Լրահոս
Օրվա լրահոսը

Մագիստրատուրան ժամանակի վատնո՞ւմ է, թե՞ մասնագիտացում

Նոյեմբեր 29,2014 13:00

Մասնագիտություն ընտրելիս բոլորն են դժվարանում, հաճախ օգնության են հասնում ծնողները, ինչն ունի իր դրական եւ բացասական կողմերը, քանի որ եթե մարդ չսիրի մասնագիտությունը, երբեք չի կարող հասնել հաջողությունների: Բակալավրիատում կրթություն ստանալուց հետո ուսանողներից շատերը ցանկություն են ունենում կրթությունը շարունակել մագիստրատուրայում եւ այստեղ բախվում են մի շարք խնդիրների:
Արդյոք մասնագիտությունը պե՞տք է փոխել մագիստրատուրայում, մագիստրատուրան կտա՞ այն, ինչ փորձում են սովորել ուսանողները, թե՞ դա միայն գիտելիքներն ամրապնդելու համար է: Այդ հարցերի պատասխանները փորձեցինք պարզել իրենցից՝ ուսանողներից:

Աննա Հակոբյանը 22 տարեկան է, սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» բաժնում: «Մասնագիտության ընտրության կայացման հարցում մեծ դեր խաղաց քույրիկս, ով արդեն սովորում էր այդ բաժնում: Ելնելով այն հանգամանքից, որ այս բաժինը հնարավորություն է տալիս դրսեւորել ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, ես նախապատվությունը տվեցի հենց այս մասնագիտությանը»,- պատմում է Աննան: Երբ արդեն պետք է ընդունվեր մագիստրատուրա, նա տատանվում էր՝ ցանկանալով ընտրել այնպիսի մասնագիտություն, որտեղ իսկապես կկարողանար գտնել իրեն, լիարժեք դրսեւորել իր կարողությունները եւ որոշակի չափով իրականացնել երազանքները, սակայն այն հանգամանքը, որ գիտատեխնիկական առաջընթացն ավելի մեծ մասշտաբների հասավ վերջին տարիներին, կիրառման մեջ մտան նոր տեխնիկաներ, նոր ռոբոտներ եւ ավելի ընդարձակ ոլորտ ստեղծվեց տեխնոլոգիական գիտելիքների դրսեւորման եւ կիրառման համար, Աննան որոշեց չփոխել բաժինը, շարունակել եւ ավելի խորացնել գիտելիքներն իր ընտրած մասնագիտության մեջ: «Կարծում եմ՝ մագիստրատուրայում բաժին փոխելը ներկայիս մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակներում այնքան էլ արդյունավետ չէ: Ուսանողները չեն կարողանում ձեռք բերել նոր մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքները, կարողությունները եւ հմտությունները եւ, հետեւաբար, չեն կարողանում լիարժեք դրսեւորել իրենց եւ դառնալ համապատասխան գիտելիքներով օժտված եւ աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ: Այդ երկու տարին դառնում է անիմաստ ժամանակի կորուստ: Իսկ որպես դրական կողմ, կարող եմ նշել, որ ընդլայնվում է անձնավորության տեղեկացվածության շրջանակը, աճում է զարգացվածության մակարդակը»,-ասաց մեր զրուցակիցը: Նա սովորում է մագիստրատուրայի երկրորդ կուրսում եւ չի զղջում, քանի որ հիմա աշխատում է իր մասնագիտությամբ, դասավանդում է դպրոցում, երեխաներին փոխանցում իր գիտելիքները եւ փորձում ապագա սերնդին նախապատրաստել՝ տեխնոլոգիական զարգացման ահեղ դարաշրջանում իրենց լիարժեք դրսեւորելու համար: «Պատրաստում եմ ապագա տեխնոլոգներ, ովքեր կնախագծեն նոր ռոբոտներ, նոր տեխնոլոգիաներ, որոնք կգան օգնելու եւ թեթեւացնելու մարդկանց կյանքը»,- ավելացրեց Աննան:

Էսթեր Աբաջյանը նույնպես սովորել է ՀՊՄՀ-ի «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» բաժնում, սակայն նա մագիստրատուրայում փոխել է իր բաժինը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդու կյանքում կարեւոր է ճիշտ ընտրված մասնագիտությունը: «Շատ ուսանողներ ժամանակի ընթացքում հասկանում են, որ ճիշտ մասնագիտություն չեն ընտրել եւ մագիստրատուրան հնարավորություն է տալիս, որպեսզի ուսանողները ստանան այնպիսի կրթություն, որն ավելի հոգեհարազատ է իրենց: Այդպես եղավ նաեւ ինձ հետ: Ինչպես նշեցի, սովորել եմ ՀՊՄՀ «Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն» բաժնում եւ մասնագիտությամբ մենք ստանում էինք նաեւ տնտեսագիտական կրթություն: Տնտեսագիտական առարկաները ես սովորում էի մեծ սիրով ու հետաքրքրությամբ: Որպեսզի էլ ավելի հմտանայի այդ բնագավառում, որոշեցի մագիստրատուրան սովորել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Ֆինանսներ» բաժնում»,- պատմեց Էսթերը:

