4 տարի առաջ գրել ենք, որ «Գետն գրուպ» ՓԲԸ-ն Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղում գտնվող կարմիր քարի հանքավայրը շահագործում է օրենքի խախտումներով: Այժմ քրեական գործ է հարուցվել այն կապակցությամբ,որ այդ հանքավայրը շահագործելու համար «Գետն գրուպ» ՓԲԸ-ն տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել Սեքարի գյուղապետարանի հետ:
Այդ գործը քննում է Տավուշի մարզային քննչական վարչությունը: Սեւքարի գյուղապետ Թաթուլ Թելոյանը հայտնեց,որ հանքավայրն արդեն 2 տարի չի շահագործվում քարի հանքավայրի գտնվելու կոորդինատները փաստաթղթերով ճշտելու հետ կապված խնդիր կա:
Գյուղապետին հարցրինք, թե ով է ղեկավարում այդ ձեռնարկությունը: Նա ասաց, որ ընկերության տնօրենները հաճախ են փոխվում: Մեր տեղեկություններով՝ հիշյալ ընկերությունն առնչվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ բարձրաստիճան եւս 3 պաշտոնյաների հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