիոն թերթ, գոնե նրանցից սովորեք լրագրություն:
Օրինակ Ն Մկրտչյանի նաֆթալինոտ, լալահառաջ, սրտաճմլիկ-լացակումած «գլուխգործոց»-ն ինչո՞ւ եք տպագրել: Հիմա ո՞վ է էդ ոճով գրում, ոնց որ անցած դարի վաթսունականների հոդված լինի: Գոնե մի ճիշտ միտք լիներ տեքստում))))))))))): ………..Եվ ամենակարևորը. իզուր եք դուք ձեզ դրել «դեմոկրատի ու ազատ խոսքի ջատագովի» տեղ: Ձեր աշխատելաձևը ոչ մի աղերս չունի դրանց հետ: Հեենց ձեր «պոչը տրորում են», չեք տպագրում, բայց հաճույքով տպագրում եք Նախագահի, Կաթողիկոսի,……….մասին գրված ամենաայլանդակ վիրավորանքները:
Չգիտեմ, մոդերացիայով չեմ զբաղվում, բայց գոնե իմ հոդվածների տակ ասել եմ, որ եթե բացահայտ հայհոյանք չկա, հրապարակեն: Հուսով եմ, նկատել եք եւ ինքներդ գրել եք «իմ պոչը տրորող» բազմաթիվ մեկնաբանություններ: Ես իսկապես չեմ նեղվում: