Լրահոս
Օրվա լրահոսը

«Թովմաս Պողոսյանն աշուղական արվեստում արել է այն, ինչ Ալթունյանը՝ ժողովրդականում»

Նոյեմբեր 29,2014 13:30

Գրեթե բոլոր ասպարեզներում, առավելապես՝ մշակույթի ոլորտում, բարձրակարգ մասնագետները սովորաբար լինում են նեղ գործունեությամբ զբաղվող անհատները։ Հազվագյուտ լինելու չափ քիչ են այն արվեստագետները, որոնք կարողանում են իրականացնել բազմաբնույթ գործունեություն՝ լինել գիտնականի չափ գիտակ, ասենք՝ կատարող-երգչի չափ շնորհալի, խիստ կազմակերպված ղեկավար, գրական հսկայածավալ գործունեության հեղինակ եւ մասնագիտական դպրության կազմակերպիչ։ Այդ հազվագյուտ անհատ-արվեստագետներից է ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի, Աշուղների միության, Աշուղագիտական կենտրոնի, Աշուղական երգի Ջիվանու անվան դպրոցի ղեկավար, կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգիչ Թովմաս Պողոսյանը։

Մեր օրերում այս արվեստագետը կարողացավ հարյուրամյակների ավանդություն ունեցող աշուղական արվեստի գոհարները ոչ միայն ներկայացնել իր «բնական» խորությամբ, այլեւ կազմակերպել դրանց հրատարակման գործընթացը, ավելին՝ հիմնել աշուղական դպրոց ու աշուղական կենտրոն, որտեղ հավաքվեց նաեւ նախորդ հարյուրամյակներում ապրած աշուղների գործունեությունը, ինչի մասին նրանք ժամանակին չէին էլ կարող երազել, ուր մնաց՝ իրականացնել։

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը մի առիթով ասել է, թե երկար տարիներ ցավում էինք, որ դադարել է աշուղական երգերի նախկին ազդեցությունը, եւ հիմա անչափ ուրախ է, որ այն վերականգնվել է նոր ուժով եւ նոր հմայքով՝ Թովմաս Պողոսյանի շնորհիվ։
Հաճախ արվեստագետի գործընկերները կամ պարզապես ժողովրդական աշուղական արվեստի երկրպագուները խոստովանում են, որ երբեք հեշտ չի եղել Թովմաս Պողոսյանի համար։ Օրինակ, հենց պարզաբանումներ մտցնելը՝ գուսան եւ աշուղ, գուսանական, ժողովրդական, ազգային-ազգագրական, աշուղական երգերի հետ կապված։ Հենց այս արվեստագետն է հստակեցրել, որ հայ իրականության մեջ գուսանները եղել ու գործել են վաղնջական ժամանակներում, իսկ աշուղները «հայտնվել» են ուշ միջնադարում, եւ մինչեւ հիմա ժողովրդի կողմից երգվող երգերը վերաբերում են հենց միջնադարի եւ ներկա ժամանակների հայ աշուղական երգերին եւ ո՛չ գուսանականին, որոնք մեր բանահյուսության մեջ պահպանվել են միայն «Գողթան երգեր» անվանումով։
Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ժամանակին լավագույնս է բնորոշել Թովմաս Պողոսյանի գործունեությունը. «Այն տպավորությունը, որ ստացա «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի համերգից, գերազանցեց սպասելիքներս։ Շարա Տալյան, Վաղարշակ Սահակյան… այս հայտնի անուններից հետո երկար ժամանակ եղավ ընդմիջում, եւ ահավասիկ, հանդես եկավ Թովմաս Պողոսյանը, որին գիտեի որպես բարձր ճաշակի տեր երգիչ։ Նա իր անսամբլով ոչ թե հակադրվեց նախորդներին, այլ շարունակեց ու տարբերվեց։ Ընդհանրացնելով նկատեմ, որ Թովմաս Պողոսյանն աշուղական արվեստում արել եւ անում է այն, ինչ Թաթուլ Ալթունյանը՝ ժողովրդականում…»։

Էլ չխոսենք, մեր կարծիքով, 60-ամյա արվեստագետի «բազմաժանր» գործունեության մեխը հանդիսացող՝ մերօրյա աշուղների հայտնաբերման ու ձեռնադրման գործընթացի մասին։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Թովմաս Պողոսյանը՝ Սիլվա Կապուտիկյանի հետ:

«Առավոտ» օրաթերթ
28.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930