ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն, ամեն դեպքում,
դրական են գնահատում վարչապետի նախաձեռնությունը
«Հատկապես վերջին տասը տարիներին հարկային մարմինները գործարարների նկատմամբ տեռոր են կազմակերպում յուրաքանչյուր Աստծո օր: Այդ ժամանակ պետություն չէի՞ն, գործարարների թիկունքին կանգնելու հարց չէ՞ր առաջանում իրենց մոտ: Ի՞նչ պատահեց, որ հիմա հիշեցին»,- «Առավոտի» հետ զրույցում հարցադրումներ հնչեցրեց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը` հիշեցնելով, թե որքան են տնտեսագետները քննադատել կառավարության որդեգրած «հարկային տեռորի» քաղաքականությունն, ինչը վատթարացրեց ողջ տնտեսության, հատկապես մանր ու միջին ձեռնարկատիրության վիճակը:
Բանն այն է, որ երեկ, կառավարության նիստը սկսվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի բավական ուշագրավ հայտարարությամբ. «Ցանկանում եմ ձեզ մի տեսակետ ներկայացնել, եւ դա նաեւ մտահոգություն է: Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից:
Պետությունը պետք է արդյունավետ միջամտի եւ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության եւ ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ, հանձնարարում եմ՝ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:
Կարդացեք նաև
«Որոշումը վատը չէ»,- ասում է Զոյա Թադեւոսյանը` կասկած հայտնելով դրա իրականացման հեռանկարների մասով. «Ես չեմ վստահում, որ նման որոշումներն ամբողջական իրականացվելու են, որովհետեւ այդ որոշումները հասանելի չեն «ներքեւներին», մասնավորաբար, բիզնեսի ներկայացուցիչներին: Դրանք պետք է հասանելի լինեն բոլորին, որպեսզի հնարավոր լինի այն կիրառել»:
Իսկ ի՞նչ քաղաքական ենթատեքստ կամ գուցե զուտ PR ակցիայի նշանակություն ունի այս որոշումը, մեր հարցին էլ՝ տիկին Թադեւոսյանն ասաց, որ ցանկություն ունի դրական միտում տեսնել. «Օրինակ, ես նախկինում երբեք չէի հավատա, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ժողովրդի համար որեւէ դրական որոշում կայացներ պետության, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար: Նրա քաղաքականությունն ամբողջովին թալանի եւ շորթման վրա էր կառուցված: Հիմա, եթե ինչ-որ մի դրական քայլ է արվում այդ քաղաքականությունից շեղվելու, դա միայն պետք է ողջունել»: Տիկին Թադեւոսյանը կարծում է, որ արդյունքի հասնելու համար հարկային մարմինների նկատմամբ վերահսկողական գործողություններ պիտի իրականացվեն, թեժ գիծ գործի, որպեսզի դրական զարգացում լինի:
Վարչապետի քայլը դրական է գնահատում նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, քանի որ, ըստ էության, էապես կրճատվում է հարկային վարչարարությունը: Օպերատիվ-հետախուզական գործողություն հարկային մարմիններն ամեն օր կարող են իրականացնել, վարչապետի հանձնարարականով, այսուհետ այն կլինի տարին մեկ անգամ, չհաշված բացառիկ դեպքերը: Պատգամավորի համար դեռ հստակ չէ, սակայն, այդ «լավ միտքը» օրենսդրական դաշտի հետ ի՞նչ հակասություններ ունի, դրանից բխող հետեւանքներով: Ուստի, նա սպասում է հստակեցումների: Ինչ մնում է կիրառմանը, Միքայել Մելքումյանը չի շտապում մեկնաբանել՝ կյանքը ցույց կտա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2014
Որովհետև հարկայինների սարքոցիների և վարչական դատարանների հետ կապվածությունը վկայող 6 գործ կա Եվրադատարանում: