Լրահոս
Օրվա լրահոսը

Տիեզերական սարդոստայն

Նոյեմբեր 29,2014 16:30

Եվ կեսգիշերային իմ անքնության զրուցակից Նահապետն այս անգամ այսպես խոսեց ինձ հետ.

-Ես հին ու անշտապ մարդ եմ, քանի որ ես ոչ մի տեղ չեմ շտապում, որովհետեւ ինձ սպասող չկա: Ես էի սպասման կենտրոնը, ես էի սպասում եկողին եւ եկողի արդար խոսքին, իսկ բազում եկողներ եկան ու գնացին, բայց ոչ մեկը չբերեց այն, ինչ մենք միամտաբար մտածում էինք, թե կբերեն: Թերեւս այն պատճառով, որ երբ մենք կայինք, իրենք չկային՝ արեւելքի մեր կողմերում: Վաղն էլ են գալու ու էլի չեն բերելու, խոստումներ են հնչեցնելու եւ չեն կատարելու…

Տարօրինակը, սակայն, այն է, որ բոլորը հորդոր-նամակ են ուղարկում, թե կգանք, բայց չեն գալիս: Իսկ երբ գալիս են, նավթախեղդ ձայնով խորհուրդներ են տալիս: Ուստի եւս, ես որոշեցի չսպասել այլեւս որեւէ նամակի եւ ինքս նախաձեռնեցի…
-Հիշի՛ր Հոմերոսին: Երբ Աքիլեսը սպանեց Պրյամոս թագավորի որդուն, թագավորը գնաց հերոսներից մեծագույնի մոտ՝ խնդրելու իր որդու դիակը: Աքիլեսը նրանց ընդունեց մեծարանքով, եւ վերադարձնելով իր թշնամու՝ արդեն զոհված որդուն՝ ճանապարհեց պատիվներով:

Այս պատմությունը մեզ է հասել գրեթե երեք հազար տարվա հեռավորությունից՝ որպես տիեզերական անխախտ օրենք այնուհետեւ ապրողներիս համար:
Իսկ ինչպե՞ս վարվեցին մեր անհասցե քոչվոր հարեւանները մեր զոհված օդաչու զավակների հետ: Ոչ միայն չթողեցին մենք մոտենանք, այլեւ իրենք չուզեցին վերադարձնել՝ խախտելով ի վերուստ սահմանված տիեզերական օրենքը, որը գրված էր մարդու համար, բայց պարզվում է՝ ոչ քոչվորների:

Եվ որովհետեւ այսու ցնցվում են քոչվորական ցեղի պատմության ոսկորները զառամ,- շարունակեց Նահապետը,- ու թերեւս, ճշմարիտ է նաեւ այն, որ հայի չափը չափազանցն է, բայց արդեն ոչ հայի եւ հայի միջեւ: Այնինչ թուրքից բացի կան քրդերը՝ մեր կողքին եւ այսօր մեր պատմական հայրենիքի վրա ապրող, որոնց կերպը մենք պիտի ճանաչենք, քանի որ մեր հարեւաններն են եւ լինելու են այլեւս…

Թուրքն անիծված է, բայց խոսքը՝ իմաստուն, ասում են հայերը: Իմ կարծիքով, սակայն, թերեւս թուրքի գործն էլ է իմաստուն իր ու իր ցեղի համար,- շարունակեց Նահապետը,- հայի վերջին խելքը իմը լիներ, ասում է թուրքը, բայց շարունակում է իր գործը եւ մեզ մնում էր ընդամենը մեր վերջին խելքը…

Տխուր է, բայց մեր պատմությունն է եղել ու մեր անցած կյանքը: Եվ ելնելով դարերով մեր խաբվածության միջից, մենք այսօր փորձում ենք աշխարհի ու թուրքի դեմ մեր խելքի ու գործի տերը լինել եւ բացել արահետը հաղթանակի, քանի որ աշխարհի բոլոր մեծ ճանապարհներն էլ սկզբից եղել են արահետներ, իսկ արահետները համարձակ եւ վճռական մարդկանց ոտնահետքեր են, որոնք այնուհետեւ դառնում են մայրուղիներ ցեղերի եւ ազգերի միջեւ, առավել եւս հայի եւ մեր հարեւան չկայացած թուրքերի միջեւ, քանի որ մենք բոլորս՝ դրսում, թե ներսում, միեւնույն է՝ մեր արյան ճակատագրով կանգնած ենք Արարատի հայացքի առջեւ:

Հետո Նահապետը երկար լռեց, ապա շարունակեց իր խոսքը.
-Տիեզերքը սարդոստայն է, եւ եթե կոպտաբար կտրում ես նրա որեւէ մի թելը, ցնցվում է համամարդկային ամբողջ սարդոստայնը: Եվ եթե չես ուզում ոչնչացնել այդ թելը կտրողին, ապա դու պարտավոր ես հաղթել նրան:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930