Երբ նա ընդունվեց այդ բաժինը, մտավախություն ունե՞ր, արդյոք, որ կարող է յուրացնել այդ մասնագիտությունը կարճ ժամանակում, կարող է հետ չմնալ այն համակուրսեցիներից, որոնք 4 տարի շարունակ ստացել են տնտեսագիտական կրթություն: «Բնականաբար, սկզբից դժվար էր: Ես անընդհատ մասնագիտական գրքեր էի կարդում, կատարում էի բոլոր հանձնարարությունները, սովորում բոլոր առարկաները եւ ամենակարեւորը՝ այդ ամենն անում էի մեծ սիրով: Ես այս ընթացքում այն հասկացա, որ կապ չունի՝ անձը 4 տարի է սովորում այդ մասնագիտությունը, թե 2, կարեւորը կամքն է, աշխատասիրությունն ու ցանկությունը: Այժմ աշխատում եմ «Անելիք բանկի» վարկային բաժնում, եւ իմ կրթությունն ինձ շատ է օգնել աշխատանքում»,- նշեց Էսթերը: Նա կարծում է, որ մագիստրատուրայի բաժինը փոխելու դրական կողմն այն է, որ յուրաքանչյուրը, բացի 1 մասնագիտությունից, կարող է ձեռք բերել նաեւ 2-րդ մասնագիտություն, ինչը ներկայիս ժամանակաշրջանի համար շատ դրական է: Դրական կողմը նաեւ այն է, որ յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել մասնագիտության ընտրության հարցում, իսկ մագիստրատուրան հնարավորություն է տալիս ուղղել այդ սխալը. «Մագիստրատուրան ինձ շատ բան սովորեցրեց: Ձեռք բերեցի բավականին գիտելիքներ, որոնք կիրառում եմ նաեւ առօրյա կյանքում»:

Տիգրանուհի Թասլակյանը սովորել է ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի «ռադիոլրագրության» բաժնում։ Ասում է. «Երբ եկավ մագիստրատուրա ընդունվելուս ժամանակը, որոշեցի բաժինս փոխել, որովհետեւ արդեն բավականին հմտացել էի իմ մասնագիտության մեջ ու արդեն աշխատում էի որպես լրագրող, ինձ միայն տարիների փորձն էր պակասում՝ առավել հմտություններ ձեռք բերելու համար, գիտեի նաեւ, որ նոր բաներ մագիստրատուրայում չեմ անցնելու: Մտածեցի շատ երկար ու որոշեցի մագիստրատուրայի հայտ ներկայացնել ՍՄԳ կառավարում՝ մենեջմենթ բաժնում, ինձ այս մասնագիտությունը եւս հետաքրքրել է միշտ, ուզում էի նոր բաներ իմանալ ու գիտելիքներ ձեռք բերել նաեւ այս ոլորտում»: Տիգրանուհին բաժինը փոխելիս դժվարությունների չհանդիպեց, ըստ նրա՝ դասերը բարդ չէին, հեշտ էր յուրացնում, ընդ որում՝ առարկաները չափազանց քիչ էին ու կարելի է ասել՝ իր պատկերացումներն ամբողջովին փոխվեցին այդ մասնագիտության մասին. «Մենք անցնում էինք հիմնականում ոչ մասնագիտական առարկաներ: Ըստ իս՝ ամեն ինչ տրամադրվածությունից է կախված, եթե դու գնում ես սովորելու, եթե դու ուզում ես սովորել, քեզ համար հեշտ կլինի ու դժվարություններն էլ աննշան կթվան»: Նրա խոսքով, մագիստրատուրայում մեկ-երկու մասնագիտական առարկաներ կային, որ իրեն որոշ բաներ սովորեցրին, ավելի ճիշտ՝ օգնեցին ընդհանուր պատկերացում կազմել այդ մասնագիտության մասին, մնացած բոլոր առումներով նա ուղղակի ժամանակ է վատնել, ինչը կարող էր ավելի արդյունավետ անցկացնել։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Ձև է և անցածի, իմացածի երբեմնի կրկնություն:Բոլոր քիչ թե շատ խելոքները այսպես են ասում, բայց թղթի խնդիր են լուծում դիմանալով:Կրթություն գոյություն չունի և դրա հետևանքն է այսօրն ու գալիքը: Ձևական , ցուցադրական կրթության, կամ հարկի ազգային տեսակի օ.գ.գ-ն արժանի է միայն ծիծաղի:

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Բառացիորեն` ժամանակի և ֆինանսական միջոցների աննպատակ կորուստ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930