Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության «փորձաքարը»

Նոյեմբեր 29,2014 10:09

Նիկոլ Փաշինյանի «Իմպիչմենտի մասին նախագիծը» ոչ այնքան նախագիծ է նախագահի պաշտոնանկության մասին, որքան ուղերձ, որի հասցեատերը Եռյակն է: Ինչպես ցանկացած քայլ, որն արվում է ինչ-որ մեկին «ինադու» («այ, հիմա ես կպատռեմ ձեր դեմքը, ցույց կտամ, թե ով է իսկական ընդդիմությունը, բնական լյուստրացիա կանեմ»), այդ քայլը որոշակի հարցեր է առաջացնում: Մասնավորապես, ո՞վ ասաց, որ լինել ընդդիմադիր, պարտադիր նշանակում է պայքարել արտահերթ ընտրությունների համար եւ եթե հանկարծ պարզվում է, որ դու անհապաղ իշխանափոխություն չես պահանջում, ուրեմն, դու իսկական ընդդիմադիր չես:

Հնարավոր չէ՞ ունենալ ընդդիմադիր հայացքներ, համաձայն չլինել իշխանությունների կողմից տարվող արտաքին, ներքին, առաջին հերթին՝ տնտեսական քաղաքականության հետ եւ պայքարել, որ քո կուսակցությունը հաղթի հերթական ընտրություններում: Այդ հարցին բացասական պատասխան տվողները սովորաբար բերում են երկու փաստարկ. ա/ երկիրը կործանվում է, բ/ արտահերթ ընտրություններն ավելի արդար են անցնում, քան հերթականները:

Առաջին փաստարկի մասին ես բազմիցս գրել եմ, ինչ մնում է երկրորդին, ապա իսկույն հիշում եմ 1998-ի նախագահական արտահերթ ընտրությունները, որոնք, իմ կարծիքով, ամենաանարդարն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ նոստալգիկ հիշողություններով ոգեւորված ժողովուրդը անվերապահորեն ընտրել էր Կարեն Դեմիրճյանին: Հիշեցնեմ, որ մինչ այդ «հայտնի ուժերն» իրականացրել էին պալատական հեղաշրջում, եւ հենց այդ ուժերն էլ կազմակերպել էին ընտրություններն այնպես, ինչպես իրենց էր ձեռնտու: Ճիշտ այդպես էլ կարող են անցնել բոլոր տեսակի ընտրությունները՝ հերթական, թե արտահերթ, խորհրդարանական, թե նախագահական: Ընտրությունների արտահերթ բնույթն, այդպիսով, ամենեւին չի երաշխավորում դրանց արդարությունը: Մինչդեռ ինքը՝ «արտահերթությունը» ներքին կյանքում որոշակի լարում է առաջացնում, ինչը մեր իրավիճակում այնքան էլ ցանկալի չէ:

Հիմա, կարծում եմ, ճիշտ ժամանակն է նախապատրաստվել 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին, եւ այդ առումով ամեն մի բնակավայրում ընդդիմության շտաբներ ստեղծելու գաղափարը կարող է արդյունավետ լինել: Դրանց աշխատանքը ես պատկերացնում եմ ոչ այնքան որպես քաղաքական («ընտրեք մեզ»), այլ՝ որպես քաղաքացիական քարոզ. «Ձեր քվեարկության եւ ձայնին տեր կանգնելուց է կախված ձեր բարեկեցությունը: Բարի թագավորներ եւ հրեշտակատիպ հերոսներ չեն գալու՝ գալու են սովորական, բազում մեղքեր ունեցող մարդիկ, բայց մարդիկ, որոնք կախված են ձեզանից եւ որոնց դուք կկարողանաք փոխել ձեր ցանկությամբ»: Ես չգիտեմ՝ բավարա՞ր է արդյոք երկու տարին մարդկանց մեջ այս գիտակցությունը սերմանելու համար, բայց գիտեմ ուրիշ բան՝ առանց այդ գիտակցության արդար ընտրություններ չեն լինելու: Նորմալ երկիր էլ չի լինելու:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. david says:

    ,,Տիտանիկ,,-ում հարուստ թե աղքատ փրկվելու խնդիր ունեին:Նույն նավում էին:Հարուստներն իրար չէին սիրում, բայց գոնե աղքատները չէին ատում իրար:Կապիտանի խոսքն էլ լսում էին, գոնե մինչև ինքնասպանվելը:Ոմանք փրկվելու խնդիր ունեին, ոմանք փրկելու:Ի*նչ է ՀՀ ում ուրիշ բան է կատարվում:

  2. Արմեն Հեշտիա says:

