ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
«2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ մտնելուց մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 26-ին, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: «Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ անցած տարիներին ՀՀ-ում տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերած օժանդակության, այդ թվում՝ ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ առաջիկա տարիներին այդ աջակցությունը շարունակելու հանձնառության համար»,-Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի այս հաղորդագրությունը խոսուն կերպով վկայում է, որ պաշտոնական Երեւանը քաղաքավարի հրաժեշտ է տալիս Եվրոպային՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը վավերացնելուց առաջ:
ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը հրաժեշտ է տալիս ոչ միայն առաջադեմ, զարգացած եւ քաղաքակիրթ ապագայի՝ թեկուզեւ փխրուն հույսերին, այլեւ Հայաստանը հրաժեշտ է տալիս անկախությանն ու ինքնիշխանությանը՝ ներփակվելով միջազգային հանրության կողմից մերժված երկրների խեցու մեջ: Պաշտոնական Երեւանը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության անկախությունից եւ ինքնիշխանությունից բոլոր ոլորտներում՝ ներքին եւ արտաքին քաղաքականության, պաշտպանության, անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի: Հայաստանի համար չարաղետ այս գործընթացն ընթանում է կուսակցությունների կրավորական համաձայնության, հանրային կյանքի ընդարմացման, մտավորականության, ուսանողության անտարբերության պայմաններում: Հայկական վերջին պետականության նավը ընկղմվում է ռուսական ծավալապաշտության օվկիանոսի հատակը: Չկա անդերսենյան ջրահարսը, որը կփրկի նավաբեկվողների կյանքը եւ իր թեթեւասահ լողասահքով Հայաստանի նավը դուրս կբերի ափ: Ջրահարսի հեքիաթային ուժը հիմա միայն նրանց մեջ է, ովքեր դեռ կարող են ճչալ՝ ձեռքերդ հեռո՛ւ Հայաստանից: Եվ դրանով փորձել ետ պահել նավաբեկվողներին հայոց համազգային ինքնասպանությունից:
Չնայած այն հանգամանքին, որ «2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրին Հայաստանի միանալու պայմանագիրը քաղաքական պայմանագիր է, փաստաթուղթ՝ տնտեսական բաղադրիչով, սակայն ԱԺ նոյեմբերի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները՝ գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, իրենց պատքն էին համարում անվերջ կրկնել, որ սա տնտեսական փաստաթուղթ է: ԵՏՄ պայմանագիրը քաղաքական որակումից զերծ պահելու համար այն քննարկվեց մինչեւ անգամ ոչ թե ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ, որպես կանոն, քննարկվում են միջազգային պայմանագրերը, այլ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Այս փոքրիկ խորամանկության պատճառը մեկն էր՝ «ապացուցել», որ այն տնտեսական փաստաթուղթ է:
Կարդացեք նաև
Ի՞նչն էր մտահոգում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչներին փաստաթուղթը քաղաքական կոչելուց: Ակնհայտ է, որ քաղաքական փաստաթուղթը ենթադրում է քաղաքական գործընթաց՝ քաղաքական պահանջներով, ենթադրվող արդյունքներով կամ հետեւանքներով, իսկ տվյալ դեպքում հետեւանքներն ակնհայտ են՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության կորուստ: Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի փոխարեն որոշումներ պիտի կայացնի Մոսկվան՝ ընտրելով ՀՀ արտաքին քաղաքական գործընկերներին, որոնց շրջանակը նույնքան փոքր է լինելու, որքան այժմ Ռուսաստանինն է. ԵՄ անդամ 28 երկրներն այդ ցանկում չկան, չկան ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, չկան