Այսօր Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվեց Կարեն Դեմիրճյանին նվիրված ՝ «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը:
Ժողովուրդը Կարեն Դեմիրճյանին ժամանակին շնորհել է «Կարեն շինարար» պատվանունը, որը համապատասխանում է իրականությանը. պարոն Դեմիրճյանի օրոք Երևանում հասարակական նշանակության շատ մոնումենտալ շենքեր ու հուշակոթողներ կառուցվեցին: Այսօրվա ցուցահանդեսում ներկայացված էին 1960-1990 թվականներին՝ դեռևս Սովետական Հայաստանում կառուցված շենքերը, նաև այն կառույցները, որոնք ավարտուն տեսքի են բերվել Կարեն Դեմիրճյանի մահվանից հետո: Այս ամենից բացի, ներկայացված էին նաև բոլոր հեռանկարային ծրագրերը, քաղաքական գործչի ՝ այդպես էլ իրականություն չդարձած երազանքները:
Ծիծեռնակաբերդի զբոսայգու վերակառուցման նախագիծ, մոնոռելսային ճանապարհ դեպի Մարզահամերգային համալիր, «Կոնդը» հանգստի, տուրիզմի, զվարճանքի օջախ դարձնելու ցանկություն…Նախագծերը շատ են: Ցուցահանդեսի այցելուները, քաղաքական ու մշակույթի գործիչները փաստում էին, որ հենց այս պահին ցուցասրահից «սովետի հոտ է գալիս». ավագ սերնդի ներկայացուցիչները նշում էին, որ քաղաքը դեմիրճյանական ոճով կառուցելու դեպքում այն բացարձակ այլ տեսք կստանար:
Ռիմա Դեմիրճյանը, խոսելով ցուցահանդեսի մասին ասաց. « Այս ժառանգության ստեղծմանը շատ շատերն են եղել մասնակից, մի ամբողջ հսկայական բանակ: Ցուցահանդեսը պաշտոնապես նվիրված է Կարեն Դեմիրճյանի հիշատակին, բայց իրականում մենք այս ցուցահանդեսով հիշում ենք, հարգանքի տուրք մատուցում հենց այդ ժառանգությունը ստեղծողներին: Դրանք մեր անվանի ստեղծագործողներն են, ճարտարապետները, նախագծողները, հայտնի շինարարները, մեծ ներդրում ունեցողները՝ սկսած բարձր մակարդակից մինչև շարքային բանվոր, շահագործողները… Շատ մեծ կառույցներ են ստեղծվել Կարեն Դեմիրճյանի ղեկավարման շրջանում: Առանց չափազանցության կարելի է ասել, որ վաթսունականների սկզբից սկսած չի կայացել Հայաստանում մի կառույց, որի ակտիվ մասնակից չլիներ Կարեն Դեմիրճյանը. սկսած Երևանյան լճից մինչև վերջին կառույցներով, բացառությամբ «Ռոսիա» կինոթատրոնի, որի հետ նա առնչություն չի ունեցել: Յոթանասունականներին նվիրված ցուցադրությունները բացարձակապես կապ ունեն Դեմիրճյանի անձի հետ: Մարդ այնպես է ստեղծված, որ չի կարող ապրել ներկայով, հիշողությունները նրան մղում են դեպի անցյալը, հույսերը՝ դեպի ապագան, իսկ բարոյականությունը թելադրում է՝ այդ անցյալը փոխանցել ապագային»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը ցավոտ հիշողություններ է արթնացնում իր մեջ. «Նայելով այս նկարներին շատ տխուր տրամադրություններ է ստեղծվում: Կարեն Դեմիրճյանի օրոք ինչքան շինարարություն է եղել, սա շատ խոսուն ցուցադրություն է այն մասին, թե ինչպես է խորհրդային տարիներին ինքը կարողացել պահապանել ազգային նկարագիրը, ազգային ճարտարապետությունը: Թերևս այն ժամանակ այդպես չեմ գնահատել իրեն, բայց այսօր տեսնում եմ, թե ինչպես է այդ մարդը դիմացելճնշմանը և ինչ քայլերով է պահպանել մեր ազգայինը: Հայաստանի իշխանությունները հիմա նպատակ չունեն շարունակել քաղաքի կառուցումը: Ուղղակի ամաչում եմ. ստացվում է, որ երբ մենք մեր անկախությունը ձեռք բերեցինք, արվեստը փոխանակեցին առևտրի հետ: Իմ մեջ եղած վերքն արնածորում է, երբ նայում եմ այս ցուցահանդեսում տեղ գտած նմուշներին»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հավելեց, որ ցուցասրահում մի ամբողջական ժամանակաշրջանի բնութագիր է ներկայացված. «Ազգային հայրենասիրությունը գրվում է իր ժամանակի հետ, իսկ ժամանակն այնքան էլ հեշտ չէր, ամեն ինչ պայքարով էր իրագործվում: Սովետական միության հզոր մեքենայի պայմաններում, որը շատ դեպքերում ավելի շատ ճնշում էր գործադրում, քան բաց էր թողնվում, հնարավոր դարձավ այս արարումը:
Սա մեծ պահոց է ապագա սերունդների համար: Այդ ժամանակաշրջանը մեր հավիտենությունն ավելի ամրապնդեց»:
Սյունե Սևադա