    Պարոն Աբրահամյան,կարծում եմ,որ երբեմն երեվանյան բարբառով արտահայտվող հայտնի կայքը
    Ձեր այս հոդվածից հետո հարձակումների նոր ալիք կսկսի:
    Կներեք,միգուցե սխալվում եմ

  3. Ալեքսանդր says:

    Ինձ թվում է, որ ինձ ու ձեր պես քաղաքացին կարող է ընդիմադիր լինել և քննադատել իշխանությանը առանց իշխանափոխության կոչերի; Սակայն քաղաքական գործիչը պետք է անպայման ձգտի դրան; Այլապես` ինչո՟ւ է զբաղվում քաղաքականությամբ: Եվ կարծում եմ ժամանակն է հասկանանք, որ դա շատ նորմալ է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես ճի՞շտ հասկացա, բոլոր երկրներում ընդդիմությունը պետք է անհապաղ ձգտի արտահերթ ընտրությունների՞, ոչ թե 4-5 տարին մեկ:

      • Ալեքսանդր says:

        Իհարկե ոչ, այլ ըստ սահմանադրության; Խոսքը իմպիչմենտի մասին է, որը, եթե չեմ սխալվում,կարելի է երբ ասես նախաձեռնել, կրկին ըստ օրենքի;

  4. Արսեն says:

    Տրամաբանությունը ճիշտ կլիներ, եթե խոսքը վերաբերվեր ընտրությունների միջոցով իշխանափոխություն թույլ տվող համակարգին։
    Եթե մի քիչ պրիմիտիվացնեք ընտրական համակարգի տրամաբանությունը՝ ստանում ենք, որ չկեղծվող ընտրություններ ունեցող երկրներում՝ իշխանափոխությունը թույատրված է, ասենք 5 տարին մեկ, որոշակի օրը… և հաջորդ 5 տարվա մնացած բոլոր օրերին՝ իշխանափոխությունը արգելված է։
    Կեղծվող ընտրություններով հասարակություններում՝ իշխանափոխությունը արգելված է նաև այդ միակ օրը։ Դե եթե «այդ օրը» մնացած օրերից ոչընչով չի տարբերվում, ինչ նշանակություն ունի, թե այդ օրը կհամընկնի պաշտոնական ընտրության օրվան թե ոչ?… Ւշխանափոխություն անելու համար (չընտրական համակարգի երկրներում)՝ բոլոր «օրերը» նույն են, իշխանափոխություն անելու համար սպասել «թույատրված օրվան» (ընտրությանը) ինքնախաբեություն է (չընտրական համակարգով երկրներում այդպիսի «օրեր», ընդհանրապես, գոյություն չունեն)։
    Հետևաբար՝ իշանափոխություն անելու ցանկություն կամ հնարավություն չկա։ «Կանեմ, բայց ընտրության օրը, որովհետև (ինչ-որ բացատրություն)»՝ սովորական խաբեություն է…

    • Արսեն says:

      Ինչ վերաբերվում է Նիկոլի ցանկությանը՝ «բացահայտել, որ սրանք խաբեբաբեր են»… մի քիչ՝ մանկական խաղ է հիշեցնում ..))..
      Դա հասկացողները, և ըստ դրա գործողները վաղուց և հասկացել և գործում են … իսկ չհասկացողները՝ ափսոս չեն, աստված իրենց հետ…))..

  5. վահան says:

    Իրական են, կեղծ են, դեռ չեն էլ հասկացել նույնիսկ թե ցախավելն ինչպես պետք է կոտրել: Եթե «լիսկո» կոչվող, բացահայտ բազմահանցագործ տարրին, օրինակ, չեն կարողանում դատաստանի ենթարկել, պիրզիդենտին ինչպես են ինպիչմենտ անելու? Վարչապետը քանդեց երկիրն ու դեսպան փախավ, ինչու դատախազ-դատավորներին ինպիչմենտ չարեցին, բացահայտ հանցագործությունն անտեսելու համար? Մեկին, երկուսին որ վարի տան արժանիորեն, մեջներն ահ ու հարգանք կնկնի արդարության նկատմամբ ու ձեւավորված ոհմակը կքանդվի: Պիրիզիդենտը եթե փոխվի էլ ԲԱՆ ՉԻ ՓՈԽՎՒ դրանից: Կարգը պիտի փոխվի!