Եվրոպական եւ միջազգային կառույցների մեծ մասը: Արտաքին աշխարհի հետ Հայաստանի շփումները եւ հաղորդակցությունն անցնելու են Մոսկվայով: Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի կամ համահայկական կառույցի հետ յուրաքանչյուր շփում ունենալու համար Հայաստանը պիտի հայցի Մոսկվայի թույլտվությունը: Այս հանգամանքը բնավ չի հուզում համահայկական կառույցներ ունեցող հայկական ավանդական կուսակցություններին, այդ թվում եւ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, որի ներկայացուցիչը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կողմ է քվեարկել ԵՏՄ պայմանագրին դրական եզրակացություն տալուն եւ այն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցնելուն: Թեպետ առավել իրատես լինելու դեպքում պարզ է դառնում, որ Դաշնակցության վարքագծի դեպքում տարակուսելն է տարակուսելի: Պայմանագրին դրական եզրակցություն տալուն «կողմ» են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ գործարար պատգամավորներ Գարեգին Նուշիկյանը եւ Արման Սահակյանը, ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր, ԱԺՄ վարչության նախկին անդամ Միքայել Մելքումյանը: Ի բարեբախտություն, երկու «դեմ» ձայներով պայմանագիրն առնվազն ապտակի է արժանացել՝ Թեւան Պողոսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը «դեմ» են քվեարկել պայմանագրին դրական եզրակացություն տալուն:
Սակայն դա դեռ ամբողջը չէ. խորհրդարանում ԵՏՄ-ական մթնոլորտն «անշրջելի» դարձնելու համար հայ ժողովրդի անկախության իրական թշնամիները՝ տխրահռչակ Կիսելյովի գլխավորությամբ, ժամանելու են ԱԺ՝ Հայաստանի նվաստացումը ամբողջացնելու եւ հպատակություն պարտադրելու համար: Սակայն, եթե Կիսելյովն անարգել մտնի Ազգային ժողով, նշանակում է հայոց խորհրդարանը նույն պահին վերջնականապես կկնքի իր մահկանացուն որպես պետական իշխանության ներկայացուցչական մարմին: Թեպետ Կիսելյովի գալն էլ օրինաչափ է. նա վստահ է, որ ոտք է դնում ռուսական տարածք, ի վերջո, նրա գալով Հայաստանի Հանրապետությունը պետությունից տարածքի է վերածվում:
ԵՏՄ անդամակցումով փոխվում է ՀՀ ողջ օրենսդրական դաշտը՝ այն հարմարեցնելով ԵՏՄ սկզբունքներին: ԵՏՄ-ին է հարմարեցվում նաեւ ՀՀ տնտեսական հիմնարար փաստաթուղթը՝ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքը:
Այս ամենից հետո ռուսաց լեզվի գերակայության եւ ռուսական ռուբլու հաստատումն ընդամենը ժամանակի խնդիր է: Այն էլ՝ կարճ ժամանակի:
ԵՏՄ-ին անդամակցելու անհեռատես եւ կարճամիտ քաղաքականության պատճառով Հայաստանի՝ առանց այն էլ անկայուն տնտեսությունն ամբողջովին կախվածության մեջ է մտնում միջազգային լայնածավալ տնտեսական պատժամիջոցների եւ արգելանքների ենթարկվող երկրից՝ Ռուսաստանից: Փաստաթղթի տնտեսական բաղադրիչը հենց սա է՝ Հայաստանի տնտեսությունը դարձնել ածանցյալ ռուսական տնտեսությունից եւ շուկայից: Մինչդեռ:
Նոյեմբերի 24-ին ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ելույթ ունենալով ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական ակադեմիայում, նշել է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանի տնտեսության կրած վնասների չափը հասել է 40 մլրդ ԱՄՆ դոլարի, գումարած 100 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող վնասը, որ առաջացրել է նավթի գների շուրջ 30 տոկոսի հասնող անկումը: Ռուս փորձագետների կանխատեսումներն աննախանձելի են. ըստ այդ կանխատեսումների՝ ռուսական տնտեսության մեծ ճգնաժամը դեռ առջեւում է, եւ այն վրա կհասնի 2015 թ. առաջին կիսամյակում: Ահա այդ ընթացքում էլ կերեւա Ռուսաստանի տնտեսության առաջին լուրջ փլվածքը: Ռուսական ֆինանսաբանկային համակարգը սասանվում է եվրոպական ներդրումների բացակայությունից: Ահա այս տնտեսական տարածքին է միանում Հայաստանը՝ ռուսական տնտեսության փլատակների տակ մնալու չարաղետ հեռանկարով:
