Լրահոս
Օրվա լրահոսը

Չարն ու բարին

Նոյեմբեր 29,2014 13:28

Տիեզերքն ու երկիրն ամբողջապես կազմված են չարի ու բարու համադրությունից: Շատերի մոտ միանգամից հարց կառաջանա, թե այդ ի՞նչ չար բան կարող է ունենալ տիեզերքը: Միանգամից էլ պատասխանեմ. երկրագնդի վրա կատարվող բազմաթիվ և բազմապիսի աղետալի երևույթներ պայմանավորված են տիեզերքի անմիջական և ոչ անմիջական ազդեցություններով: Այդպիսի ցայտուն օրինակներ կարող են համարվել. երկնաքերերի անկումը, նորմայից գերբարձր և գերցածր ջերմաստիճանների առաջացումը, ցունամիների, հողմերի, մակընթացությունների և տեղատվությունների, հզորագույն կայծակների և նմանատիպ այլ երևույթների առաջացումը երկրի վրա: Ելնելով այն ելակետից, որ չարն ու բարին ամբողջապես ծածկում են երկիրն ու երկինքը, կփորձեմ հետագա ասելիքը կառուցել միայն երկիր մոլորակի կտրվածքով: Այլ խոսքով, չարի ու բարու փոխհարաբերությունները կդիտարկենք մեր առօրյա կյանքում: Ինչպես արդեն ասվեց, մարդկային բազմությունը փեղկված է երկու մասի` չարի և բարու: Միաժամանակ, տարօրինակ է, թե ինչ ասել է չար, եթե չկա բարին և հակառակը: Այլ խոսքով, չարն ու բարին մշտապես փոխպայմանավորված են միմյանցով և մշտապես որոշակի փոխհարաբերության մեջ են: Այժմ ավելի պարզեցնենք և հետագա ասելիքը տանենք մարդու տեսակի կտրվածքով: Երբ ասվում է չար մարդ, դա նշանակում է, որ նրա ուղեղը և հոգին հիմնականում պատված են չարությամբ, որը ոչ այլ ինչ է, քան  նախանձ, նենգություն, չկամեցողություն, որկրամոլություն, ագահություն, դավաճանություն, շնություն ու նմանատիպ այլ հատկանիշներ: Զարմանալ կարելի է չար մարդկանց մտածողության վրա, քանի որ նրանք ամեն ինչից անկախ, շարունակում են իրենց չար գործելաոճը և երբևէ իրենց հարց չեն տալիս, լավ այս ամենն ինչու՞ և մինչև ե՞րբ…: Եթե նրանք չեն գիտակցում, որ իրենց տրված կյանքի ժամանակը շատ կարճ հատված է` համարյա ակնթարթ, այդ դեպքում կարելի է մի կերպ հասկանալ ու ներողամիտ լինել, քազի նրանց ընկալման դաշտը այդպիսին է: Իսկ, եթե նրանք  հստակ հասկանում են, որ կյանքն՝ ընդամենը մի երկարացված երազի է նման և ոչնչի  առջև կանգ չառնելով, փորձում են չարությամբ ոչնչացնել շուրջը եղած ամեն դրականը, դա արդեն անհասկանալի ու լիովին աններելի է: Միթե՞ դժվար է հասկանալ, որ ուրիշի արյան մեջ թաթախված` մի քանի կտոր ավել ոսկի ունենալը կամ մի քանի կտոր ավելի ուտելիք ուտելը, մեծ հաշվով իրենց ոչինչ չի տալիս: Միթե՞ այդ մի քանի կտոր փալաս-փուլուսի դիմաց արժե ծախել հոգին և ուղեղը դնել բազմապիսի լարվածությունների և հարվածների տակ: Միթե՞ կարելի է չհասկանալ, որ անկախ ամեն ինչից, ժամանակը մշտապես և անասելի արագությամբ հոսում է և ամեն հաջորդ վայրկյանը՝ լոկ մի բան է միայն «պարգևում» մարդուն` նրան  մեկ վայրկյանով ավելի է մոտեցնում իր գերեզմանին: Ի վերջո, եթե մարդը չի գիտակցում, թե իր ապրած կյանքով ուր է գնում, այդ դեպքում ինչպես պետք է որոշի, թե այդ ճանապարհին ինչ քայլեր պետք է անի: Չէ՞ որ մարդ արարածի կենսաբանական կառուցվածքը բոլորի համար միատեսակ է, այնպես որ, չար մարդու մեջ նույնպես դրված է որոշակի խիղճ և այլ դրական հատկանիշներ, որոնք ցավոք,  նա երբևէ չի օգտագործում: Չնայած, մարդ արարածը կամովին է կիրառում իր մեջ եղած հատկանիշները, այնուամենայնիվ հարց է առաջանում, թե ինչու՞ չար մարդիկ` գեթ մեկ ակնթարթ չեն մտածում, որ կարելի է այդ դրական հատկանիշներին ևս որևէ կերպ արձագանքել: Եվ ամենաանհասկանալին այն է, թե ինչու, ոչ ուրախությունը, ոչ էլ  տխրությունը, այդ մարդկանց մեջ, մեկ ակնթարթ անգամ խիղճ, գութ և այլ բարի զգացումներ չեն արթնացնում:

Ի վերջո, կյանք կոչվածը խարսխված է մի քանի որոշիչ սրբությունների հիմքի վրա: Չար մարդիկ, իրենց ճանապարհին ոչնչացնում են այդ բոլոր սուրբ արժեքները  և ամայության վրայով շարժվում առաջ: Այ մարդ արարածներ (ցավոք, ձեզ նույնպես մարդ են անվանում), ի՞նչ եք ուզում այս կյանքից: Ի վերջո, ո՞րն է ձեր առաքելությունը: Եթե մարդը չունի այս հարցերի պատասխանները, ապա նրա ապրածը՝ լոկ ունայնություն է:

Չար մարդկանց հոգեբանությունն ընդհանրապես անհասկանալի է, քանզի նրան  տրված՝ ակնթարթի տևողությամբ ժամանակում, ու՞մ և ի՞նչ է փորձում ապացուցել: Հետաքրքիր է, եթե երկրագնդի վրա եղած ամեն ինչը տան նրանց, այդքանից հետո, նրանք արդյո՞ք կգոհանան, գոնե մեկ ակնթարթ բավարարվածության զգացում կունենան, թե՞ ոչ: Ուղղակի, պետք է հասկանալ, որ այս կյանքում մնայուն արժեքները՝ միայն մարդու թողած բարի գործերն են:

Դիմում եմ չար մարդկանց. ցավը մեծ է, քանզի դուք ապրում եք աննպատակ, ապրում եք հագուրդ տալով միայն պահին: Ձեզ համար հաջորդ վայրկյան չկա: Դուք մսխում եք վայրկյանը՝ առանց հաջորդ վայրկյանն իմաստավորելու: Իսկ կյանք կոչվածի միակ իմաստը, ամեն վայրկյան՝ հաջորդող վայրկյանն իմաստավորելն է:

Ես բոլոր չար էակների համար բարձրաձայնում եմ. ձեր հաջողությունը ժամանակավոր է և շատ մի ոգևորվեք, քանզի չափից ավելի ոգևորվածությունը երբեք լավ բան չի խոստանում: Հստակ գիտակցելով, որ դուք` ամենուր չարություն սփռողներդ, վայրկյան անգամ գոյատևելու արժանիք չունեք, այնուամենայնիվ բարու կողմից՝ նախ կլսեք խաղաղվելու և ձեր չար մտադրությունները կյանքի կոչելու մտադրություններից հրաժարվելու հորդորներ և դրանք անտեսելուց հետո միայն, կստանաք ձեզ արժանի հասանելիքը: Չլսված բան է, որ վերջնական արդյունքում, չարը՝ հաղթի բարուն: Դա այնքան անհնար պատահար է, որքան որ, արևն սկսի ծագել արևմուտքից և սկսի հակառակ պտտվել…

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացեր» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930