  6. Լավատես says:

    Ամեն ազգ արժանի է իր կառավարությանը, կավելացնեի՝ ամեն կառավարություն էլ արժանի է իր ազգին: Մենք հոյակապ ժողովուրդ ենք, բայց որպես ազգ նույն մակարդակին ենք, ինչ մեր կառավարությունը: Դրա համար մեր կուսակցությունները, եթե ցանկանում են կառավարության մակարդակը բարձրացնել, պետք է առաջին հերթին բարձրացնեն ժողովրդի մակարդակը որպես ազգ:
    Ա Ով քաղաքացի է կամ ուզում է դառնալ, պետք է երդում տա՝ վերահաստատի կամ հաստատի իր քաղաքացիությունը, ինչպես նորակոչիկն է տալիս զինվոր դառնալու համար:
    Բ Պարտադիր պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը՝ գնա ընտրություններին ու ընտրի, ով չգնաց եւ հարգելի պատճառ չունի, նրան օրենքով դատել, նույնն է, երբ խուսափում են զինվորական ծառայությունից:
    Գ Ով ընտրակաշառք է տալիս կամ ընտրակաշառք վերցնում եւ այլ օրինազանցություն իրագործում՝ ուժեղ հարված հասցնելով օրինավոր քաղաքացիների շահերին, օրենքներ են պետք այդ օրինազանցներին դատելու համար:
    Ու նման բաներ:

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այո. իսկական ընդդիմությունը ԱՄԵՆ (օրինական) միջոց պիտի օգտագործի՝ օր առաջ իշխանության գալու: Ուստի՝ ես ողջունում եմ Ն.Փաշինյանի նախագիծը:

    Որոշ ուրիշ երկրներում չեն գնում անմիջակա՛ն իշխանափոխության ջանքերի,որպեսզի հաջորդ ընտրություններում քվեներ չկորցնեն (ինչպես օրինակ ԱՄՆ-ում է): Բայց սա Հայաստանում անկարևոր է,որովհետև քվեների մի զգալի մասը գնվում կամ «խփվում» է: Այսինքն՝ սպասում են մինչև 2017/2018, որ ի՞նչ անեն: Շտաբերի համար 3-6 ամիսը լրի՛վ բավարար է:

  8. Կարո Մելիքյան says:

    Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության մասով. Սերժ Սարգսյանը, ինքն է ժամանակին,տարբեր առիթներով առաջարկել՝կոռռուպցիայի,տնտեսական հանցագործությունների եւ այլն դեպքում՝ խոշոր ձկներին բռնել գլխից, այնպես որ, Նիկոլի առաջարկը այդ շարքից է։ Մինչեւ այժմ Նախագահի հորդորներին ոչ ոք չի հետեւել, տա աստված,որ Նիկոլի առաջարկը դրանցից տարբերվի։
    Ինչ վերաբերվում է ՝ հերթական, կամ արտահերթ,այստեղ զուր տեղն էք բարդացնում,եթե կա խնդիր,ինչը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, ապա այն անհրաժեշտ է անհապաղ,օր առաջ լուծել եւ չթողնել,որ մետաստազներ տա, եթե իհարկե, արդեն չի տվել։

  9. Հրանտ Պապիկյան says:

    Ամենաանարդար ու դաղալ ընտրությունները մեր երկրում եղել են 1996թ.-ի ՀԵՐԹԱԿԱՆ նախագահական ընտրությունները: Դրանով դրվեց այս երկրում անազնիվ ընտրությունների հիմքը, բայց հաջորդող ընտրություններում այդպես էլ չկարողացան կամ միգուցե և չցանկացան գերազանցել այդ ընտրությունների լկտիության մակարդակը…. Իսկ այդ խայտառակության գլխավոր գործող անձը հիմա հրեշտակի թևերով ու ազգի նվիրյալի դիմակով ՛՛պայքարի՛՛ է կոչում կեղծիքների դեմ իր փայ հարիֆներին, որոնք զարմանալիորեն շատ են… Ինչպես ասում են՝ было бы довольно смешно, если бы не было столь грустно…

  10. Ruben says:

    Հայաստանաբնակներին անհրաժեշտ է վերականգնել հիշողությունը:
    Քաղաքանաբնակ գյուղացիների համար ստեղծել պայմաններ ծննդավայրեր վերադառնալու:
    Վերականգնել (գրավոր, կանոնակարգի ձեւով) հայկական ադաթը (ավանդույթները):
    Բոլոր կրոնական կազմակերպությունները, այդ թվում հյուսիս-արեւելյան «Վատիկանը», վերադարձնել պետական իրավական եւ հարկային դաշտ:
    Հրավիրել Լուկաշենկոին, կամ տիկին Մեհրիբանին, կամ էլ Սաբուրիջիյանին մի երկու տարի նախագահություն անեն:
    Չկառուցել բազմահարկանի հանրակացարաններ (օրինակ՝ Երեւանի բազմահարկանի բնակելի շենքերը):

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930