Եվրասիական գործընկերներին նախընտրելով եվրոպական գոծընկերներից՝ Հայաստանը համալրելու է հետադեմ քաղաքական համակարգ ունեցող երկրների շարքը, ուր մարդու հիմնարար իրավունքները ոչ թե պարզապես անարժեք են, այլ հետապնդվում են: Ըստ Freedom house միջազգային կազմակերպության զեկույցի՝ 2008 թ. ի վեր Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն առաջին անգամ ներառվել են «համախումբ ավտորիտար վարչակարգ» ունեցող երկրների շարքում: Ըստ Արտակարգ լրագրության միջազգային կենտրոնի տվյալների՝ Պուտինի իշխանության տարիներին լրագրողների հանդեպ ընդունված քրեական մեղադրանքների եւ դատավճիռների թիվն աճել է այսպես. 2000 – 19, 2001 – 31, 2002 – 49-ի: Լրագրողների վրա հարձակումների առումով 2014 թ. ԵԱՀԿ Խոսքի եւ մամուլի ազատության գծով զեկուցող Դունյա Միյատովիչը լրագրողների անվտանգության առումով իրավիճակը Ռուսաստանում բնութագրել է «սարսափելի»:
Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այստեղ վիճակը նույնքան մտահոգիչ է: «Մարդու իրավունքների խախտումները Բելառուսում համակարգային են եւ համակարգված»,-2014 թ. հունիսին Ժնեւում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Միկլոշ Հարաշտին: Նա նաեւ նշել է, որ Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որի խորհրդարանում քաղաքական ընդդիմությունը ներկայություն չունի: Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ոլորտում իրավիճակը Բելառուսում այժմ ներառված է «չլուծված եւ անելանելի» կրիչի տակ:
Ըստ Մարդու իրավունքների մասին ԱՄՆ պետքարտուղարության 2013 թ. զեկույցի՝ Ղազախստանի իշխանությունները մեղադրվում են ընդդիմադիր քաղաքական գործիչների քաղաքական սպանությունների մեջ: Խոսքի եւ տեղեկատվության ազատության առումով եւս վիճակն աննախանձելի է. ըստ նույն զեկույցի՝ Ղազախստանում սահմանափակված է ինտերնետը: Պետական պաշտոնյաների հասցեին արված զրպարտության մեղադրանքով փակվել են մի շարք թերթեր, կառավարությունը սահմանափակում է խոսքի ազատությունը, կառավարության քննադատությունը, երկրի ղեկավարությունը եւ տարածաշրջանային ղեկավարները փորձել են սահմանափակել քննադատությունը տեղական ԶԼՄ-ներում: Օրենքն արգելում է վիրավորել երկրի նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, նշվում է զեկույցում:
Մարդու իրավունքների եւ ազատությունների առումով այսպիսի հետադիմական երկրների շարքին է պատրաստվում միանալ Հայաստանը՝ իր բազմակի կեղծված ընտրությունների բեռան տակ կքած: Այստեղ արդեն մրցակցելու հնարավորություններ են բացվում՝ որ երկիրն էլ ավելի կսահմանափակի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
2013 թ. սեպտեմբերի 3-ին մոսկովյան իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետությունը հրում է դեպի հետադիմության ճահիճ:
2014 թ. քաղաքական գոլ աշունն ավարտվում է: Քաղաքական եւ օրացուցային ձմեռը սկսում է խորհրդարանում ԵՏՄ պայմանագրի քննարկմամբ: Ազգային ժողովի քվեարկությունը երբեք այսքան կարեւոր չի եղել, որքան կլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակում:
«Ձեռքերդ հեռո՛ւ Հայաստանից»,-այս կոչը նրանց համար է, ովքեր կսեղմեն Հայաստանի հպատակության «կողմ» կոճակը եւ կփորձեն վավերացնել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը:
Ձեռքերդ հեռո՛ւ Հայաստանի անկախությունից:
«Առավոտ» օրաթերթ
28.11.2014
Հուսանք, որ սա Ձեր վերջին «опус»- ն է))))))))