17-ամյա Պերճուհի Հարությունյանը որոշել է չափահաս դառնալուն պես փոխել իր անունը: Պերճուհին ուզում է դառնա Մոնիկա, որը, նրա կարծիքով, եւ ժամանակակից է հնչում եւ կրճատ տարբերակներն էլ շատ են՝ Մոնա, Մոնո, Մոնի:
«Իմ անունը հայրիկս է դրել՝ մահացած տատիկիս պատվին: Իմ անունն ինձ շատ է խանգարում: Եղել են դեպքեր, երբ բակի երեխաները հետեւիցս անվան հետ կապված ռեպլիկներ են բաց թողել»,- ասում է Պերճուհին:
Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 90-ական թվականներից ի վեր Հայաստանում հայկական անունները նահանջել են՝ իրենց տեղը զիջելով Մոնիկային, Անգելինային, Վանեսային, բայց միանշանակ պնդել, որ հայկական անունները մոռացության են մատնվել, տիկին Կույումջյանը սխալ համարեց: «Այս տարվա հունվար-մայիս ամիսներին աղջիկ նորածիններին ավելի հաճախ տրվել են Նարե, Միլենա, Մարի, Մանե, Անահիտ, Էլեն անունները, իսկ տղա նորածինների առաջին հնգյակում եղել են Դավիթ, Նարեկ, Գոռ, Հայկ, Ալեքս, Էրիկ անունները»,- ասաց տիկին Կույումջյանը: Ըստ նրա, օտարահունչ անուններն ավելի բնորոշ են աղջիկներին: Հոգեբան Անուշ Ալեքսանյանն էլ նշում է, որ երեխաների բացասական վերաբերմունքը սեփական անվան նկատմամբ կախված է նրանց անվան հանդեպ ծնողների վերաբերմունքից:
«Երբ երեխային կնքելով հարազատի անունով՝ նրանից պահանջում են նմանվել տվյալ մարդուն, շատ դեպքերում այդ անունը մնում է փաստաթղթում, իսկ երեխան իր համար նոր եւ ավելի ժամանակակից անուն է ընտրում»,- բացատրում է հոգեբանը՝ խորհուրդ տալով ծնողներին երեխաների համար անուն ընտրելիս ուշադրություն դարձնել ոչ միայն նորաձեւությանը, այլեւ, առաջին հերթին, բովանդակությանը: Պարզելու համար, թե ինչ սկզբունքով են ծնողներն ընտրում իրենց երեխաների անունները «Առավոտը» փոքրիկ հարցում անցկացրեց Երեւանի փողոցներում: «Հայը, եթե հայկական անուն չդնի, ո՞վ պետք է դնի: Շատ երեխաների ծնողներ այսօր տուրք են տալիս օտարահունչ անուններին՝ դրանք համարելով շատ ժամանակակից: Եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն տարին մեկ պետք է անուն փոխենք, որովհետեւ փոխվում են ժամանակները՝ իրենց հետ բերելով նոր անուններ: Ես որոշել եմ, որ երեխաներիս անունները պետք է լինեն բացառապես հայկական»,- ասաց 29-ամյա Անահիտ Գյոզալյանը, որը շուտով առաջին երեխան է ունենալու:
Կարդացեք նաև
Հարցվածներից շատերը գտնում էին, որ «Անահիտ» անունը գեղեցիկ, հայկական եւ աղջիկ երեխաների համար հարմար անուն է: «Պետք է ժամանակին համընթաց անուններ դնել եւ կապ չունի անունը հայկական, թե արտասահմանյան ծագում ունի: Աղջկաս անունը դրել եմ Մադլեն, իսկ տղայինս՝ Ալեն: Շատ գեղեցիկ ու ականջ շոյող անուններ են»,- այս համոզմանն է Արման Դավթյանը: Իսկ 19-ամյա Ալվարդ Կարապետյանը սխալ համարեց երեխային տատիկի կամ պապիկի անունով կոչելը՝ իբրեւ ապացույց ծնողների հանդեպ մեծ սիրո եւ նվիրվածության: «Ես ինքս իմ տատիկի անունն եմ կրում: Փոքր ժամանակ մտքիս դրել էի՝ մեծանամ՝ անունս փոխելու եմ, քանի որ այն ինձ մոտ մի շարք անհարմարություններ էր ստեղծում. մտածում էի, որ ես ու տատս նույն մարդն ենք»: 35-ամյա Գարեգին Գալստյանն էլ պատմեց, որ տարիներ առաջ իրենց տանը կռիվ է ընկել։ Գարեգինի պապը ցանկացել է տղային տալ Մելսիկ անունը՝ հայրը չի համաձայնել. «Պապս սարսափելի ծանր էր տանում այն փաստը, որ ես կրելու եմ ոչ թե իր սիրած, այլ հորս ընտրած անունը: Երկար ժամանակ պահանջվեց նրանից համակերպվելու իմ անվան հետ»:
ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2014
Մի տեղ սխալ է պապի, ապուպապի անունը կրելը, մի տեղ ճիշտ:Համոզված եմ, որ նույնիսկ ճակատագիրը երբեմն նմանվում է:Ցեղասպանություն տեսած պապի թոռը կարող է ցեղասպանության համը զգալ նույնիսկ խաղաղ ժամանակում և ցանկացած անկապ երկրում:Անունները ճակատագրական են լինում:Այնուամենայնիվ խորհուրդ կա պապի, տատի անուններով թոռներին կոչելու մեջ:Ես դստերս կոչելու եմ հայուհի տատիկիս անունով և նա պարտավոր է կրել այդ անունը սիրով :Մայր բառը չի հնանում և երբեք չենք փորձում ավելի փայլուն բառով փոխարինել, ինչու պատվով չկրել նախնիների անունները, ի*նչ խնդիր կա:Պարզապես անունը նաև պատասխանատվություն է:Ծանր է, եթե հանճարեղ պապիդ շատ չես նմանվում:
անհաղթելի հայ օտարամոլը….
Աղջկաս անունը դրել եմ Մադլեն, իսկ տղայինս՝ Ալեն: Շատ գեղեցիկ ու ականջ շոյող անուններ են»,- այս համոզմանն է Արման Դավթյանը…..իսկ իմ սիրտը խառնեց….ինչ զզվելի անուններ են….
իսկ Պերճուհին էլ թող չսպասի չափահաս դառնալուն, ինչ կա սպասելու….թող հենց հիմա դառնա Մոնա….բայց ձեռի հետ էլ թող հետաքրքրվի, թե իտալերեն (վենետիկցիների լեզվով) ինչ է նշանակում մոնա….